Ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը։ Ի՞նչ ընտրության առաջ էր կանգնած Հայաստանը։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում Նյու Յորքում, Դավոսում, Մյունխենում, Պրահայում, Ստամբուլում, Ցյուրիխում եւ Բուրսայում։
Սամվել Ֆարմանյանն ականատեսի վկայություններով ներկայացնում է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքը։ Առաջին անգամ գաղտնազերծվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները, որոնք 2008-2010 թթ. վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի եւ այլ պաշտոնյաների հետ։ Ներկայացվում է կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի իրական քարտեզը, ներգրավված կողմերի իրարամերժ նպատակները, ինտրիգային հետնաբեմն ու որոշումների տրամաբանությունը։
Հուշագրությունը կօգնի հասկանալ հայ-թուրքական ու արցախյան հիմնախնդիրները, բացահայտել տարածաշրջանային իրողությունների պատճառահետեւանքային կապերը՝ հասնելով մեր օրեր։ Գիրքը կհետաքրքրի պատմաբաններին, պետական, քաղաքական, հասարակական գործիչներին, դիվանագետներին, լրագրողներին, վերլուծաբաններին ու հետաքրքրասեր ընթերցողներին։