Ինչպե՞ս չկորցնել ինքնատիրապետումը և առաջին օգնություն ցուցաբերել. 5 օգտակար վիդեոխորհուրդ

April 4, 2017

Առաջին օգնության հիմնական սկզբունքներն ու անվնաս դիրքերը


http://www.youtube.com/watch?v=uCDa-AhrjHo
Մինչև օգնություն ցուցաբերելը, համոզվեք, որ ձեզ որևէ վտանգ չի սպառնում, քանի որ ռիսկը ճիշտ չհաշվարկելու դեպքում հնարավոր է, որ ոչ միայն չկարողանաք օգնել տուժածին, այլև ինքներդ էլ օգնությնան կարիք ունենաք: Քայլ առաջին, նախ զանգահարեք շտապ օգնություն և հետո նոր միայն անցեք առաջին օգնություն ցուցաբերելուն: Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը կամ ցնցումններ է ունեցել, նրան պառկեցրեք անվտանգ ու հանգիստ դիրքով, որ նա կարողանա հանգիստ շնչել: Ավտոպատահարի ականատես լինելու դեպքում, երբեք մի փորձեք քաշքշելով տուժածին դուրս բերել մեքենայից, եթե չկա հրդեհի առաջացման վտանգ: Առաջին հերթին կանգնեցրեք արյունահոսությունն ու հոգեբանական օգնություն ցուցաբերեք տուժածին, խոսեք, հուսադրեք մինչև շտապ օգնության ժամանումը:

Ջերմային կամ արևային շոկ


http://www.youtube.com/watch?v=AACwAleDkN0
Երկար ժամանակ արևի տակ կամ շատ շոգ սենյակում մնալու դեպքում մարդու մոտ կարող է միանգամից առաջանալ կտրուկ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ: Կարող է երերալ: Հաճախ նման դեպքերում սկսում է սիրտը արագ աշխատել, շունչը կտրվել և չի բացառվում, որ տուժածը ուշագնաց լինի: Ի՞նչ անել նման դեպքերում: Արագ պետք է տեղափոխել տուժածին հանգիստ, զով ու ստվերոտ վայր, պառկեցնել մեջքի վրա, ապահովել , որ նա թթվածնի ստանա, սառը ջուր տալ, հանել կամ քանդել հագուստը: Հնարավորության դեպքում կարող եք սառը թրջոցներ դնել կամ մարմինը ցողել սառը ջրով:

Հոսանքահարում


http://www.youtube.com/watch?v=luTRnCoeD4c
Ամենակարևորը համոզվեք, որ ձեզ որևէ վտանգ չի սպառնում: Եթե տեսնում եք, որ մարդը պառկած է ջրափոսում և կողքին էլեկտրական լարերից կայծեր են դուրս գալ, կարիք չկա վազել ու անմիջապես ստուգել սրտի աշխատանքը: Նախ անհրաժեշտ է հոսանքազրկել տարածքը: Եթե դուք տեսնում եք հոսանքի մետաղալարը, ապա փայտի կամ պլաստմասե կըորով հեռացրեք այն տուժածից : Միայն դրանից հետո կարող եք մոտենալ ու փորձել օգնել նրան: Նախ սառը թրջոց դրեք այրվածքների վրա, պառկեցրեք անվնաս դիրքով, զանգահարեք 1-03՝ շտապ օգնության ծառայություն, եթե կա անհրաժեշտությունը հատուկ մասաժի օգնությամբ փորձեք վերականգնել սրտի աշխատանքը:


Երբ անհրաժեշտ է փրկել խեղդվողին


http://www.youtube.com/watch?v=W6E_ePBCzOA

Խեղդվողին օգնելու առաջին պայմանը հետևյալն է, թույլ չտալ, որ նա ձեզ էլ քաշի ջրի տակ: Պետք է լողալ նրա ետևից, բռնել մազերից կամ թևատակերից և գլուխը պահել ջրի մակերեսին, հենց այդ դիրքով նրան գրկած, լողալ դեպի ափ: Բարեհաջող ափ հասնելուց հետո անհրաժեշտ է հեռացնել խեղդվելու ընթացքում կուլ տված ջուրը, եթե տուժածը շնչում է , ապա պառկեցրեք նրան անվտանգ դիրքով, իսկ եթե դեռ չի շնչում ապա սկսեք կիրառել վերակնեդանացման գործընթացներ՝ արհեստական շնչառություն տվեք կամ փորձեք հատուկ մերսման միջոցով նպաստել, որ սրտխփոցները վերականգնվեն: Եվ ամենակարևորը դիմեք շտապ օգնության մասնագետների ու փրկարարների օգնությանը:


Ուշաթափություն


http://www.youtube.com/watch?v=IVb6n9osplM
Ուշաթափության հիմնական պատճառը թթվածնային քաղցն է, երբ ուղեղին բավարար քանակությամբ թթվածին չի հասնում: Նախքան ուշաթափվելը մարդը կարող է ունենալ գլխապտույտ, ականջներում խշշոց կարող է լսել, թուլություն , սրտխառնոց ու շնչահեղձություն կարող է զգալ: Նման ախտանիշներ ունեցող մարդուն անմիջապես պետք է նստեցնել կամ օգնել, որ պառկի: Քանդել հագուստը, որպեսզի նա կարողանա ազատ շնչել և ապահովել, որ նա անպայման թթվածին ստանա: Եթե դուք ինքներդ զգում եք, որ կարող եք կորցնել գիտակցությունը, փորձեք նստել կամ գնալ մարդաշատ վայր, որպեսզի ուշաթափվելու դեպքում մարդիկ տեսնեն և կարողանան ձեզ օգնել: