«Fitch»-ը Հայաստանին տվել է B+ վարկանիշ. ի՞նչ է դա նշանակում և դա լա՞վ է, թե՞ վատ

July 4, 2017

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները հաստատել է «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ:
«Ռեյտինգը նոր ներդողներին ուղղորդող չափանիշ է, այն վստահության ինդիկատոր է, որը ներկայացնում է արտասահմանյան ներդրողին վարկառուի վճարունակության, պարտքի մարման ներուժը: Հայաստանն այս առումով` կայուն է 18 ամսվա կանխատեսմամբ»,  - newmag-ի հետ զրույցում նշեց Fitch Ratings-ի  տարածաշրջանային տնօրեն Դմիտրի Սուրկովը:
Ավելի քան մեկդարյա պատմությամբ ամերիկյան հեղինակավոր կառույցը Հայաստանի վարկանիշը  հիմնավորում է մի քանի գործոնով. երկրում մեկ շնչի հաշվով եկամուտների և կառավարման ցուցանիշների համեմատաբար բարձր մակարդակով, վստահելի մոնետար քաղաքականությամբ, արտաքին անհավասարակշռությունների կրճատմամբ ու պետական պարտքի նպաստավոր կառուցվածքով: Այս տարվա տնտեսական աճի կանխատեսումն էլ Fitch-ը 2.1%-ից բարձրացրել է մինչև 3,4%:  Ու թեև Հայաստանը դեռ խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ, սակայն ունակ է դրանք հաղթահարել: Այս ամենը փաստում է, որ Հայաստանը վարում է վստահելի դրամավարկային քաղաքականություն:  



Կարդացեք նաև.



«Երկիրը շարունակում է վերականգնվել արտաքին գործոնների հետևանքով 2014-2015 թթ. առաջացած ցնցումներից: ՀՆԱ-ի աճը զգալիորեն վերականգնվել է՝ 2017թ. առաջին եռամսյակում հասնելով 6,5%-ի՝ 2016թ. աճի դանդաղ՝ 0,2% ցուցանիշից հետո: Fitch-ը վերանայել է 2017թ. Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը՝ հասցնելով այն 3,4%-ի, որը կարող է ավելի բարձրացվել հանրային հատվածում սպասվածից ավելի մեծ կապիտալ ծախսերի կատարման եւ արտահանման արագ աճի պայմաններում: Տնտեսական աճի հետագա արագացում կարող է նկատվել նաեւ 2018-2019 թթ., սակայն միջնաժամկետ ժամանակահատվածում աճի դրական հեռանկարների համար կպահանջվի ներդրումային միջավայրի հետագա բարելավում, քանի որ ներդրումների ծավալը դեռեւս ցածր է եւ կազմում է ՀՆԱ-ի 18,4%-ը»,-  կարծում են համաշխարհային հեղինակությամբ գործակալության վերլուծաբանները: 

Fitch-ը ռեյտինգավորել է ոչ միայն Հայաստանը՝ որպես պետություն, այլ նաև 3 առևտրային բանկ:  Ամերիկյան կառույցը նկատում է, որ բանկերը Կենտրոնական բանկի պահանջին բավարարելու համար ավելացրել են կապիտալիզացիան հիմնականում բաժնետերերի ներդրումների միջոցով՝ առանց պետական աջակցության անհարժեշտության: Չաշխատող վարկերը համակարգում ապրիլին կազմել են 7,3%: Արտարժույթով վարկերի և ավանդների բաժինը շարունակում է մնալ 60%-ից բարձր: Այս ամենով հանդերձ ռեյտինգավորումը տեղական դրամատներին հնարավորություն կտա մրցակցային դառնալ միջազգային ներդրումային քարտեզի վրա և ստանալ էժան ու երկար փողեր: