Fake news. ինչպես ապատեղեկատվությունը դարձավ քաղաքական կատեգորիա

March 16, 2017

Fake news տերմինն այսօր գրեթե բոլորին է հայտնի, տերմին, որը հաճախ հեգնանքով է օգտագործվում: Ֆեյք լուրն ընկալվում է կատակ, անգամ մի տեսակ վերածվել է «երգիծական բիզնեսի»՝ գրում է Die Welt-ի վերլուծաբանը:
«Պոստմոդեռնիզմի փիլիսոփայությունը մեզ սովորեցրել է մամուլին այլևս չվերաբերել որպես իրականությունն արտացոլող համակարգի, քանի որ այսօր լրատվամիջոցները ներկայացնում են իրե՛նց ուզած իրականությունը: Եվ այն, ինչ հայտնվում է բոլորիս ուշադրության կենտրոնում, շինծու է, հորինված ու կեղծ»:
Սակայն փաստ է, որ կեղծ լուրերի  հետ կատակելը վատ հետևանքներ կունենա: Այն, ինչ այսօր մենք ունենք, նպատակաուղղված, մտացածին կամ միտումնավոր խեղաթյուրված, շինծու լուրն է, որի գլխավոր նպատակն է ինչ-որ մեկի «գլխին սարքել» կամ հեղինակազրկել որևէ ինստիտուտ:
Մեկնաբանը նկատում է, որ «ֆեյք լուրերն» իրականում քաղաքական առումով վտանգավոր են հասարակության համար, քանի որ դրանք օգտագործում են ոչ ժողովրդավարական ուժերը՝ ժողովրդավարության հիմքերը թուլացնելու համար: Իսկ երբ դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնում ու կազմակերպում են հատուկ ծառայությունները, «ֆեյք լուրերը»  պետք է դիտարկել որպես տեղեկատվական պատերազմի հարձակողական սպառազինություն:
Ըստ մեկնաբանի, Վլադիմիր Պուտինի ռեժիմն արդեն մի քանի տարի ակտիվորեն օգտագործում է համակարգված ապատեղեկատվություն՝ անցանկալի հարևանների տարածքում իրավիճակն ապակայունացնելու համար: Ռուսաստանը նման հնարքների դիմել է Ուկրաինայի, Բալթյան երկրների դեմ գործելիս, օգտագործել է նաև ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում, և ընդհանրապես՝ այս զենքը Ռուսաստանը միշտ ուղղում է արևմտյան ժողովրդավարության դեմ:
Հեղինակը նկատում է, որ ժողովրդավարական երկրների քաղաքական գործիչները վերջին շրջանում շատ ավելի հաճախ են հայտարարում, որ չեն խորշում թաքցնել ճշմարտությունը կամ սուտ են խոսում՝ այդ կերպ տարածելով կեղծ տեղեկություն: Ավտորիտար երկրների քաղաքական գործիչները, օրինակ` էրդողանը կամ Պուտինը, կամ պոպուլիստներ, օրինակ՝ Թրամփը, պարզապես դա անում են ավելի բացահայտ ու ագրեսիվ, քան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Այս դիրքորոշումը, - պարզաբանում է հեղինակը, - հաշվի չի առնում հետևյալ սկզբունքային տարբերությունը. ազատ հասարակության վերահսկողության տակ գտնվող, ժողովրդավարական պետությունը շահարկում է ճշմարտությունը, մինչդեռ  ապատեղեկատվություն տարածող ավտորիտար ռեժիմը սուտը ներկայացնում է որպես ճշմարտություն»:
Կեղծ լուրեր տարածողների համար առաջինային է մարդկանց գիտակցությունը լցնել ֆեյք լուրերով՝ կասկածի տակ դնելով օբյեկտիվ փաստերը: Փրկության օղակն, ըստ հեղինակի, հասարակության քննադատաբար տրամադրվածությունն ու հստակ դիրքորոշումն է: Չէ՞ որ ֆեյք լուրերն արևմտյան ժողովրդավարության դեմ պատերազմի մի մասն են: Հեղինակը հիշեցնում է, որ մոտ են նաև Բունդեսթագի ընտրությունները և չի բացառվում, որ Կրեմլի մասնագետները փորձեն քարողարշավին միջամտել ապատեղեկատվությամբ:
Վերլուծաբանը նկատում է, որ fake news տերմինը հակառակորդի դեմ օգտագործում են նաև դրանք արտադրողները: Քարոզարշավի ժամանակ իր դեմ քննադատաբար տրամադրված մամուլին Դոնալդ Թրամփը հաճախ էր մեղադրում «շինծու լուրեր» օգտագործելու մեջ, որպեսզի կարողանա նախապես վարկաբեկել այնտեղ հրապարակվող բացահայտումները: