Foreign Policy Journal. Թուրքական ժխտողականության 101 երանգները

April 24, 2016

Թուրքիայի ներկայիս իշխանություններն այսօր կանգնած են իրենց պատմական անցյալի, ներկայի և ապագայի ճակատագրական շրջափուլի առջև` ավելի քան մեկ դար ապաշխարհությամբ և հանդգնությամբ ժխտելով իրողությունը: Հայոց Ցեղասպանությունը և հայ ժողովրդին իրենց հայրենի հողից հայրենազրկման հետևանքներն ի վերջո պետք է իրենց արժանապատիվ տեղը գտնեն քաղաքակիրթ ազգերի գիտակցության մեջ: Ծանր հետևանքների ընդունումն ու ապաշխարհությունը Թուրքիայի կառավարության կողմից ճիշտ որոշում և ելք կլինեն:

Ապրիլի 24-ին Հայաստանը աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայկական Սփյուռքի հետ միասին համախմբվում է` պատմական հիշողության մնացորդները միավորելու և մարդկային տառապանքի ու ոչնչացման մասին բարձրաձայնելու, անցյալը  դատապարտելու և նոր ոճրագործությունները կանխելու համար:

Մեկ ազգի նկատմամբ իրականացված հանցագործության դեմ պայքարող անկոտրում ոգին միջազգային օրակարգում լսելի է դարձնելու իր ձայնն ու մեսիջն է ուղարկելու մարդկությանը:
Հաշվի չառնելով հայ ժողովրդի դեմ կազմակերպված և իրականացված ցեղասպանությունն ապացուցող մեծաթիվ փաստերը՝ փաստաթղթային ապացույցներ, ոճրագործության ականատեսների վկայություններ և դիվանագիտական զեկույցներ՝ 1915 թվականից առ այսօր Թուրքիան շարունակում է ժխտել իրողությունը:
New York Times-ի  արխիվում հայտնաբերվել է 1916 թվականի փետրվարի 23-ին լույս տեսած համարը, որտեղ ներկայացված է անգլո-ֆրանսիական խորհրդարանական համաժողովի ղեկավար Լորդ Բրայսի զեկույցը հայերի նկատմամբ թուրքական վայրագությունների մասին: Հոդվածում ասվում է.
«Հայերի հետ պատահած դեպքը հատկապես թանկ է ինձ համար: Աշխարհում չկա մեկ այլ ազգ, որը հայերից առավել տառապած լինի: Տեղի ունեցածը միայն կրոնական մոլեռանդության արդյունք չէր, այլ ավազակների կողմից կանխամտածված ատելություն էր` ի դեմս թուրքական կառավարության, որն Օսմանյան կայսրության տարածքում բացի սեփականից չէր ցանկանում տեսնել որևէ այլ ազգային տարրեր»:

Փորձելով սպանել մի ամբողջ քաղաքակրթություն և մշակույթ` Օսմանյան Թուրքիայի կառավարությունը տեղահանեց հայերին` տղամարդկանց, կանանց և երեխաներին մահվան երթով ուղղելով Սիրիական անապատ: ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն ավելի ուշ իր հուշերում գրել է.«Երբ թուրքական իշխանությունները հայերին տեղահանելու հրաման տվեցին, դա պարզապես մի ամբողջ ժողովրդի ոչնչացման հրաման էր, և ինձ հետ բանակացությունների ժամանակ նրանք ջանք չգործադրեցին այդ փաստը հերքելու կամ թաքցնելու համար»:
Թուրքիայի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ժխտողականությունը հիշողության մոռացության փորձ է, որի ետևում թաքնված է մի ամբողջ ժողովրդի բնաջնջում: Անկախ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից և Թուրքիայի համաշխարհային քաղաքականության համար դրանց աշխարհաքաղաքական նշանակությունից` ավելի քան ակնհայտ է, որ համաշխարհային առաջնորդի դերը ստանձնելու Թուրքիայի բոլոր միջոցները հակասում են բարոյականությանն ու արդարությանը:
Նման քաղաքականությունից որդեգրած հրաժարվելու ցանկության բացակայությունը հարիր է միայն կարճաժամկետ հեռանկարներով մտածող քաղաքական գործիչներին:

Արդարության առերեսման պահին չկան «խելացի մերժումներ»` անկախ թուրքական իշխանությունների քաղաքական, ռազմավարական քայլերից, որոնք փորձում են խուսանավել փակ դռների ետևում: Մերժումները լինում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ, սակայն իրականության մեջ նրանք երբեք չեն հասունանում:
Իրողությունը չի կորչի անհայտության մեջ` անկախ նրանից, թե ժխտման հարյուրմեկ երանգները որքան ամուր կծածկեն ճշմարտությունը: Եվ նրանք, որոնք ընդունել են դա, վաղ թե ուշ կհայտնվեն պատմության փոշեկույտում: Երկիրը տանել մերժման վրա հիմնված գաղափարախոսությամբ` նշանակում է չունենալ ռազմավարություն, նպատակներ և ապագայի տեսլական: Սա վկայում է բարոյական ժխտման մասին: