«Միայնակ ընդդեմ ճակատագրի» գիրքը ներկայացնում է՝ ինչո՞ւ և ինչպե՞ս սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը (տեսանյութ)
Հայաստանի և Թուրքիայի միջև ամեն ինչ պարզ է՝ թելադրված անցյալով, կատարվածով, ողբերգությամբ: Մեկդարյա ցավի ծանրությանն ավելացավ նոր արյուն: Արցախում թուրքական շունչը ոչ ոք անգամ ձևականորեն չի թաքցնում: «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքում Սամվել Ֆարմանյանը նե
Ներկայի մերկ ճշմարտությունը սա է` Թուրքիայի նախագահ, որը Բաքվում փառավարում է Ցեղասպանության ոճրագործին: Սրան ճիշտ զուգահեռ այն իրականությունն է, որը «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքում նշում է հեղինակը. «Բարձրագույն իշխանության պատուհանից այդ պարզ ճշմարտությունը տեսանելի է եղել Հայաստանի բոլոր առաջնորդներին: Ո՛չ մեր պետության գոյությունը եւ ո՛չ էլ նրա անկախությունը երաշխավորված չեն, քանի դեռ այն բնականոն հարաբերություններ չի հաստատել իր անմիջական հարևանների հետ»:
«Թուրքն ու աշխարհը փոխվել են», թե «թուրքը մնացել է թուրք»: Բաժանված երկու ճամբարի. սա այն վիճակն էր, որում 15 տարի առաջ Հայաստանը, արցախյան պատերազմում հաղթածի դիրքից, արեց քայլը՝ կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ:
Հատված «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքից. «Անհավատալի ու պարադոքսալ է, բայց հայաստանակենտրոն մտածողությունը, թե ինչպես, ճիշտ քարտեզագրելով մեծ խաղացողների շահերն ու երկու պետությունների իրական հնարավորությունը, հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ այդ ճանապարհին չկորցնելով սեփական հիշողությունն ու չշեղվելով սեփական շահերից, մարտնչող երկու ծայրահեղությունների արանքում մնում էր ամենաչպահանջվածը»:
Ամերիկյան ակնառու միջնորդությունը, որ որոշ դրվագներում վերածվում էր ամենաիսկական ջանքի, նկատելիորեն զսպում էր թուրքերին ու առաջ շարժում գործընթացը: Արդյունքում՝ Հայաստանի նախագահին ուղղված դավաճանության մեղադրանքները հնչում էին ավելի բարձր:
Հատված «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքից. «Ես չեմ ասում, որ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորի ամեն գնով: Ես ասում եմ, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»:
Տնտեսական շահը հայկական օրակարգում ամենևին էլ ամենաէականը չէր: Թեև երեք տասնամյակ փակ սահմանի հետևանքները ոչ ոք չէր հերքում: Գլխավորը՝ անվտանգությունն էր՝ զսպելով Թուրքիային:
Հատված «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքից. «Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը, բացի այն, որ դրականորեն կփոխեր անվտանգային միջավայրը մեր երկրի շուրջ, նպաստավոր դիրք կերաշխավորեր նաեւ արցախյան բանակցություններում»:
Այս բանակցությունների արանքում՝ Ռուսաստանը, որը սեփական շահերը ձևակերպում է հստակ՝ Հայաստանը, այո, դաշնակից է, բայց Ադրբեջանը թշնամի չէ, ռազմավարական գործընկեր է: Եվ սա արտացոլվում էր արցախյան բանակցություններում: Հայ-թուրքական կարգավորման գործընթացը հակակշռելու փորձ էր, պարան, որից բռնվելով պետք էր ընդլայնել Վաշինգտոնի հետ հարաբերությունները, ստեղծվելու էր հայ-ամերիկյան օրակարգ:
Հատված «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքից. «Միացյալ Նահանգների հետ ընդհանուր օրակարգ ձեւավորելը Հայաստանին լրացուցիչ վստահություն էր հաղորդելու առաջին հերթին արցախյան բանակցությունների ճակատում՝ ստանալով միջնորդների միջեւ մանեւրելու լրացուցիչ տարածություն, բացառելու արցախյան բանակցություններում Ռուսաստանի՝ առաջին ջութակի դերով թելադրված ու չբացառվող սցենարը»:
Էրդողանի դավոսյան սկանդալը չափազանց հայտնի է, Թուրքիայի փրփրած նախագահն արտառոց հիստերիայից հետո, րոպեներ անց հանդիպման էր՝ Հայաստանի նախագահի հետ: Հենց այստեղ եղավ առաջին հստակ ազդակը, որ «առանց նախապայմանների» ձևաչափը չի գործելու, իսկ թուրքական նախապայմանները՝ Արցախ, Ցեղասպանություն, հայկական օրակարգում տեղ ունենալ չէին կարող: Սարգսյան-Էրդողան դավոսյան առաջին շփումից մինչև թուրքական կողմի խնդրանքով մեկուկես ժամանոց վաշինգտոնյան հանդիպում:
Վերջակետն ուրվագծվում էր ավելի հստակ: Վաշինգտոնում թուրքական կողմը, Էրդողանն առաջին անգամ, առանց այլեւայլության ու ենթատեքստի, բաց ասաց, որ չի կարող վավերացնել արձանագրությունները՝ առանց իրենց նախապայմանների բավարարման: Հայաստանի ուղիղ պատասխանը Էրդողանին հնչեց դրանից 4 տարի անց:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի. Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գիրքը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ «Միայնակ ընդդեմ ճակատագրի. Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
- 10 փաստ՝ «Ֆուտբոլային դիվանագիտություն» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)