«Ես ե՞մ մեղավոր». Մարգարիտա Գրաչովայի կյանքի անհավանական պատմությունը՝ նոր գրքում ու սերիալում

December 6, 2023

Այս տարի Newmag-ը հրատարակեց Մարգարիտա Գրաչովայի կյանքի անհավանական պատմությունը։ Ռիտան «Երջանիկ՝ առանց ձեռքերի» հուշագրության մեջ պատմում է իր կյանքի դաժան ու անհավանական պատմությունը։ Գիրքն այնքան շոկային ու անհավանական է, որ թվում է, թե մտացածին կամ սցենարիստների հորինած պատմություն է։ Հանգամանքները Մարգարիտային ստիպեցին կյանքը տեսնել մյուս կողմից, որտեղ հաշմանդամությունն է ու բռնությունը, բայց և համոզվել՝ ամեն ինչ քո ձեռքում է, նույնիսկ եթե այն մեկն է։

2017-ի դեկտեմբերին երիտասարդ կնոջ ամուսինը՝ Դմիտրի Գրաչովը, Մարգարիտային տանում է անտառ ու կտրում երկու ձեռքերը։ Բժիշկներին հաջողվում է փրկել Մարգարիտայի մի դաստակը, մյուսի փոխարեն պրոթեզ է, որի համար ամբողջ աշխարհն է փող հավաքել։ Այս մասին Մարգարիտան տարիներ առաջ գրեց «Երջանիկ՝ առանց ձեռքերի» գիրքը։

Իրական պատմությունն այնպես էր ցնցել ամբողջ Ռուսաստանն ու համայն աշխարհը, որ գրքի հիման վրա այս տարի նկարահանվեց նաև «Ես ե՞մ մեղավոր» սերիալը։ Գրաչովան ձեռքի վիրահատություններից, հոգեբանական տրավմաները հաղթահարելուց հետո անընդհատ մասնակցում է նաև տարբեր հեռուստաշոուների, պատմում իր ընտանեկան ու սիրային ողբերգությունը, անձնական վիշտն ու առանց ձեռքերի ապրելու դժվարությունները։ 

Ընդամենը մի քանի օր առաջ էլ Գրաչովան իր կյանքի պատմությունը պատմեց նաև Քսենիա Սոբչակի «Զգույշ. Սոբչակ» հաղորդմանը։ Գրաչովան ասում է, որ չնայած իր հայտնիությանն ու իր պատմության մեծ արձագանքին՝ ինքն իրեն դեռ անպաշտպան է զգում, քանի որ շուտով նախկին ամուսնու ազատազրկման ժամկետն ավարտվելու է։ Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչ սպասել իրեն հաշմանդամ թողած տղամարդուց։ Ավելին, կինը չի ցանկանում, որ մինչև 18 տարեկան երեխաները շփվեն իրենց հոր հետ։

«Մեղադրում էր դավաճանության մեջ։ Երբ հանեց կացինը, ինձ թվաց, թե սկզբում ոտքերս, ձեռքերս կկտրի, հետո էլ՝ գլուխս։ Անկեղծ եմ ասում, ես չէի մտածում, որ այսքանից հետո դեռ ինձ են մեղադրելու։ Շատերը կարծում են, որ եթե քո հետ այդպես են վարվել, ուրեմն դու ես մեղավոր»։

Գրաչովան պատմել է, որ սերիալի նկարահանումներին մասնակցել է, նույնիսկ ամենադաժան տեսարանների ժամանակ է ներկա եղե, որպեսզի համոզվի՝ ամեն ինչ նույնքան իրակա՞ն է, որքան եղել է։ 

Կարդացեք նաև