Տեղի ունեցավ Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

April 11, 2023

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարևորագույն շրջադարձը, Թուրքիայի նախագահին Երևան հրավիրելուց մինչև հայտնի արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելը․ինչ է կատարվել այս ամենի հետնաբեմում, ինչպես են կայացվել որոշումները, ինչ հանգամանքներ, արտառոց ու մինչև այսօր չլսված դրվագներ են եղել։ Այս ամենի ականատես Սամվել Ֆարմանյանը գրել է «Միայնակ ընդդեմ ճակատագրի․ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գիրքը, որի հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիայի «Բարի լույս» հաղորդման ընթացքում։

«Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանի գնահատմամբ՝ կատարվել է հիմնավոր և մանրակրկիտ աշխատանք։ Սա գիտական ժանրի կառուցվածքով աշխատություն է՝ լի  բացահայտումներով, վերլուծություններով ու ամեն գլխում. «Մենք էլ այս իրադարձություններ լուսաբանել ենք, ու թվում էր նորությունների ու բացահայտումների չեմ հանդիպելու, սակայան բանակցությունների ընթացքում ինչ է տեղի ունեցել, ինչ քննարկումներ են տեղի ունցել, ամբողջությամբ նորություն է»։ 

 

Ըստ Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթևոսյանի՝ Սամվել Ֆարմանյանի հուշագրությունը վերլուծական և գիտական համայնքի համար պարունակում է կարևոր նորություններ, բացահայտումներ։ Հեղինակին հաջողվել է վերականգնել բանակցություններից այնպիսի դրվագներ, մանրամասներ, երկխոսություններ, որ, գուցե, մոռացվել են հենց մասնակիցները.

«Պատմական կարևոր փաստեր են ներառված գրքում, որոնք պետք է փոխանցել հաջորդ սերունդներին։ Երկար ժամանակ չի կատարվել այսպիսի աշխատանք։ Հարկավոր է հանձնարարել ուսանողներին, որ պարտադիր ընթերցեն կարևոր իրադարձությունները հետազոտելու ժամանակ, քանի որ գիրքն առաջին աղբյուր է։ Այս աշխատանքն ունի նաև կիրառելություն, այստեղ կան բառացի վերարտադրություններ, դրվագներ, որոնք կարող են դառնալ կարևոր նյութ դիվանագիտական կորպուսի, միջազգային հարաբերությունների, պատմական ֆակուլտետների դասախոսների և ուսանողների համար»։

                                                                                                                                                                             

Գրքի պրոեկտ մենեջեր Անի Ավետյանի խոսքով, Newmag-ը միշտ խնամքով է ընտրում այն աշխատությունները, որոնք կապ ունեն հայ-թուրքական հարաբերություններին. «Սամվել Ֆարմանյանի գրքում կան տեղեկություններ, որոնք բացառիկ են նույնիսկ այդ շրջանում աշխատող փորձագետների համար։ Ոչ բոլորը գիտեն՝ ինչ է կատարվել կուլիսներից այն կողմ։ Հայաստանի քաղաքացիները վճռորոշ փուլում են այսօր։ Հայաստան-Թուրքիա հարբերությունների կարգավորման շրջափուլ է, ու այս գիրքը հետահայաց ցույց կտա՝ ինչ է կատարվել մինչ այսօր, իսկ մասնագիտական համայնքի համար խոշորացույց է այդ հարաբերությունների վերաբերյալ»։

Հայ-թուրքական բարդ հարաբերությունների մասին Հայաստանի վերլուծական հանրույթում շատերն են խոսել, բայց քչերն են փորձել գիտական մեթոդաբանության կիրառմամբ քննել խնդրի չերևացող կողմերը։ Սամվել Ֆարմանյանի խոսքով, գիրքն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել. «Գիրքը տասը տարվա դիվանագիտական փորձի մասին է։ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի նախագահների ու արտգործնախարարների հետ բանակցությունների մասին տեղեկություններ են։ Մեզ մինչ այժմ հայտնի չի եղել փակ դռներից այն կողմ՝ ինչ է կատարվել։ Հայ ժողովուրդը չի իմացել մինչ այս, որ փակ դռների հետևում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մի քանի անգամ առաջարկում է ԼՂՀ հարակից յոթ շրջաններից երկուսը հանձնել Ադրբեջանին, ու դրա դիմաց նախագահին շնորհելու էին Խաղաղության նոբելյան մրցանակ։ Իհարկե, բոլոր առաջարկներն էլ մերժվել են։ Նման փաստեր շատ են գաղտնազերծված գրքում»։  

 

Գրքի հեղինակ Սամվել Ֆարմանյանն ընդգծում է, որ ընթերցողն ինքն իր համար շատ հարցերի պատասխաններ կարող է գտնել գրքում և ժամանակագրական կապը բերել հասցնել մինչև 2018թ.և դրան հաջորդող իրադարձություններ։

Կարդացեք նաև