Նոր մոդա. Թաղում` էկո և պլանավորված. Ինչպե՞ս մեռնել առանց բնությունը վնասելու

June 8, 2016

Ջեյք Սենյուկն ամերիկացի նկարիչ էր: Նա քաղցկեղ ուներ: Ախտրոշումը ցնցել էր ոչ միայն Ջեյքին, այլ նաև նրա հարազատներին: Ջեյքը միշտ վարել էր ակտիվ կյանք, զբաղվել էր սպորտով, երբեք չէր դժգոհել առողջությունից: Ուրախ մարդ էր, արվեստագետ, բնության որդի և միշտ լավատես: Այդ լավատեսությունն էլ ստիպեց նրան նոր ավյունով պայքարել հիվանդության դեմ: Ջեյքն ընդունեց քիմիաթերապիա, անցավ ճառագայթման կուրսերը: Փորձեց ավանդական ու ոչ ավանդական բուժման ձևերը, սակայն ամեն ինչ անօգուտ էր: Նրան ոչինչ փրկել չէր կարող. մահն անխուսափելի էր:
Ահա այդ ժամանակ էլ որոշեց ծրագրել իր թաղման արարողությունը:
Ամերիկյան հուղարկավորության տարբերակներ …
ԱՄՆ-ում ընդունված է թաղման մի քանի արարողակարգ: Բնակչության գրեթե կեսը նախընտրում է հանգուցյալի մարմինը հողին հանձնել մետաղե կամ փայտե դագաղով: Այն դրվում է նախապես պատրաստված բետոնապատ փոսում: Մարմինը մշակվում է հատուկ քիմիական նյութերով` այն արագ քայքայումից պաշտպանելու համար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն տարի այսպիսի թաղման արարողություն կազմակերպելու համար օգտագործվում է ավելի քան 30 միլիոն խորանարդ մ փայտ, 1.6 մլն տոննա բետոն, ավելի քան 3 մլն. լիտր զմռսահեղուկ և 90 հազար տոննա պողպատ (այսքան կշռում է Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» պողպատե կամուրջը):
Մյուս ընդունված տարբերակը դիակիզումն է: Սա էլ բնության համար այնքան անվտանգ չէ, որքան ներկայացվում է:

Դիակի կիզման համար օգտագործվում է 106 լիտր վառելիք, մթնոլորտ է արտանետվում 245 կգ ածխածնի երկօքսիդ:

Այս թվերը բազմապատկեք 1 միլիոնով, կհասկանաք, թե մեկ տարվա ընթացքում ինչքան վնաս է կրում բնությունը դիակիզումից: Ավելի պարզ՝ յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում դիակիզման հետևանքով մթնոլորտ է արտանետվում 270 հազար տոննա ածխածնի երկօքսիդ: Դա ավելին է, քան մեկ տարում 22 հազար տուն ջեռուցելու համար մթնոլորտ արտենատվող ածխաթթու գազի քանակը:
Մահվան կանաչ ուղին…
Ջեյքն իրեն համարում էր բնության որդի, նա բնության ծնունդ էր, բնության գրկում մեծացած և իր գիտակից կյանքի ընթացքում երբեք չէր վնասել բնությունը: Հիմա էլ, երբ հաշված օրեր էին մնացել վերջին հրաժեշտին, որոշեց մահից հետո էլ չվնասել: Նա ընտրեց հուղարկավորության այն ուղին, որով իր նախնիներն էին հազարամյակներ շարունակ գնացել այն աշխարհ՝ մահվան կանաչ ուղին:
Որոշումն օրինական էր, սակայն իրականացնելն էր դժվար:
Հուղարկավորությունը խոշոր բիզնես է` տարեկան 20 մլրդ դոլար եկամտով:

Ոլորտը կենտրոնացված է մեկ հսկա ընկերության ձեռքում՝ Service Corporation International (SCI): 4 մլրդ դոլար շուկայական կապիտալով ընկերությունն ունի 20 հազար աշխատակից: ԱՄՆ-ում գտնվող գերեզմանոցների մեծ մասը գործակցում է հենց այս ընկերության հետ:
Ջեյքի հարազատները մեծ դժվարությամբ գտան այն ընկերությունը, որը համաձայնեց Ջեյքի մարմինը հողին հանձնել այնպես, ինչպես ինքն էր ցանկանում՝ առանց զմռսման ու առանց դիակիզման, պարզապես մարմինը շորով փաթաթելով ու փոսը դնելով: Դրա համար անհրաժեշտ էր չոր սառույց, որը կօգներ մինչև թաղումը մարմինը սառը պահել ու թույլ չտալ փտել: Այդպես էլ արեցին: «Ջեյքն ասում էր՝ այս ամենին նայեք որպես սյուրռեալիստական ստեղծագործության», - հիշում են հարազատները:
Նա հիվանդանոց չգնաց, վերջին օրերն ու վայրկյաններն անցկացրեց տանը, հարազատների հետ: Դա նման էր թերապիայի, որը հարազատներին օգնում էր ավելի հանգիստ հրաժեշտ տալ Ջեյքին: Նրանք զրուցում էին, հիշում հետաքրքիր դեպքեր, անգամ՝ կատակում: Ջեյքն էլ կատակում էր նրանց հետ…
Հրաժեշտ Ջեյքին…
Պայծառ ու արևոտ մի օր Ջեյքը հեռացավ կյանքից: Այնքան հանգիստ ու ժպիտը դեմքին, որ թվում էր, թե նա քնել էր, ննջել հավերժ: Ջեյքին 3 օր պահեցին տանը, այնքան, որքան թույլ էր տալիս օրենքը: Այդ օրերին հարազատներն էլի նրա կողքին էին: Ասում էին՝ տպավորություն էր, թե նա դեռ իրենց հետ է, մի խոսք կամ մի շարժում` և նա նորից գլուխը կթեքի ու զրույցի կբռնվի, կծիծաղի ու կարձագանքի կատակներին:
Երրորդ օրը Ջեյքին փաթաթեցին սպիտակ սավանով և ուղևորվեցին գերեզմանատուն: Հետո մարմինն իջեցրեցին փոսն ու ծածկեցին հողով: Վեց շաբաթ հետո Ջեյքի որդին կատարեց հոր վերջին խնդրանքը՝ նրա գերեզմանին վարդեր տնկեցին:

Հեղինակ` Քրիստինա Գասպարյան