[ Իրականում՝ ՈՉ ] Չեղարկե՞լ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը

October 8, 2015

change.org ռեսուրսի օգտատեր Ռիմա Սարգսյանը սեպտեմբերի 29-ին տարածեց մի պետիցիա, որը ստորագրողները պահանջում են հոկտեմբերի 10-ին և 11-ին անցկացվելիք «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը չեղարկել և դրամական միջոցները տրամադրել սահամանամերձ որևէ բնակավայրի խմելու ջրի հարցը լուծելուն: Հասցեատերը Երևանի քաղաքապետարանն է:
«Էրեբունի-Երևանն» իրոք պետք է չեղարկել, որովհետև Ադրբեջանը` խախտելով հրադադարը, շարունակ գնդակոծում ու հրետակոծում է սահմանամերձ համայնքները: Չեղարկել, որովհետև տուժած գյուղերի բնակիչները, որոնց ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն է, զրկված են իրենց հողերը մշակելու հնարավորությունից (ադրբեջանցիների կրակոցների՞ պատճառով, թե՞ Երևանում ապահով ապրող վատ կառավարիչների պատճառով. էական չէ):
Վաղուց իմաստազրկված տոնը պետք է չեղարկել, որովհետև Հայաստանը դարձել է մեծ գլխով ու բարալիկ մարմնով մի անճոռնի օրգանիզմ, որի տարածքներն անհամաչափ են դեգրադացվում: Մայրաքաղաքում կուտակվում է փողը, մարզերում` աղքատությունը, սահմանին` պրոբլեմները: Երևանյան տաշի-տուշին ինչ-որ չի բռնում սահմանային կրակահերթի տակ հայտնված մարդկանց հանապազօրյա տագնապի հետ:
«Էրեբունի-Երևանի» միջոցառումներին պատվիրակություններ ենք հրավիրել աշխարհի 20 քաղաքների՞ց: Ամոթ է, որ գան հասնեն այստեղ ու մնան առանց խորովածի՞: Վախենում ենք նրանց առաջ սևերե՞ս լինել: Չե՞նք ուզում հարամել քույր-քաղաքների հետ քեֆ-ուրախությունը: Իսկ գուցե չեղարկման շնորհիվ մեր բարձրաստիճան հյուրե՞րն էլ կիմանան ադրբեջանական սադրանքների մասին: Գուցե չեղարկումը դառնա ժողովրդական դիվանագիտության տպավորիչ քա՞յլ:



Իրականում՝ ՈՉ. Դավաճա՞ն է, արդյոք, Վահան Մարտիրոսյանը





«Էրեբունի-Երևանը» պետք է տեղի չունենա, որովհետև Ստեփանակերտի ղեկավարությունը` ընկալելով պահի լրջությունը, քաղաքի տոնը չնշեց: Էջմիածնի քաղաքապետարանը` գնահատելով իրավիճակը, և´ քաղաքի տոնը նշեց, և´ քաղաքապետարանի հանգանակած 1 մլն դրամն ուղարկեց Տավուշի մարզ` Չորաթան գյուղ:
Քաղաքի տոնը չպետք է նշել, որովհետև չարչրկված Արգիշտիի ու Մենուայի դերակատարներն ու ձիերն էլ են հոգնել իրենց պսևդոդոկումենտալ մոնումենտալիզմից: Սեպագիր դեմքեր, ռաբիս երգեր, ձանձրալի տեքստեր, գավառական կարգախոսներ, խղճուկ ներկայացումներ, պաթետիկ ելույթներ, պրոտոկոլային խաղեր, ձևական շնորհավորանքներ: Հոգնե´լ ենք:
Տոնակատարությունը չպետք է նշել, որովհետև չփարատված կասկածներ կան, որ «քաղաքային շնաձկները» խժռում են «դուրս գրված» 130 միլիոն դրամի և հավելյալ 30 միլիոն նվիրաբերված գումարի առյուծի բաժինը: Ավանդական կասկած կա, որ ամեն տարի նրանք ամբողջ տարին սպասում են հատկապես այս տոնին, որ քաղաքային բյուջեից ավելի շատ փող կորզեն, ավելի քիչ ծախսեն, տարբերությունը յուրացնեն, անտարբերությունը`տարածեն:

Բայց իրո՞ք պետք է չեղարկվի տոնակատարությունը: Իրականում` ոչ




Պետք է տոնել, որովհետև քաղաքապետարանի բյուջեն հայեցողաբար չի կարելի ծախսել: Այսօր Ադրբեջանի հետ սահմանային համայնքների համար ծախսես` վաղն էլ Վրաստանի հետ սահմանային բնակավայրերը դրա կարիքը կունենան, որ չհայաթափվեն, մյուս օրը` Իրանի հարևանությամբ ապրող գյուղացիներին հարկ կլինի օգնել: Երևանի մասին օրենքը թույլ չի տալիս քաղաքային բյուջեն ծախսել Երևանի սահմաններից դուրս և այլ կարիքների համար: Երևանը բարեգործական կազմակերպություն չէ, քաղաք է` իր օրենքներով, իր ավանդույթներով, իր կենսառիթմով:
Գործարարները « Էրեբունի-Երևանին» գումարը տրամադրել են հստակ նպատակով` ծախսել քաղաքի տոնը կազմակերպելու համար: Երևանում ապրող քաղաքացին ամբողջ տարին հարկերն ու տուրքերը վճարում է, ոչ թե այլ համայնքների զարգացման համար, այլ որ Երևանն էլ ոտքի կանգնի: Երևանի բնակիչները, որոնց վճարած հարկերով է ձևավորվում քաղաքի բյուջեն, ամբողջ տարին աշխատելուց հետո վերջապես իրավունք ունեն մեկ օր հանգստանալ: Պետք է ոչ թե Երևանի «բերանից կտրել» և ուղարկել մարզեր, այլ պետք է հանրավորություն ստեղծել, որ այդ նույն երգն ու պարը լինի նաև սահմանամերձ համայնքներում:
Եթե մի տոնակատարության փողը մի անգամ տվեցինք սահմանին տանջվող գյուղերին, հապա տարվա մյո՞ւս օրերին ինչ ենք անելու: Չէ՞ որ գումարի փոխանցման հենց հաջորդ օրը կրկին ռմբակոծվելու են այդ գյուղերը: Սա «ֆլեշմոբային» մտածողություն է` մեկ անգամ անում ենք` ու վերջ, հոգեբանորեն ազատվում ենք իրական պատասխանատվությունից:
Մենք բոլորս պարզապես հոգնել ենք նույնաբովանդակ միջոցառումներից, որոնք վատ են կազմակերպվում: Իսկ եթե դրանք լինեին իրոք լավ կազմակերպվա՞ծ: Եթե այդ օրերին հրավիրվեր, ասնեք` System of a Down-ը, Led Zeppelin-ը, Փոլ Մակարտնին: Եթե իրոք «Էրեբունի-Երևանը» վերածվեր քաղաքային տոնի, այդ ժամանակ ի՞նչ էին պահանջելու պետիցիոներները: Էլի՞ ասելու էին` մեզ նորմալ բան պետք չէ, փողը տվեք մեր հեռավոր ազգականներին:

Հիմա` պե՞տք է տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ համայնքներին




Իրականում խնդիրը ոչ այն է, ոչ էլ մյուսը: Երկու տեսակետներն էլ ունեն իրենց հիմնավորումներն ու տրամաբանությունը, երկու տեսակետներն էլ կարող են ճիշտ լինել:  Բայց ո՞վ ասաց, որ հասարակությունը ցանկանում է քաղաքային բյուջեն տրամադրել սահմանամերձ համայնքներին, կամ ո՞վ ասաց, որ Երևանի բնակիչը չի ցանկանում այդ գումարը տրամադրել սահմանամերձ համայնքներին: Երկու պնդումներն էլ ընդամենը տպավորություններ են:
Խնդիրն այն է, որ այս հարցը պետք է տեղական հանրաքվեի միջոցով լուծվի: Էլ ինչի՞ համար է հանրաքվեն: Երևանի բնակիչն իր ուղղակի կամարտահայտությամբ պետք է որոշի, թե ինչպես պետք է ծախել իր հարկերից գոյացած գումարը: Այստեղ չկան ոչ օտարներ, ոչ յուրայիններ: Մունիցիպալ հանրաքվեն վիճելի խնդիրներից գլուխ հանելու լավագույն գործիքն է և ամենադեմոկրատական մեխանիզմը: