Ո՞ր հայ պատգամավորներն են երբևէ զրկվել անձեռնմխելիությունից և ինչո՞ւ

June 20, 2018

Անկախ Հայաստանի խորհրդարանում սա առաջին դեպքը չէր: Տարբեր տարիների ընթացքում մի քանի պատգամավորներ նույնպես զրկվել են անձեռնմխելիությունից:




  • Վանո Սիրադեղյան


Առաջին պատգամավորը, որ զրկվեց իր անձեռնմխելիությունից, Վանո Սիրադեղյանն էր: Ներքին գործերի նախարար, քաղաքապետ Վանո Սիրադեղյանին   առաջադրվեց մեղադրանք` զինված հանցավոր խումբ՝ բանդա, ստեղծելու մեղադրանքով: Որպես մեղադրյալ, Վանո Սիրադեղյանը գործում ներգրավվեց 1999 թվականի փետրվարի 19-ին, հայտարարվեց նաև հետախուզում: 1999թ-ի մայիսի 7-ին ազատվեց կալանքից, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը: 2000 թվականի ապրիլին խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը եւ Վանո Սիրադեղյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումից հետո Վանո Սիրադեղյանը փախավ, մինչև այս պահը գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

  • Խաչատուր Սուքիասյան, Հակոբ Հակոբյան, Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան 


Երկրորդ անգամ Խորհրդարանը պատգամավորների անձեռնմխելիությունից զրկեց 2008թ-ին: Նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած Մարտի 1-ի իրադարձությունների գործով Ազգային ժողովը 2008թ-ի մարտի 4-ին բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը: Անձեռնմխելիությունից զրկվեցին պատգամավորներ  Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու  Սասուն Միքայելյանը: Պատգամավորներին մեղադրանք էր առաջադրվել  սպանությամբ ուղեկցված զանգվածային անկարգություններ եւ իշխանությունը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ կազմակերպելու մեղադրանքով:


Կարդացեք նաև.




  • Վարդան Օսկանյան


Վերջին դեպքը, երբ պատգամավորը զրկվել էր մանդատից 2012 թվականին էր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անձեռնմխելիությունից զրկվեց ու որպես մեղադրյալ ներգրավվեց 2012թ-ի հոկտեմբերի 2-ին: ԱԱԾ քննչական վարչությունը հարուցել էր քրեական գործ: Նախաքննությամբ ձեռք էին բերվել ապացույցներ, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ, որոնք բարեգործական նպատակներով հիմնադրամին էին տրամադրվել: Մեկ տարի անց Ազգային անվտանգության ծառայությունը դադարեցրեց գործի շրջանակներում Վարդան Օսկանյանի հանդեպ քրեական հետապնդումը:

  • Մանվել Գրիգորյան


ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացրեց գլխավոր դատախազը: Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում hայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև «Չի վաճառվում», «զինվորի բաժին» գրությամբ սննդամթերք, զինվորական տրանսպորտային միջոցներ, ժամանակակից ու խորհրդային շրջանի ավտոմեքենաների հավաքածու, արկղերով սնունդ, հիգիենայի միջոցներ, որոնք տարբեր մարզերի աշակերտներ ուղարկել էին Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում գտնվող զինվորներին: Հայտնաբերված արկղերին կցված են եղել  նամակներ աշակերտներից: Պարզվել է, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդն օգտագործվել է պատգամավորի կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հարուցվել է քրեական գործ:

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։