Մեծապատիվ ֆինմախինատորներ. վայրի կապիտալիզմը տարերքի մեջ է

July 1, 2016

Հայաստանյան ֆինանսական շուկան վերջին երեք տասնամյակում մեքենայություններ շատ է տեսել, բայց, այդուամենայնիվ, դրանք չեն դասվում համաշխարհային մեքենայությունների ու խաբեությունների ամենաինքնատիպ օրինակների շարքին, պարզապես դասական են: Ամենադասական մեքենայությունը Հայաստանն ու հայաստանցիները տեսան Խորհրդային միության փլուզումից հետո: 90-ականների առաջին կեսին մարդկանց փողերի հոսքը հսկողության տակ վերցրին ճարպիկ կրիմինալները, գործից դուրս եկած կագեբե-ականները, կարիերայից զրկված կոմսոմոլները: Նրանք հասցրեցին ֆռռացնել բոլոր այն միամիտներին, որոնք հավատում էին, թե քանդված տնտեսության պայմաններում հնարավոր է ամիսը 20 տոկոս եկամուտ ստանալ «գյադաների» բացած բանկերից և հարստանալ՝ առանց մատը մատին խփելու:

Սովետական փողերի ամենախոշոր մեքենայությունը


1993 թվականի սեպտեմբերն էր, երբ ԱՊՀ տարածքում սովետական փողը վերջնականապես դադարեց շրջանառել: Սակայն միասնական արժույթի ջատագով Ռուսաստանը 1992 թվականին միակողմանի հրաժարվեց սովետական ռուբլուց և շրջանառության մեջ դրեց ռուսական ռուբլին: Այդ ժամանակ հայկական բանկերը կանխիկ շրջանառության էին ուղղել 95 մլրդ սովետական ռուբլի: Ընդամենը մեկ տարի անց՝ 1993-ին, երբ նորանկախ Հայաստանը թողարկեց իր ազգային արժույթը՝ դրամը, ռուսաստանյան որոշ «դեմքեր» Հայաստանի բանկերին անմիջապես առաջարկեցին «պիտանիության ժամկետը» կորցնող 120 մլրդ սովետական ռուբլի ձեռք բերել: Կենտրոնական բանկի այդ ժամանակվա նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով, այդ գումարը հաշված օրերի ընթացքում փոխանակվեց հայկական դրամով ու դարձավ պարզապես թղթի կտոր: Նրանք, ովքեր Ռուսաստանի հետ մեծամասշտաբ գործարքներ էին կատարում, կուտակել էին սովետական ռուբլու մեծ զանգված: Հայաստանի բնակիչները միամտաբար «գնեցին» «մահացող ռուբլիները»` կարծելով, թե դրանք մնալու են շրջանառության մեջ:

Ինչով՞ էին զբաղված հայկական բանկերը


Նորանկախ Հայաստանում դրամատուն հիմնելը ճոխություն չէր, ոչ էլ բարդ գործ էր: Պոպուլիստական մեկնաբանությամբ, ընդամենը մեկ բան էր պետք ունենալ՝ ռուսական արտադրության օգտագործած մեքենա, ինչպիսիք Հայաստանում շատ էին: Գինը այդ էր: 2000-3000 դոլար կապիտալով բանկերը սնկի պես ավելանում էին: 1990-ականների սկզբին 70-ից ավելի դրամատուն էր գործում: Այն օրերին տարածված անեկդոտ կար: Հանդիպում են 2 քրեական: Մեկը թե` արի բանկ կտրենք: Մյուսն էլ թե` ինչո ՞ւ կտրենք, արի բանկ բացենք: Բանկերը բարձր տոկոսներ էին խոստանում ավանդների համար՝ ընդհուպ ամիսը 30 տոկոս: Գումարը հավաքում էին և արագ լուծարվում: Աշխատանքից զուրկ հազարավոր հայաստանցիներ երկար չէին մտածում. բարձի տակ պահած վերջին դրամները բանկերի խոստումներին էին վստահում: Շռայլ խոստումներով դրամատները ամենաշուտն էին դադարեցնում գործունեությունը: «Սնանկացման մասին» օրենքն այդ ժամանակ չկար. Այն ընդունվեց 1996 թվականին: Մինչև այդ ցանկացած քաղաքացի նույնիսկ մեկ ամսով կարող էր բանկիր դառնալ: Նախքան «Սնանկացման մասին» օրենքի ի հայտ գալը 15 բանկ լուծարվեց, քաղաքացիների ավանդներն էլ կորան: Ամենախնդրահարուցը ԽՍՀՄ-ից մնացած «Արմենիա» բանկն էր: Դրամատան մի մուտքի մոտ հերթեր էին կուտակում բարձր տոկոսի ակնկալիքով եկած քաղաքացիները, մյուս մուտքի մոտ իրենց հերթին էին սպասում խաբված ավանդատուները` պահանջելով վերադարձնել իրենց ավանդները: «Արմենիայից» քիչ, այդուամենայնիվ, մեծ խաբեության ու խոստումների սցենարի արդյունքում խոշոր պարտքերով փակվեց նաև «Նոյ» բանկը:

Վաուչեր կառնեմ


Շատերն են հիշում այն մարդկանց, որոնք 1993-ից մինչև 1995-96 թթ. երևանյան փողոցներում «ժավելի սպիրտ» վաճառողի մոնոտոն ձայնով կանչում էին. «Վաուչեր կառնե ՜մ»: Վաուչերները արժեթղթերի շուկա ձևավորելու համար էին: Պետությունը թողարկեց և տարածեց դրանք, բայց մարդկանց սահմանափակ ֆինանսական գրագիտությունը թույլ չտվեց այդ արժեթղթերը լիարժեք օգտագործել: Այդ պատճառով վաուչերները արժեզրկվեցին, և շատերի պնդումը, թե հիմքում մեքենայություն էր, այնքան էլ փաստարկված չէ: Պարզապես վաուչերների առաջարկի մեծությունը չէր համապատասխանում իրական պահանջարկի ծավալին: Ահա ինչու 20000-դրամանոց վաուչերի գինը իջավ ու հասավ 2000-3000 դրամի: Եվ վաուչերները դարձան անարդյունավետ և անհետաքրքիր ֆինանսական գործիք: Մեկ այլ դիտարկմամբ, վաուչերների զանգվածային վերավաճառքի պատճառով Խորհրդային Հայաստանից մնացած ազգային հարստությունը փոշիացվեց`մաս-մաս անցնելով իշխանության լծակներ ձեռք բերած նորաստեղծ էլիտայի ձեռքը:

2000-ականների տնանկները


Բանկային համակարգի օրենսդրական դաշտն արդեն կարգավորված էր. այն խիստ էր, պահանջկոտ յուրաքանչյուր ֆինանսական կառույցի հանդեպ: Այնպես որ մեքենայությունների սիրահարներն այստեղ անելիք գրեթե չունեին: Նոր հազարամյակում մեքենայությունների էստաֆետը փոխանցվեց տնտեսության մեջ մեծ թափ հավաքող շինարարության ոլորտին: Կառուցապատողները մարդկանցից հրապարակային օֆերտայով փող էին հավաքում` նոր շենք կառուցելու և բնակարան տալու համար: Այդ փողերով շենքը կառուցում էին, ու պարզվում էր, որ մեկ բնակարանը վաճառվել է մի քանի հոգու: Սակայն այդ մասին գնորդներն իմանում էին վերջում, երբ ոգևորված՝ բնակարանամուտի էին սպասում: Կառուցապատողի այդ խարդախությունը ոչ ոք չէր կռահում, քանի որ գործարքը չէր ձևակերպվում, ռեեստր չէր վարվում: Նորակառույցում, այն էլ բազմաֆունկցիոնալ, բնակարան ունենալը դարձավ նոր դարի թրենդն ու հաջողակ լինելու առհավատչյան: Կառուցապատողի մեքենայության մեխանիզմը պարզունակ էր. նախքան շենքի կառուցումը պետք էր բնակարանի գինը սահմանել, օրինակ, 1 քմ-ը 200 դոլար, սակայն շենքը կառուցելուց հետո բնակարանի գինը եռակի բարձրացնել: Ով ցանկանում էր դառնալ նոր բնակարանի սեփականատեր, պետք է հավելյալ վճարեր, հակառակ դեպքում կմնար ձեռնունայն ու հիմարացված դրամապանակ:

Մերօրյա մեքենայություններ


Անցած տարի հայտնվեցին ասպես կոչված «բարերար ընկերություններ», որոնք առաջարկում էին անհավանական շահավետ ծառայություն. վճարեք՛ մեզ իքս գումար, և մենք կմարենք ու կսպասարկենք Ձեր բոլոր վարկերը: Գաղափարը Հայաստան եկավ Ռուսաստանից: Որոշ բանկերում 1000 դոլար պարտքի մարման փոխարեն մասնավոր ընկերությանը 300 դոլար էին վճարում և հանգիստ քնում: Բարեբախտաբար, Հայաստանում այդ մեքենայությունը կարճ կյանք ունեցավ, շուտ կանխվեց: Բանկիրներն ասում են, որ հայաստանցիների ֆինանսական գրագիտությունը հասել է նոր մակարդակի և այլևս 90-ականներինը չէ. սեփական փողը հեշտ չեն վստահում, նույնիսկ ոմանք էլ անձնական փողերի կառավարիչներ են վարձում: Բայց այստեղ էլ մեծ ռիսկեր կան: Ուրիշի մեծ փողերի կառավարիչները շրջահայաց ու հեռատես մարդիկ են, և, բնականաբար, հակված են իրենց գիտելիքը, հմտությունը, փորձն ու ակտիվությունը ի սպաս դնել սեփական բարեկեցությանը: Իհարկե, չեն հափշտակի, բայց իրենց կառավարմանը վստահված փողերի հաշվին մեծ տոկոսներ կարող են գրպանել: Ուրիշի փողերի կառավարիչների շրջանում ընդունված փորձ կա. սեփական փողերի ապահովության բարձիկ ստեղծել, որպեսզի հետագայում դադարեցնեն իրենց կախվածությունը ուրիշի փողերից և գումարները ուղղեն սեփական գաղափարների իրագործմանը: Սուպերմենեջերները սրբազան խոսք ունեն` մենեջեր չի այն մենեջերը, որը չի երազում դառնալ սեփականատեր: Խելոք մարդը չի կարող լինել աղքատ, իմաստունը` հարուստ: վիճակում, քանի որ կառուցապատողը պարզապես կվերադարձներ նախաշինարարական փուլում վճարված 200 դոլարը: Ամենահայտնի դեպքերը Երևանի կենտրոնում` «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կառուցած շենքերն են: Հավելավճարի շնորհիվ բնակիչների մի մասը այդ շենքերում դարձավ բնակարանատեր, իսկ ով պատրաստ չէր լրացուցիչ գումար տալ, ստացավ այլընտրանքային առաջարկ` տեղափոխվել Կիլիկիա թաղամասում կառուցած շենք: Այդ միտումը շարունակվեց մինչև վերջին տարիները: Արդեն ներդրվել է ռեեստրի գաղափարը, և նորակառույց շենքի ռեեստրը պետք է վարի մեկ նոտարական կազմակերպություն: Դա կադաստրին արդեն հնարավորություն է տալիս ձևակերպել գործարքը: Մնում է, որ կառուցապատողը ավարտին հասցնի շենքը: Իսկ այդպիսի ռիսկեր կան և շատ են: Մի հայտնի գործարար զուգահեռաբար զբաղվում էր երկու բիզնեսով. սեփական շենքերն ու հյուրանոցներն էր կառուցում, նաև այլ կազմակերպությունների շինարարական պատվերներ էր կատարում: Ստացվեց այնպես, որ վերջին անգամ, երբ կառուցապատողի պատվերն ընդունեց, ամբողջ գումարն ուղղեց սեփական հյուրանոցի կառուցմանը: Իսկ պատվիրատուի շենքի շինարարությունը կիսատ թողեց: Նա իր մեղքերին ու մեքենայությանը վերջ դրեց ինքնասպանությամբ:

newmag #67