Newmag-ը ներկայացնում է Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի. Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գիրքը (թրեյլեր)

March 23, 2023

«Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքում Սամվել Ֆարմանյանն առաջին անգամ գաղտնազերծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008-ից 2010 թթ. բանակցությունները, որոնք վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի հետ։ Հեղինակն ականատեսի վկայություններով ներկայացնում է նաև ֆուտբոլային դիվանագիտության քրոնիկոնը։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 24-ին, 19.00-ին, Անի Գրանդ հյուրանոցում:

Սամվել Ֆարմանյանը 2008-ից 2010 թվականներին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարն էր: Ու պետծառայության տարիներին օրագիր էր պահում, որտեղ էլ  գրառումներ էր կատարում տեղի ունեցած քաղաքական առանցքային իրադարձությունների մասին: Ու հենց այդ ժամանակ էլ որոշել էր՝ մի օր պատեհ պահին կշարադրի գրքում. «Չէ՞ որ պատմական կարևոր իրադարձություններն ուսումնասիրելիս մասնագետների առաջին հայացքն ուղղվում է հենց նման աղբյուրներին՝ այդ դեպքերի մասնակիցների կամ ականատեսների հուշագրություններին ու վկայություններին: Երբ հուշագրության գաղափարը միս ու արյուն ստացավ, պետք էր հասկանալ, թե հատկապես ո՛ր իրադարձությունների վրա արժի սևեռել ուշադրությունս»:

Այդ փուլում արտաքին ու ներքին քաղաքական դաշտը լի էր պատմական իրադարձություններով: Հայաստանում ու նրա շուրջ տեղի ունեցած կարևոր նշանակության առանցքային զարգացումները երեքն էին՝ Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փորձը՝ ֆուտբոլային դիվանագիտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները և 2018 թ. ներքաղաքական ճգնաժամն ու իշխանափոխությունը: «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքում տեղ են գտել կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի իրական քարտեզը, ներգրավված կողմերի իրարամերժ նպատակները, ինտրիգային հետնաբեմն ու որոշումների տրամաբանությունը:

Գրքում առաջին անգամ նկարագրված է համահայկական շրջագայությունը: 28 հազար կիլոմետր 7 օրում՝ Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ և Դոնի Ռոստով: Հայաստանի նախագահի նախադեպը չունեցող քայլը՝ ուղևորությունը հայկական փոթորկված համայնքներ, արձանագրությունների մասին իրականությունն ու լեգենդները պարզաբանելուց բացի ուներ նաև խորքային նպատակ:

                                                                         

Օրագրի նշումներին անդրադառնալ ու դրանք հրատարակելու գաղափարն օրհասական դարձավ հատկապես հեղափոխությունից հետո, երբ փաստերն ու իրողությունները կեղծվում և հանրությանը ներկայացվում էր բոլորովին այլ բովանդակությամբ. «Ցանկություն առաջացավ գրելու այս հուշագրությունը, քաղաքական նշանակալի իրադարձությունների վերաբերյալ ականատեսի իմ հիշողությունն ու շատ դեպքերում բացառիկ տեղեկությունները փոխանցելու գալիք սերունդներին: Երբ աչքիդ առաջ խեղաթյուրվում է իրականությունը, դա դեռ քաղաքականություն է, կարելի է վրդովվել ու առաջ գնալ: Բայց երբ ուրանում են «պատմությունը», դա այլ բան է. փչացած հիշողությունն ամենամեծ չարիքն է, որն ունակ է գիլիոտին դառնալ յուրաքանչյուր ժողովրդի գլխին:

Հեղափոխությունը այդպես էլ լինում է. արթնանում ես, ու երեկվա իրականությունն արդեն չկա, այլ է մթնոլորտը, ուրիշ են արժեքները, այլակերպ են հարաբերություններն ու նույնիսկ քո ճանաչած մարդիկ: Ամեն ինչ տարբեր է: Երեկվա ընկերներն ու բարեկամները հայտնվել էին բարիկադների տարբեր կողմերում, ամենավերջին բառերով պիտակավորում ու վիրավորում էին նրանց, ում դեռ երեկ ամենաճոռոմ բառերով գովերգում էին ու ուղիներ փնտրում՝ նրանց ուշադրությանն ու երբեմն նույնիսկ բարեհաճ հայացքին արժանանալու համար»:

«Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի հրատարակմանն աջակցել է «Արդյունաբերողների և գործարարների» միության նախագահ Արսեն Ղազարյանը: Շնորհադեսը տեղի կունենա մարտի 24-ին, 19.00-ին, Անի Գրանդ հյուրանոցում, ներկա կգտնվեն հուշագրության առանցքային դեմքերը: Գիրքը կվաճառվի հատուկ զեղչով։ Մուտքն ազատ է: