Newmag Summer Fest-ին տեղի կունենա Ռուբեն Մելքոնյանի և Նաիրա Պողոսյանի «Փախուստ Էրգրից» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

July 13, 2022

Ի՞նչ եղավ այն հայերի հետ, որոնք 1915 թվականին մնացին Օսմանյան կայսրությունում։ Նրանց դեմ ի՞նչ քաղաքականություն էր իրականացնում հանրապետական Թուրքիան: Ինչպե՞ս ստացվեց, որ 1920-ից հետո Խորհրդային Միությունը դիտարկում էր Կարսն ու Արդահանը Թուրքիայից հետ պահանջելու հնարավորությունը։ Եվ ովքեր էին այն հայերը, որ քաղաքական այս փոթորկի պայմաններում փախան էրգրից: Տասնամյակներ շարունակ այս փակ թեմաները բացահայտվել են «Փախուստ Էրգրից» գրքում:

«Փախուստ Էրգրից» գիրքը Newmag-ը հրատարակել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնությամբ: Դեռ 2019-ին Մինասյան կենտրոնը հայտարարել էր պատմագիտական հետազոտությունների իրականացման դրամաշնորհների մրցույթ։ «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» ծրագրի հաղթողներից թուրքագետների հետազոտությունը ներառում է 1920-1980-ականներին Թուրքիայից հայերի ներգաղթը Խորհրդային Հայաստան։ Հեղինակներին հաջողվել է գտնել բավականին բացառիկ նյութեր, փաստաթղթեր, որոնց մի մասը գաղտնազերծվել են վերջին 5-10 տարիներին:

Հեղինակներն ուսումնասիրել են Խորհրդային Հայաստանում ներգաղթի կազմակերպման գործընթացը։ Ռուբեն Մելքոնյանն ու Նաիրա Պողոսյանն զննել են բացառիկ արխիվային փաստաթղթեր, որոնց մեծ մասը եղել են «հույժ գաղտնի» դասիչով: Նրանք խոսել են Վանից ու Պոլսից Խորհրդային Հայաստան տեղափոխված հայերի ժառանգների հետ՝ պատմությունը ներկայացնելով անձնական և իրական մանրամասներով:

                                                     

Գրքում ներկայացվել է  Թուրքիայում հայերի արտագաղթի վերաբերյալ ընկալումները։ Արխիվներից հավաքագրել է բազմաթիվ փաստաթղթեր։ Ըստ Նաիրա Պողոսյանի, հայերի ներգաղթի ամենամեծ ալիքը եղել է 1946-1948 թվականներին. «Այդ թվականներին հայերի ներգաղթը Խորհրդային Հայաստանում քիչ ուսումնասիրված է կամ էլ՝ միակողմանի  լուսաբանված։ Ինչ վերաբերում է Թուրքիայից հայերի ներգաղթին, ապա թեման մնացել է ստվերում, որովհետև ներգաղթածների քանակը փոքր է՝ մոտ հազար մարդ։ Բացի այդ, Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պատճառով թեման մնացել է մշուշոտ»:

Newmag Summer Fest-ին սպասվող նոր գրքերը 

Թուրքայից  Հայաստան, ինքնության խնդիրներ ու պատմական գաղտնի փաստաթղթերը ՝ այս թեմաները դարձել են ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ գրի առած գրքի առանցքը:  Թեման ուսումնասիրել են տարբեր տեսանկյուններից՝ քաղաքական, մշակութային, Ցեղասպանության հիշողությանը վերաբերող դրվագների հիման վրա:

Ըստ Նաիրա Պողոսյանի, ուսումնասիրության կարևոր հատվածներից մեկը վերաբերելու է ներգաղթածների սերունդներին. «Աշխատանքի ընթացքում այնպիսի բացահայտումներ ենք արել մեզ համար, որ ժամանակ առ ժամանակ իսկապես կարիք էինք ունենում նույնիսկ քննարկել այդ բացահայտումները»:

Ռուբեն Մելքոնյանի և Նաիրա Պողոսյանի «Փախուստ Էրգրից» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 12։15-ին, Newmag Summer Fest-ին, Երազ այգու Ground Hall սրահում:

Փառատոնի մասին կարդացեք նաև