Տեղի ունեցավ «Միայնակ ընդդեմ ճակատագրի. Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

March 25, 2023

«Ֆուտբոլային դիվանագիտության» վեց ժամերի ամբողջ քրոնիկոնն ու հայ-թուրքական ամբողջ գործընթացը՝ մեկ հուշագրությամբ: Newmag-ը հրատարակել է 2008-ին նախագահ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ Ճակատագրի» գիրքը:

Ֆուտբոլային, բայց բովանդակությամբ շախմատային պարտիա: Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն իրականում ազդարարեց այն, ինչ տարիներ անց պիտի կոչեին ֆուտբոլային դիվանագիտություն: Այս պատմական գործընթացում կարևոր, խոսուն ու որոշիչ էին բոլոր դրվագներն ու դետալները:

  

Թուրքիայի նախագահին Հայաստան բերած օդանավի շարժիչը Երևանում եղած վեց ժամերին չանջատվեց և ոչ մի վայրկյան:  Թուրքական կողմը հաշվարկել էր ամեն ինչ, հաշվի էին առել բոլոր մանրուքները՝ բացի մեկից: Ովքեր և ինչպես նախագահականում երկու անգամ Գյուլի աչքի առաջ դրեցին Արարատը: Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ յուրաքանչյուր պատմաբան հստակ առաքելություն ունի․

«Կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք պատմության տարբեր փուլերում զբաղեցրել են պետական տարբեր պաշտոններ, որքան բարձր այնքան ավելի պարտադիր, պարտավոր են նաև իրենց իմացածն ու տիրապետած տեղեկությունները փոխանցել ոչ միայն մեզ՝ ժամանակակիցներիս, այլև գալիք սերունդներին»։

 

Շնորհանդեսին ներկա էր գրքի գլխավոր հերոսը, գործընթացի առանցքային դերակատարը:Սերժ Սարգսյանը շնորհանդեսից հետո կիսվեց իր տպավորություններով լրագրողների հետ․

«Կարծում եմ, որ Սամվել Ֆարմանյանը մեծ գործ է կատարել, արդեն ինձ գիրք նվիրել է, մեկ երկու օրվա ընթացքում կկարդամ, բայց ես չեմ կասկածել երբեք նրա ո՛չ հիշողության, ո՛չ ունակությունների վրա՝ դեպքերը ներքին ինչ-որ համակարգով նկարահանելու, հետո գրի առնելու»։

 

Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը, քաղաքական և բանակցային գաղտնազերծված մանրամասները և ավելին՝ ականատեսի վկայությամբ: Գիրքը կարևոր շեշտադրումներ ունի բոլորի համար՝ լրագրողներից մինչև քաղաքական գործիչներ և գիտնականներ: Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը ընդգծեց այս գրքի կարևորությունը․

«Սամվել Ֆարմանյանի աշխատանքը վերլուծական հանրույթի և գիտական համայնքի համար պարունակում է կարևոր շերտեր, նորություններ, բացահայտումներ ոչ միայն այն պատճառով, որ նա այդ ամենին հետևել է ի պաշտոնե, այլ նաև այն հանգամանքով պայմանավորված, որ պատմությունն ու քաղաքականությունը Սամվելի համար ունեն միանգամայն այլ կառուցակարգ»:

Ամերիկյան միջնորդությունը, խաղաղության նոբելյան մրցանակի մասին խոստումները և սփյուռքի ցասումը. Գրքում հայ-թուրքական գործընթացն է՝ բոլոր շերտերով ու դերակատարներով: Խմբագիր Արմեն Ամիրխանյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար․

 

«Խոնարհ ծառան և Newmag-ի ղեկավարը եղել ենք այս իրադարձությունների լուսաբանման առաջնագծում և մանրամասներով գիտեինք այդ ամենը, բայց գիրքը իրական հայտնություն էր՝ իր բոլոր հետաքրքիր մանրամասներով »:

Ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում գնդակը մնաց թուրքիայի դաշտում, իսկ անկարայի նախապայմաններին և արձանագրությունները չվավերացնելու սպառնալիքներին հայկական կողմի պատասխանը մեկն էր՝ գրողի ծոցը վավերացնեք։