Ինչպե՞ս է Facebook-ը գուշակում, թե ում հետ կարող եք ծանոթ լինել

November 13, 2017

Առաջին հայացքից թվում է, թե Facebook-ը խորհուրդ է տալիս ընկերանալ մարդկանց հետ այնպես, ինչպես դա տեղի է ունենում իրական կյանքում. Դուք ասում եք, որ ճանաչում եք ինչ-որ մեկին, և սոցցանցը Ձեզ է ներկայացնում նրանց, ում ճանաչում է Ձեզ ծանոթ այդ մարդը: Իրականում  համակարգի աշխատանքն ավելի բարդ է:
Facebook-ի Ձեր պրոֆիլից զատ կա ևս մեկը: Այդ մեկի համար հավաքում են տվյալներ այլ օգտատերերի սմարթֆոններից մուտքային ու ելքային հաղորդագրությունների հիման վրա: Ձեր պրոֆիլին կցվում են կոնտակտային տվյալներ, որոնք Դուք համակարգին երբևէ չեք ներկայացրել: Այս ստվերային պրոֆիլների մասին հայտնի է դարձել բոլորովին վերջերս և քչերը գիտեն դրանց գոյության ու առավել ևս` պոտենցիալի մասին: Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան բան գիտի Ձեր մասին ընկերությունը: Մարդկանց միջև կապի բնույթից է կախված, թե ինչպես կաշխատեն համակարգի ալգորիթմերը: Չի բացառվում նաև, որ ընկերությունն իրոք աչքի է անցկացնում օգտատերերի աշխատանքային փոստարկղը:
Սոցցանցում գրանցվելիս ձեզ անմիջապես խնդրում են ներկայացնել հասցեագրքի տվյալները, որպեսզի ծառայությունը կարողանա ձեզ հարմար ընկերներ գտնել: Կայքի բրաուզերային տարբերակում ընկերների որոնման էջը նույնպես կասկած չի հարուցում, բայց այս դեպքում էլ ընկերությունը պահպանում է փոխանակված կոնտակտների ամբողջ տեղեկությունը: Սմարթֆոնների համար նախատեսված տարբերակում ձեզ անմիջապես տեղեկացնում են` տեսեք` ով կա Facebook-ում, բայց միաժամանակ Դուք պետք է ներբեռնեք ձեր կոնտակտները: Ներքևում նշված է՝ «Ձեր կոնտակտների վերաբերյալ ամբողջ տեղեկությունը կուղարկվի Facebook, որպեսզի օգնենք ձեզ և մյուսներին ընկերներ գտնել ավելի արագ»:
Այս առանց այդ էլ լղոզված ձևակերպումն ավելի երկիմաստ է դառնում, երբ սեղմում եք «մանրամասն» կոճակը.
«Եթե ցանկանում եք ընկերներ փնտրել Facebook-ում, ապա մենք կօգտագործենք ու անվտանգ կպահպանենք Ձեր կոնտակտների վերաբերյալ տեղեկությունը` ներառյալ բոլոր անուններն ու մականունները, կոնտակտների լուսանկարներն ու հեռախոսահամարները, նաև այն տեղեկությունը, որը Դուք կարող էիք ավելացնել, օրինակ` տեղեկություն ընտանեկան կարգավիճակի կամ մասնագիտության վերաբերյալ: Սա թույլ կտա Facebook-ին համապատասխան ընկերների թեկնածություններ խորհուրդ տալ ձեզ և մյուսներին, բացի այդ` բարելավել ծառայության որակը»:
Բայց ընկերությունը խնդրում է ընկերության առաջարկ ուղարկել միայն նրանց, ում ճանաչում եք, կամ ով դեմ չի լինի ընկերության առաջարկ ստանալ: Հետո էլ Facebook-ը վերցնում ու անում է այն, ինչ Ձեզ խնդրել էր չանել: Եթե Դուք ձեր կոնտակտները փոխանցելու թույլտվություն տաք, ապա դրանք բոլորը կհայտնվեն սոցցանցի տրամադրության տակ: Դրանց միջոցով համակարգը փորձելու է Ձեր և ձեր կոնտակտային արխիվի բոլոր անդամների միջև ինչ-որ ընդհանուր բան գտնել, և Դուք դա չեք էլ նկատի:
Facebook-ը վստահեցնում է, թե չի ստեղծում այն մարդկանց ստվերային պրոֆիլները, որոնք սոցցանցում գրանցված չեն: Բայց այդ մասին հայտնի դարձավ 2013թ.-ից, երբ ընկերությունը հայտարարեց, որ հայտնաբերել ու վերացրել է «բագ»-ը: Խնդիրն այն էր, որ երբ օգտատերը ներբեռնում էր տվյալները ֆայլի տեսքով, դրա միջոցով կարելի էր իմանալ ոչ միայն բաց, այլ նաև փակ, ստվերային տեղեկությունը:
Ընկերությունն ամեն կերպ խուսափում է տվյալների հավաքագրման ռազմավարության մասին խոսելուց: «Ընկերություն առաջարկելու տրամաբանությունը հիմնված է օգտատիրոջ կողմից ներբեռնած տեղեկության վրա», - ասում է Facebook-ի ներկայացուցիչ Մեթ Շթայնֆիլդը: «Որոշ դեպքերում դա նշանակում է, որ Ձեր ընկերը կամ ծանոթներից ինչ-որ մեկը կարող է ինչ-որ տեղեկություն ներբեռնել` հեռախսահամար, էլ. հասցե, որը մենք կապում ենք տվյալ օգտատիրոջ հետ: Այս և այլ ազդակներն օգնում են խորհուրդ տալ այն մարդկանց, որոնց Դուք, ամենայն հավանականությամբ, կարող եք ճանաչել, և որոնք, հավանաբար, կցանկանան ընկերանալ ձեզ հետ նաև Facebook -ում»:
Facebook-ին պատկանող Instagram-ն ու WhatsApp-ը նույնպես կոնտակտներ ներբեռնելու գործառույթ ունեն, բայց, Շթայնֆիլդի խոսքով, Ընկերությունը դրանք չի օգտագործում ընկերներ խորհուրդ տալու համար: Երբ Շթայնֆիլդն ասում է «ընկեր կամ այլ ծանոթ», նա նկատի ունի ցանկացած մարդու, որը կարող էր երբևէ գրանցած լինել Ձեր հեռախոսահամարը կամ էլ. փոստի հասցեն:



Կարդացեք նաև․



Այդ պատճառով, չի բացառվում, որ Facebook-ը գիտի յուրաքնչյուր վայր, որտեղ դուք երբևէ ապրել եք, Էլ. փոստի յուրաքանչյուր հասցե, որը Դուք երբևէ օգտագործել եք, ամեն հեռախոսահամար` լինի դա բջջային, թե ֆիքսված, որից Դուք զանգ եք կատարել: Այստեղ են նաև Ձեր օգտագործած նիքնեյմերը, պրոֆիլներն ու հաշվեհամարները: Այս ամենից և ոչ մեկը Facebook-ը չի համարում տեղեկություն, որը Ձեզ է պատկանում: Սա այն մարդկանց տեղեկությունն է, որոնք այն ներբեռնել են:

Ինչ անել, եթե ցանկանում եք վերականգնել հսկողությունը ձեր տվյալների նկատմամբ


Ստիպված կլինեք գտնել բոլոր նրանց, ում երբևէ տվել եք Ձեր կոնտակտային տվյալները, նաև նրանց, ովքեր այդ տեղեկությունը ներբեռնել են Facebook: Հետո էլ մեկը մյուսի հետևից խնդրեք մտնել հրավերների ու ներբեռնած կոնտակտների կառավարման էջ ու հեռացնել այդ տեղեկությունը:
«Կոնտակտը ջնջելուց հետո, մենք էլ կջնջենք այն մեր համակարգից, բայց նույնիսկ այդ դեպքում չի բացառվում, որ այդ տեղեկությունը ներբեռնել է ինչ-որ այլ օգտատեր», - գրում է Շթայնֆիլդը:
Անհնար է անջատել ստվերային պրոֆիլը: Միակ բանը, որ կարելի է անել, դա Ձեր պրոֆիլը հեռախոսահամարի կամ Էլ . հասցեի միջոցով որոնելու արգելքն է: Անհրաժեշտ է փոփոխություն կատարել Facebook-ի «Գաղտնիության կարգավորում» բաժնում: Բայց սա էլ չի բացառի ստվերային պրոֆիլի գոյությունը: Ընկերությունը օգտատերերին այդ տեղեկությունը տեսնելու հնարավորություն չի տալիս, քանի որ այդ պարագայում խախտում է այն մարդկանց իրավունքները, որոնք տրամադրել են տվյալ տեղեկությունը:

LIFEHACKER