Անհոգ հարբեցողը․ ի՞նչ խմիչքների հեղինակ է Էռնեստ Հեմինգուեյը

June 16, 2018

Ամեն երեկո տասնյակ կոկտեյլներ խառնելուց և յուրաքանչյուրը փորձելուց հետո հաճախ մտքերը սկսում են լողալ անորոշության մեջ, դժվար են լինում կենտրոնանալն ու հիշելը դասականների հստակ բաղադրատոմսերը։ Այդ ժամանակ այցի է գալիս ստեղծարարը. սկսում ես մոգոնել նոր կոկտեյլներ, դրանք վերագրել հայտնիներին ու մտացածին մանրամասներով համեմել պատմություններն այն մասին, թե ինչպես են դրանք ստեղծվել։
Ամեն անգամ, երբ ինքնամոռաց սկսում եմ նկարագրել, թե հերթական անհայտ միքսն ինչպես է ծնվել գինարբուքին հաջորդած առավոտյան խումհարի սուր պահին՝ որպես մի փոքր արթնանալու միջոց, միևնույն ժամանակ չկոտրելով խրախճանքի թողած տրամադրությունը, մտքիս գալիս է Հեմինգուեյը։ Հաշվի առնելով գրողի հեղինակությունը, հենց նրան է առավել հաճախ վերագրվում այս կամ այն ալկոհոլային պատմությունը։ Այդ պահերին պատկերացնում եմ, թե ինչպես է նա կանգնել դռան մոտ, կոճակն արձակած վերնաշապիկով ու գլուխը տմբտմբացնելով, տարակուսանքով մտածում է, թե ինչ են բոլորն ուզում իր հոգնած հոգուց ու ինչու վերջապես չեն անցնում ուրիշների կենսագրությանն ու նրանց մասին պատմություններ հորինելուն։
Հեմինգուեյին է վերագրվում մի քանի կոկտեյլների ստեղծումը: Օրինակ՝ «Արնոտ Մերին»։ Ըստ լեգենդի, Կուբայում ապրելու տարիներին գրողի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարներից հետո բժիշկները նրան արգելել են խմել: Եվ նրա կինը՝ Մերին, ուշի-ուշով հետևում էր, որ Էռնեստը չհաջողացնի թաքուն մի բան կոնծել։ Այնուամենայնիվ, բարեհոգի մատռվակն օգնության է գալիս հեղինակին, որն իր գիտակից կյանքի մեծ մասն անցկացրել էր բաժակը ձեռքին, ու մատուցում է լոլիկի կծու հյութով համեմված օղու պնակը։



«Պապա դոբլե»


սպիտակ ռոմ, թուրինջի հյութ,


«Մարասչինո» լիկյոր, լայմի հյութ





Բաղադրիչների ուժեղ հոտի շնորհիվ՝ ալկոհոլի հոտը չէր զգացվում, ու հեղինակը կարողանում էր խմել, որքան ուզում էր չվախենալով բացահայտվելուց։
Մեկ այլ լեգենդ պատմում է, որ Հեմինգուեյը հեղինակել է «Մոխիտոն»: Որպես ապացույց, բերվում է Հավանայի բարերից մեկում ենթադրաբար հեղինակի ձեռքով գրված սիրո խոստովանությունը կոկտեյլին։ Այսուամենայնիվ, Հեմինգուեյի կենսագիրները պնդում են, որ խմիչքների ընտրության հարցում նա հակված էր դեպի ոչ քաղցր կոկտեյլները, օրինակ՝ ծայրահեղ չոր մարտինիները: Հետևաբար, քաղցրավուն «Մոխիտոն» հաստատ չէր լինի նրա սիրելին։
Էռնեստը մանկուց չէր սիրում իր անունը, քանի որ այն առաջին հերթին ասոցացնում էր Օսկար Ուայլդի The Importance of Being Earnest-ի գլխավոր հերոսի հետ, որը «հիմարության հասնող միամիտ էր»։ Ուսուցիչները նրան խորհուրդ էին տալիս նույնիսկ չփորձել գրել, քանի որ գրական տաղանդ չուներ։ Ամերիկյան հանրակրթական ուսումնական համակարգի լուսավոր ուղեղների՝ անտաղանդ հռչակած երիտասարդը տարիներ անց հասավ գրական մի մակարդակի, որ իր երբեմնի դասատուները գուցե համարեին ցնորք, բայց դե արդեն ով էր հիշում նրանց անունները։
Հեմինգուեյն իր գործերում իրերը ցույց էր տալիս դրանք չնկարագրելով։ Նա գրում էր այնպես, որ ընթերցողի ուղեղում անխուսափելիորեն ծագում էին առարկայական պատկերներ, դրանք ստիպում էին զգալ հոտերն ու տեսնել գույները։ «Ես փորձում էի գրել, այնուհետև հասկանում էի, թե ինչքան բարդ է դա: Պետք է հասկանաս, թե ինչ ես զգում, ոչ թե՝ ինչ պիտի՛ որ զգաս: Նաև պիտի կարողանաս թղթին փոխանցել այն, թե ինչ է կատարվել հենց այդ պահին, ինչն է ծնել նկարագրվող ապրումները, և ինչպես է ստեղծվել այն ամենը, ինչը ես հիմա փորձում եմ գրի առնել ու որը սկսվել է պարզագույն մանրուքներից»։
Չնայած անհոգ հարբեցողի կերպարին՝ Հեմինգուեյը գրելիս երբեք չէր խմում։ Ավելին, նա հաճախ այդ պատճառով քննադատում էր Ֆոլկներին ու ասում, որ նրան կարդալիս կարող է ստույգ ասել, թե որ տողի վրա է Ուիլյամը խմել իր առաջին մարտինին։ Առհասարակ նա շատ պատասխանատու հարբեցող էր, ու ալկոհոլի քարոզչությանը զուգահեռ իր գործերում պրակտիկ խորհուրդներ էր տալիս գինարբուքի պատրաստվողներին։ Օրինակ՝ նա գտնում էր, որ չի կարելի խմել և էմոցիայի պոռթկումներով ծանրաբեռնել շրջապատի մարդկանց: «Պետք չէ խմիչքը խառնել զգացմունքների հետ, որովհետև դա փչացնում է գինու համը»։ Մեկ ուրիշ դեպքում նա ասում է, որ լավ խմող մարդը նաև պիտի լավ ուտի՝ հատկապես պիցցա, պաստա կամ էլ pretzel ձողիկներ, քանի որ «դրանք լավացնում են գարեջրի համը»։ Հեմինգուեյը գնահատում էր խմիչքն ու այն համարում էր մշակույթի անբաժանելի մաս. իր բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում նա փորձում էր խմել այն, ինչն ընդունված էր այդ երկրում։ Նույնիսկ եթե խմիչքն իրեն դուր չէր գալիս, մեկ է՝ դա պիտի աներ։ Օրինակ՝ իր երրորդ կնոջ հետ մեղրամիսն անց-կացնում էր Չինաստանում և օր ու գիշեր զբաղված էր նրանով, որ խմում էր բրնձի օղի: Ոչ թե սիրել էր այն, այլ պարզապես հարգանքի տուրք էր մատուցում։
Հեմինգուեյը համարվում է, այսպես կոչված, «կորուսյալ սերնդի» ներկայացուցիչ. այս նկարագրությունը կիրառության մեջ է դրել փարիզաբնակ արվեստագետների պահապան հրեշտակ ու Հեմինգուեյի մենթոր Գերտրուդ Սթայնը՝ նկատի ունենալով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մեծացած սերնդին։ Սթայնի խոսքով՝ նա այս արտահայտությունը լսել է ավտոմեխանիկից, որը, տեսնելով, թե ինչպես երիտասարդ աշակերտը չի կարողանում գլուխ հանել մեքենայի անսարքությունից, ասել է՝ «այո, ձեր ամբողջ սերունդը կորած է»։ Հեմինգուեյին (կամ Ֆիցջերալդին և այս սերնդի մյուս մեծերին) բնորոշ էր սեփական վախերի դեմ դուրս գալը: Նրանք փորձում էին այդպես բացահայտել իրենց իրական էությունը։ Այս պոռթկումի մեջ Հեմինգուեյն Իսպանիայում ապրելու տարիներին մասնակցում էր ցլամարտերի օգնելով տորեադորներին։ Մարդ կարող է ապրել թվացյալ հանդարտության մեջ ու թվալ սեփական մտքերին ու ապրումներին համահունչ։ Բայց այն պահին, երբ հսկա ցուլը սլանում է դեպի քեզ, ու պարտությունն անխուսափելի է, քո իրական հատկանիշներն ի հայտ են գալիս, ու ինքդ քեզ համար պարզում ես՝ ով ես դու և ինչ ես ուզում։ Դու ազատվում ես բարոյական կապանքներից, զրոյանում ես, հասնում ես ճշմարտության վերին սահմանին։
«Ֆիեստայի» հերոսները միշտ ալկոհոլային թմբիրի մեջ են. առավոտյան դուրս են գալիս հյուրանոցի համարից՝ փնտրելով, թե որտեղ պիտի ընթրեն։ Այդ պահից ի վեր ամբողջ օրը գինարբուքների անվերջանալի շարան է՝ լի ապերիտիվներով, հին ընկերների կամ լիովին անծանոթների հետ հանդիպումներով, գինովցած խոսակցություններով ու բաժակը բաժակի հետևից նորանոր խմիչքներ պատվիրելով։ Սա նույնպես կորած սերնդին բնորոշ հատկանիշ էր. անդադար գինովցած լինելը գրքի հերոսներին թույլ էր տալիս փախչել պատերազմի սարսուռներից, որոնք դրոշմվել էին նրանց բոլորի վրա։ Միայն այսպես նրանք կարող էին մոռանալ իրենց կյանքն ու միևնույն ժամանակ վերագտնել իրենց՝ հասկանալու համար, թե ով են, որտեղից են եկել, ուր են գնում և տեղ հասնելու ուժ ունե՞ն արդյոք։
Գրքում ընդհանուր առմամբ նկարագրված է ալկոհոլի օգտագործման մոտ 800 դեպք։ Որոշ մարդիկ փորձել են գիրքն օգտագործել որպես խմելու խաղ՝ հերթով խմելով նկարագրված բոլոր ալկոհոլային խմիչքները։ Պետք է հուսախաբ անեմ ձեզ, եթե հանկարծ մտածեցիք, որ դա լավ միտք է. նույնիսկ ամենադիմացկունների համար խաղն ավարտվել է անհաջողությամբ: Մեծ մասը շարքից դուրս է գալիս՝ 4-րդ գլխին հասնելով, երբ արդեն հասցրել է խմել մի քանի բաժին կոնյակ, վիսկի, մի քանի շիշ գինի, գարեջուր, պերոն և մի քանի տեսակի լիկյոր։






Հեմինգուեյի լավ ընկերն ու հույսը հաճախ նրա ֆիզիկական ուժի վրա դնող Ջեյմս Ջոյսը գրում էր, որ ոչ որպես մարդ, ոչ էլ որպես գրող Հեմինգուեյն այնքան պարզ չէր, որքան կարող էր թվալ առաջին հայացքից։ Նրա նկարագրությամբ՝ Հեմինգուեյը ցլի կազմվածքով ռամիկ էր՝ պատրաստ ապրելու այն նույն կյանքը, որի մասին գրում էր։ Ու երբեք, ոչ մի պարագայում նրա գործերն այդքան վարակիչ ազդեցություն չէին կարող թողնել կարդացողի վրա, եթե գրողի ֆիզիկական կազմվածքը թույլ չտար անել այն ամենը, ինչ նա նկարագրում է իր գրքերում։
Հեմինգուեյն ասում էր, որ այն, ինչ դիլետանտներն անվանում են ոճ, սովորաբար պարզապես առաջին անհաջող փորձերի տպավորությունն է։ Հուսամ՝ հյուրերիս ժամանցն ապահովելու ջանքերս Հեմինգուեյը չի համարի դիլետանտի տվայտանք։ Չէ՞ որ ինքն էլ գիտի, թե ինչ կարևոր է նույնիսկ ամենածանր պահերին ուղեղը զբաղեցնելը գեթ մի փոքրիկ զվարճանքով։ Ամեն դեպքում, կարծես թե ես երբեք դա չեմ իմանա. սաֆարիների սիրահարն ու բռնցքամարտի գիտակը քմծիծաղով հայացքը վերջին անգամ նետեց ինձ վրա, շրջվեց ու հանդարտ քայլերով դուրս եկավ բարից՝ թողնելով, որ շարունակեմ մտորել. իմ փորձերն իրո՞ք արժանի էին մեծ պատմողի նկարագրած խրախճանքներին։



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։