Համահայկական ճամփորդության բացառիկ մանրամասները՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքում (տեսանյութ)

July 18, 2023

28 հազար կիլոմետր՝ 7 օրում: Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ և Դոնի Ռոստով: Թուրքիա-Հայաստան հարաբերություններում ամենակարևոր կողմի՝ սփյուռքի դիրքորոշումն առաջին անգամ դրվեց համահայկական սփոթլայթում: Նախագահ Սերժ Սարգսյանի նախադեպը չունեցող ճամփորդության մասին Սամվել Ֆարմանյանը գրի է առել «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքում։ Այդ ժամանակ նա երրորդ նախագահի մամուլի քարտուղարն էր ու հնարավորություն ուներ հետևել՝ ինչ է կատարվում բանակցային գործընթացի հետնաբեմում։ Տարիներ անց քաղաքական առանցքային իրադարձությունների մասին օրագրի գրառումները ներկայացրել է գրքում։

Հայաստանի նախագահի նախադեպը չունեցող քայլը՝ ուղևորությունը հայկական փոթորկված համայնքներ, նպատակ ուներ պարզաբանել արձանագրությունները, իրականությունն ու լեգենդները, բայց կար նաև խորքային նպատակը: Համահայկական ուղևորությունն այն միջոցն էր, որով Թուրքիայի և Միացյալ Նահանգների առաջ դրվելու էր հայության զանգվածային դժգոհությունն ու ընդվզումը, այն գինը, որը վճարում էր Սարգսյանի իշխանությունը և հասկացնելու համար ներգրավված կողմերին, որ պետք է օգտվել ստեղծված պատեհ հնարավորությունից ու գնալ հարաբերությունների կարգավորման։

Եվ այսպես՝ առաջին կանգառը՝ Փարիզ: Փարիզում առաջին հասցեն՝ Կոմիտաս: Խորհրդանշական, ինչպես սիրում և անմիջապես հասկանում են թուրքերը: Զայրացած ֆրանսահայեր, որ իրարանցում, խառնաշփոթ ու հրմշտոց սկսեցին: ֆրանսիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներ, որ ստիպված էին ուժով մի կողմ տանել ամենատաքարյուն հայերին:  

Ֆրանսահայերի առաջնորդներից մեկը՝ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան արգելվել է Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա կազմակերպելու համար, ամենափոթորկվածն էր: Դահիլճում, ավելի հանդարտ պայմաններում, համայնքի ամենահեղինակավոր ներկայացուցիչները հավասարակշիռ դիմադրությամբ էին: Միշել Լեգրանը ողջունեց հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը, բայց տվեց գլխավոր հարցը:

Նյու Յորք. Հիմնականում հիսունն անց ցուցարարները այնպիսի կարգապահությամբ ու երգեցիկ հանգերով էին արտաբերում նախագահի դեմ կարգախոսները, որ նախագահի պատվիրակությունը, ում բոյկոտում էին, համակրանքով էր լցվում ցուցարարների հանդեպ։  Համայնքի հետ հանդիպումը ձգվեց 8 ժամ: Սարգսյանն ասաց, որ արձանագրությունները չեն փակում Ցեղասպանության միջազգային ճանաչման էջը, ճիշտ հակառակը՝ նոր ճակատ են բացում, և այդ ճակատն արդեն բուն թուրքական հանրությունն է. «Համոզված եմ, որ օգտակար էր»: 

Լոս Անջելես. Այստեղ սպասելիքներ ուներ նախագահի աշխատակազմը: Այցի ժամանակացույցն այնպես էին կազմել, որ օրը լինի կիրակի, որ հնարավորին չափ մեծ թվով հայեր կարողանան դուրս գալ բողոքի։ Եվ հենց սկզբից պարզ էր՝ ամեն ինչ այդպես էլ լինելու է: Գլենդելի օդում ժամեր շարունակ սավառնում էր հատուկ ուղղաթիռ, որին ամրացված դրոշի վրա անգլերեն գրված էր «Ոչ արձանագրություններին»:  

Ամենատպավորիչ դրվագը եղավ պատմական հետահայացը: Սերժ Սարգսյանին հիշեցրեցին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի պատմությունը: Սադաթը դարձավ Իսրայել այցելած, Իսրայելի հետ հաշտված, խաղաղության պայմանագիր կնքած մուսուլմանական առաջին երկրի ղեկավարը: Բայց նրա պատմությունն ուներ նաև երկրորդ երեսը՝ Եգիպտոսի ծայրահեղականները, Սադաթի քայլերը համարելով դավաճանություն կրոնակից պաղեստինցի ժողովրդի նկատմամբ, Կահիրեում ռազմական շքերթի ժամանակ սպանեցին նրան։  

Եվ հաջորդ օրը հայկական նախագահական պատվիրակությունը Միջին Արևելքում էր՝ Բեյրութ: Օդանավակայանից սկսած լարվածությունն աննկարագրելի էր: Առաջարկում էին Էդվարդ Նալբանդյանին վառել Բուրջ Համուդի հրապարակում: Փոթորիկն առաջնորդում էր Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսը: Սերժ Սարգսյանը վեհափառ հայրապետին այցելեց երկու անգամ: Նախ՝ կեսգիշերին մոտ և միայն դրանից հետո հանձնարարվեց պատրաստել պաշտոնական այցը՝ հաջորդ առավոտյան:  

Համահայկական ուղևորության վերջին կանգառը Դոնի Ռոստովն էր։ Լարվածության ու աղմուկի իսպառ բացակայություն։ Մեդվեդևի, Պուտինի ու Լավրովի հրապարակային հայտարարությունները Ռուսաստանի հայերի համար անանցանելի պատնեշ էին՝ դիմելու բողոքի որևէ կազմակերպված գործողության։ Բայց մի բան նույնն էր՝ հայ համայնքի հետ հանդիպում ձգվեց երկար, ավարտվեց կեսգիշերին: Երևանում լույսը չբացված՝ նախագահական օդանավը վերադարձի վայրէջքն էր կատարում:

Կարդացեք նաև