Մշակութային շոկ. երբ արտասահմանում զարմանում են հայուհիների շպարվելու սովորության վրա

April 26, 2017

Երբ մարդ արտասահման է մեկնում ապրելու, մշակութային շոկ է ապրում: Խոսքը զբոսաշրջիկի ստացած փայլուն տպավորությունների մասին չէ: Մեկ շաբաթով հանգստի մեկնած տուրիստի զարմանքը, հիացմունքը բնական են օտար երկրներում: Սակայն միանգամայն այլ է արտասահմանում կես տարի կրթություն ստացող կամ մեկ-երկու տարով աշխատանքի մեկնած մարդու հոգեկան վիճակը, երբ նա սկսում է տևական ժամանակ աշխատել, սովորել ու ապրել տեղացու պես, կոմունալ վճարումներ անել, տրանսպորտի մշտական գնել, փոքրիկ խանութներում առևտուր անել:
Մշակութային շոկի մասին տեղյակ էի նախքան Ռումինիա մեկնելս, բայց մի բան է լսելը, մեկ այլ՝ զգալը: Եվրոպական մշակույթի հետ առաջին անգամ առնչվելիս ես մի քանի ամիս շարունակ գրեթե ամեն օր մշակութային շոկ էի ապրում:
Գերմանացի, թուրք,վրացի, սլովեն ու հունգար համակուրսեցիներս մեր տանն էին ապրում: Հետաքրքրականն այն է, որը արտասահմանցի ընկերներիս համար էլ իմ մտածելակերպը, կենցաղում վարվելակերպն էր օտար, անհասկանալի ու շոկային: Օրինակ՝ նրանց համար անհասկանալի էին իմ ամենօրյա տեսազանգերը ծնողներիս, որովհետև նրանցից շատերը 16 տարեկանում լքել էին հարազատ տունն ու ինքնուրույն կյանքով ապրել, ոմանք իրենց ծնողներին այցի են գնում տարին մեկ կամ երկու անգամ:
Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու են փողոցում մարդիկ ինձ տարօրինակ նայում, երբ աշխատանքի եմ գնում: Մի անգամ գերմանուհին հարցրեց, թե որևէ խնջույքի՞ եմ պատրաստվել: Ես, անշուշտ, փորձեցի բացատրել, որ Հայաստանում աղջիկները սիրում են հարդարվել: Բայց կարճ ժամանակ անց ինքս թողեցի հայուհիներին բնորոշ այդ գիծն ու նմանվեցի բոլորին՝ առօրյայում լինելով պարզ ու հասարակ:
Հետաքրքրականն այն է, որ weekend-ներին սենյակիս դռան մոտ հերթ էր գոյանում, որովհետև party-ի շտապող աղջիկները խնդրում էին, որ շպարեմ իրենց: Պահպանողական տղամարդու դերն առավել կարևորող հասարակությունից դուրս եկած աղջկա՝ ինձ համար ապշեցուցիչ էր այն, որ գնացքում ամբողջ ճանապարհին իրար գուրգուրող սիրահար զույգը վճարելու ժամանակ դարձավ 2 հոգի, յուրաքանչյուրը վճարեց իր համար: Առհասարակ տղամարդն իր փոխարեն էր վճարում, կինը՝ իր:
Մշակութային մեծագույն շոկ ապրեցի, երբ բացահայտեցի, որ Ռումինիայում ավտոստոպ երևույթը միանգամայն նորմալ է, այնինչ Հայաստանում առաքինի աղջիկները փողոցում ուղղած բթամատով մեքենա չեն կանգնեցնում:
Բայց արի ու տես, որ 8 ամիս անց ես ավտոստոպով ու առանց որևէ խնդրի Բոսնիա և Հերցեգովինայից հասա Խորվաթիա:
Մշակութային շոկը կարող է ձգվել մի քանի ամիս: Եվ հենց այս ընթացքում է, որ մարդ ամեն ինչը համեմատում է սեփական երկրի ու արժեքների հետ: Սկսվում է կարոտախտը, սեփական երկրի գերկարևորումը, ու այս ամենը կարող է ուղեկցվել լուրջ դեպրեսիայով: Հենց այս ընթացքում էր, որ սենյակումս մենակ, անօգնական ջերմում էի, իսկ իմ եվրոպացի ընկերների մտքով անգամ չէր անցնում թակել ու հարցնել, թե ինչպես եմ:
Մշակութային շոկը տարբեր կարող է լինել՝ ըստ մշակույթների ցայտուն տարբերության ու նմանության. օրինակ՝ վրացական կամ ռուսական մշակույթը՝ մեզ համար: Անա Ֆրելուն անգամ քարտեզի վրա չգիտեր Հայաստանի տեղը, բայց մշակութային շոկ գրեթե չապրեց Հայաստանում բնակվելիս: Պորտուգալուհու համար Հայաստանի տրանսպորտը, դրա աշխատելու մեխանիզմը տարաշխարհիկ երևույթի բացահայտում էր, սակայն սովորեց, որ այստեղ պետք է բղավել՝ կանգառում կանգնեցրե՛ք, ոչ թե ազդանշանի կոճակը փնտրել: Անան պատմում է, որ Պորտուգալիայում ծնողները հայ ծնողների պես ուշադիր են երեխաների նկատմամբ, բայց ի տարբերություն մեզ՝ ժամային սահմանափակումներ չեն պարտադրում:
Օրինակ՝ պորտուգալացիները 20:00-ին ընթրում են և միայն 23:30-ին ժամանցի վայրեր հասնում, որովհետև ավելի շուտ դրանք չեն աշխատում: Իսկ Հայաստանում 23:30-ին աղջիկներն արդեն պետք է տանը լինեն: Անան ասում է, որ հայերը պորտուգալացիների պես ջերմ են, օտարերկրացու հանդեպ ուշադիր և օգնող: Նա զարմանում է, թե ինչպես է հնարավոր, որ այդքան հեռու երկրներն այդպես նման լինեն, և օրինակ է բերում ուշանալու և ժամանակին չհասցնելու սովորույթը:
Անան Հայաստանում մեկ տարի կամավոր է եղել ու վերադարձել է Պորտուգալիա, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է Հայաստան՝ հիմնական աշխատանքի անցնելու համար: Ասում է՝ փողոցում հաճախ են մոտենում ու որևէ բան հարցնում՝ կարծելով, թե հայուհի է: Հայկական մշակույթին ու կենցաղին մերված պորտուգալուհին հաճույքով է ճամփորդում Հայաստանի մարզերում: Ասում է՝ այստեղ ավելի շատ է ճամփորդել, քան սեփական երկրում, և երբեք օտարություն չի զգացել:
Այլ երկրում ինտեգրվելուց և պայմաններին հարմարվելուց հետո սկսվում է հակադարձ շոկը, որը մարդ ապրում է հայրենիք վերադառնալիս: Ծովինար Բանուչյանը մի քանի տարի շարունակ սովորել ու աշխատել է Փարիզում և ամեն անգամ Երևան վերադառնալիս հակադարձ շոկ է ապրում: Պատմում է, որ Հայաստանում հակադարձ շոկ ապրեց, երբ գործնական ժամադրությանը դասախոսն ուղիղ 2 ժամ սպասեցրեց: Կյանքի ռիթմը փոխվում է Հայաստանում. դանդաղում է, մինչդեռ Փարիզում մարդիկ առավոտյան 6-ից շտապում են աշխատանքի, դասի:
Նորաձևության կենտրոն համարվող Փարիզի հայ բնակչուհու համար աչք ծակող են եղել հայուհիների երեկոյան շպարն ու բարձրակրունկ կոշիկները: Ծովինարը Հայաստանը Ֆրանսիայի հետ երբեք չի համեմատել, բայց ամեն անգամ Հայաստան վերադառնալիս ուզում է իր երկիրն առավել ժողովրդավար տեսնել: Նշում է, որ տարբերությունները շատ են, և վերադառնալիս առավել ցայտուն են երևում մարդկանց պրոբլեմներն ու առօրյա հոգսերը:
Մշակութային շոկից խուսափելն անհնար է, սակայն այն ավելի թեթև ապրելը բարդ չէ: Հարկավոր է ինտեգրվել նոր կյանքին, ընկերներ ձեռք բերել, ապրել նոր արժեքներով:

newmag #76