Ցենզուրայի ու պրոպագանդայի, բարակ և պիրկ սեղմված շրթունքներով գրաքննիչների մասին

November 28, 2014

Ցենզուրան և պրոպագանդան երկվորյակ եղբայներ են: Դրանք միշտ միասին են հյուր գնում մարդկանց, միասին են խեղում մարդկանց ճակատագրերը, միասին են խժռում իրենց զոհերի հոգիները: Գրաքննությունն ու քարոզչությունը եղել են, կան ու կլինին այնքան ժամանակ, քանի կան պետությունը, եկեղեցին և կուսակցությունը:
Գրաքննել նշանակում է քաղաքական նկատառումով փոփոխել գեղարվեստական, պատմական կամ լրատվական տեքստը, կրճատել այն, հավելել կամ արգելել: Գրաքննության թիրախում միշտ լրատվությունն է, քանի որ տեղեկությունների անվերահսկելի տեղաշարժը հանգեցնում է գաղափարների տեղաշարժի անվերահսկելիության: Գրաքննությունը լիարժեք ռեալիզացվում է նաև կինոյում, բեմում, նկարչության ու երաժշտության մեջ, ռադիոյում, կայքերում, նամակագրության մեջ, մոդայում, երգերում, հեքիաթներում, առակներում, կենացներում:
Գրաքննությունը պետության սիրած զբաղմունքն է, եկեղեցու գործունեության հիմքը, կուսակցության գերխնդիրը: Ցենզորը միշտ մյուսներից լավ գիտի, թե որ տեղեկությունն է ճիշտ, օգտակար, նպատակահարմար, կարևոր, ուշադրության արժանի, տարածման համար պիտանի, և որը` ոչ: Գրաքննիչ դառնալու համար շատ բան պետք չէ. ընդամենը պետք է լինել պետության պտուտակ, եկեղեցու նվիրյալ, կուսակցության գաղափարախոս, շրջահայաց ֆունկցիոներ, պետք է կրել մուգ կապույտ կոստյում, ունենալ միջին մակարդակի բարձրագույն կրթության վկայական, լինել անդրդվելի, չտրվել զգացմունքներին, ունենալ ղեկավարության հետ չվիճելու ձիրք, բարակ և պիրկ սեղմված շրթունքներ, տարատեսակ սև ցուցակների լիակատար ժողովածու:
Պրոպագանդան ունի գեղարվեստական, պատմական կամ լրատվական տեքստերի բոլոր հիմնարար հատկանիշները, բայց նաև ունի մի քաղաքական գերնպատակ. տարածել ա՛յն հայացքները, ա՛յն փաստերն ու փաստարկները, ա՛յն տեղեկություններն ու կեղծ լուրերը, որոնք կձևավորեն քարոզչի համար ցանկալի հասարակական կարծիքը: Քեզ համար նախընտրելի ինֆորմացիան կրկնիր մի քանի տասնյակ կամ հարյուր կամ հազար անգամ` ամեն անգամ անելով աննշան հավելումներ ու շեշտադրումներ, դա արա համոզիչ ու տպավորիչ` և կարող ես վստահ լինել, որ քո ձևակերպած ամենահիմար միտքն էլ շուտով որպես գերագույն ճշմարտություն թութակի պես կկրկնեն հազարավոր ու տասնյակ հազարավոր պրիմիտիվ արարածներ:
Պրոպագանդիստներն օգտագործում են ապատեղակատվությունը, կինոն, թատրոնը, նկարչությունն ու երաժշտությունը, ռադիոն, հեռուստատեսությունը, թերթերը, կայքերը, երգերը, նրանք բարեխղճորեն տպում ու տարածում են գրագետ կազմված թռուցիկներ, կազմակերպում են պաթետիկ բնույթի զանգվածային միջոցառումներ: Քարոզիչ դառնալու համար շատ բան պետք չէ. դերասանական ձիրք, ազգի գործին նվիրված մարդու արտաքին, հռետորական որոշ հնարքների իմացություն, անդունդի եզրին հայտնված հայրենիքի ճակատագրով մտահոգ մարդու խոժոռ ունքեր, նույնիսկ անմիջական ղեկավարին տարհամոզելու վտանգավոր մղում և մեծ գործի հնարավոր նահատակին արժանի ռոճիկ: