Գերմանացի ռեժիսորի հայաստանյան բացահայտումները. ամեն ինչ սկսվեց Կոմիտասից

June 4, 2017

Հայաստանն իր բազմադարյա պատմությամբ ու հարուստ մշակութային ժառանգությամբ նոր բացահայտումների աղբյուր է ուշագրավ  հաղորդումներ  պատրաստել ցանկացող ռեժիսորի  համար: Գերմանացի ռեժիսոր  Դանիել Գութմանն էլ մի օր լսելով Սայաթ Նովայի, Կոմիտասի անունները, որոշեց  Հայաստան գալ: Եկավ, պատրաստեց առաջին հաղորդումներն ու սիրեց Հայաստանը, հայկական մշակույթն ու հայի ոգին:
_ Հայաստանյան թեմաներով ռադիոհաղորդումներս հաջողված էին և սիրով ու հետաքրքրությամբ ընդունվեցին գերմանացի ունկնդրի կողմից: Չեմ ուզում, սակայն, բավարարվել փոքր նախագծերով. մտադիր եմ մեծ ու հնչեղ ֆիլմեր նկարել ինձ շատ սիրելի ու հոգեհարազատ Կոմիտասի և Սայաթ Նովայի մասին. արդեն բավական քայլեր կատարել եմ այդ ուղղությամբ, սակայն իսկապես խոշոր նախագծեր կյանքի կոչելու համար տարիների աշխատանք է հարկավոր: Բանը նրանում չէ, որ չկա հետաքրքրություն նման պրոյեկտների հանդեպ, ոչ, պարզապես պետք է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել:
Գերմանացի ռեժիսոր Դանիել Գութմանը ծնվել է 1965 թվականին: Դպրոցն ավարտել է Ֆրանսիայում: Բարձրագույն կրթություն ստացել է Փարիզում՝ ստանալով ռեժիսորի ասիստենտի որակավորում: Ուսումը շարունակել է Բեռլինի Ազատ համալսարանի փիլիսոփայության, էթնոլոգիայի ու ռոմանիստիկայի ֆակուլտետում և Փարիզի Փիլիսոփայության միջազգային քոլեջում: ԴԱԱԴ կրթաթոշակակիր է: 1998-2000 թթ. աշխատել  է Փարիզի ու Բրյուսելի ARD ստուդիաների խմբագրություններում որպես ասիստենտ: 2000-2002 թթ. Եվրոխորհրդարանում եղել է Արևմտագերմանական ռադիոյի (WDR)  Եվրոպական ֆորումի ղեկավարի օգնական: 1998-ից  հեղինակել է մի շարք ռադիո- ու հեռուստահաղորդումներ, ռեպորտաժներ գրականության, փիլիսոփայության, ֆիլմարվեստի, Եվրոպայի պատմության ու մշակույթի բնագավառներում: Դանիել Գութմանի գործունեությունը վաղուց է դուրս եկել Գերմանիայի սահմաններից, և նրա աշխատանքներում քիչ չեն անդրադարձները Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իսրայելի պատմությանն ու մշակույթին: Դանիելի ֆիլմերն ու ռադիոհաղորդումները հեռարձակվում են գերմանական հայտնի ռադիո- ու հեռուստաալիքներով: Իր աշխատանքային գործունեության ընթացքում գերմանացի ռեժիսորն արժանացել է մի շարք մրցանակների ու հայտնի հիմնադրամների  կրթաթոշակների, ինչպիսին օրինակ Ռոբերտ Բոշ հիմնադրամի կողմից 2015-ին ստացած կրթաթոշակն է:
2009-ին Դանիելը մի քանի այլ ֆիլմարտադրողների հետ միասին հիմնել է ՙԴանիել Գութման՚ կինոընկերությունը, որի նպատակը փաստագրական, խաղարկային ֆիլմերի ու հեռուստառեպորտաժների պատրաստումն է:
_ Իմ առաջին  ՙհանդիպումը՚ Հայաստանի հետ տեղի ունեցավ, երբ դեռ ուսանող էի և Ֆրանսիայում ֆիլմարվեստ էի ուսումնասիրում: Դա 1980-ականներին էր: Մի անգամ  ներկա եղա  Խորհրդային, ավելի  ճիշտ վրացական ֆիլմերի մի փառատոնի, որի ընթացքում բազմաթիվ Խորհրդային ֆիլմեր դիտեցի, այդ թվում՝ Փարաջանովի ՙՍայաթ Նովա՚ (ՙՆռան գույնը՚) ֆիլմը:  Այդ ֆիլմն անչափ  հավանեցի, գտնում էի, որ  այն հիանալի է ու առեղծվածներով լի: Այն  ինձ համար կարծես պատուհան էր դեպի  նոր ու էկզոտիկ մի աշխարհ: Սայաթ Նովայի անունը պահեցի մտքումս ու փորձում էի նրա մասին հնարավորինս շատ տեղեկություններ գտնել: Գտա նրա մի քանի գրվածքների ֆրանսերեն թարգմանությունը, ապա  նաև անգլիացի ուսումնասիրողի մի հաստափոր աշխատություն, կարդացի:  
Դեռ ուսանող տարիներից մի վրացի ընկեր ունեի, ով Թիֆլիսում էր ապրում, ու քանի որ կարդացել էի, որ Սայաթ Նովան Թիֆլիսում է ապրել,  2005-ին մեկնեցի  Թիֆլիս՝  ընկերոջս մոտ: Այնտեղ ես Սայաթ Նովայի ու Փարաջանովի մասին բավական տեղեկություններ հավաքեցի: Ու այդպես իմ որոնումներն ինձ մոտեցրին Հայաստանին:
Հաջորդ քայլս եղավ  վրացական ու հայկական ֆիլմարվեստի մասին հաղորդման պատրաստումը՚:
Տարիներ անցան: 2007-ին կյանքը Դանիելին նոր  թելերով ընդմիշտ կապեց Հայաստանին. Գերմանիայում Սայաթ Նովային նվիրված մի միջոցառման ժամանակ Դանիելը ծանոթացավ  ապագա կնոջ՝ հայուհի Անահիտի հետ:
ՙ_ Հետո արդեն սկսեցի հաճախ լինել Հայաստանում, մոտիկից ու ավելի լավ ճանաչեցի  Հայաստանը, մի փոքր էլ հայերեն սովորեցի՚:
Շուտով Դանիելի այցելությունները Հայաստան սկսեցին  կրել ոչ միայն անձնական, այլև գործնական բնույթ: Նրա առջև նոր հեռանկարներ բացվեցին: Եվ 2009-2015թթ. ընթացքում գերմանացի ռեժիսորը  հայաստանյան թեմաներով մի քանի ռադիոհաղորումներ ու ֆիլմ  նկարահանեց:
http://soundcloud.com/daniel-guthmann/sayat-nova-feature
_Հայկական նախագծերն ինձ համար տարբերվում են այլ նախագծերից, քանի որ Հայաստանի հետ նաև այլ կապերով եմ կապված: Բացի  դա՝ Հայաստանն ինձ համար նոր է, այստեղ բացահայտելու շատ բան կա: Հմայված եմ հատկապես հայկական երաժշտությամբ՝ Կոմիտաս, Սայաթ Նովա: Քրիստոնեական մշակույթը, եկեղեցիներն ու վանքերը, բնությունը հիասքանչ են: Ես սիրում եմ հայկական մշակույթն ու ոգին: Կարծում եմ, որ պետք է ավելի շատ նպասել այդ յուրօրինակ մշակույթի տարածմանը, ավելի շատ, քան գուցե հիմա դա արվում է՚:
ՙՀաշտության սահմանները՚ ֆիլմը (2009)  Հայաստանի մասին Դանիելի առաջին նախագիծն է: Այդ ֆիլմում Հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրության ֆոնին, ներկայացվում են տեղեկություններ Հայոց ցեղասպանության մասին, Մեծ Եղեռնը  վերապրածների վկայություններ, ինչպես նաև հայազգի մի շարք անվանի պատմաբանների, հոգևորականների, կոմպոզիտորների, նկարիչների ու գործարարների կարծիքները այդ արձանագրության ու սահմանի հնարավոր բացման վերաբերյալ: Ֆիլմում խոսվում է նաև Հրանտ Դինքի ու նրա սպանության մասին:
http://www.youtube.com/watch?v=xIa0licfHec
Մի քանի տարի անց Դանիելը պատրաստում է ՙԿովկասի գուսանը. Սայաթ Նովա՚ ռադիոհաղորդումը՝ գերմանացի ռադիոլսողի համար բացահայտելով հայ աշուղական արվեստի յուրօրինակ աշխարհն իր սքանչելի մեղեդիներով՝ միայհուսելով դա Սայաթ Նովայի կյանքի պատմության ներկայացման հետ:
_Երբ Սայաթ Նովային նվիրված նախագիծս էի պատրաստում, եղա Հաղպատում ու Սանահինում, մասնակցեցի երեկոյան պատարագին: Հայաստանի ամենագեղեցիկ վայրը, ուր մինչ օրս եղել եմ, Հաղպատն է:
Հասցրել եմ լինել նաև Նորավանքում, տեսնել Սևանը՚:
2015-ին Դանիելը գերմանացի ունկնդրի ուշադրությանն է արժանացնում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ՙՉանկրի ճանապարհին. կոմպոզիտորն ու ցեղասպանությունը՚ հաղորդումը, որում հեղինակը ներկայացնում է մտավորականության ձերբակալությունները 1915 թ. ապրիլի 24-ին, աքսորը Չանկրի բանտ, Կոմիտասի վերադարձը Պոլիս, մանրամասն տեղեկություններ հայ մեծանուն երգահանի կյանքից, նրա, բարեկամների, մտերիմների հուշերը, ինչպես նաև բժշկական փաստաթղթեր՝ վերցված Փարիզի այն հոգեբուժական հաստատությունից, ուր իր կյանքի վերջին տարիներն  է անցկացրել Կոմիտասը:
Հայկական մշակույթին Դանիելի վերջին անդրադարձը ՙՈւ վառվում է օրերում սիրտս՚  ռադիոհաղորդումն է՝ (2015) նվիրված հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցին: Այս նյութում Չարենցի կենսագրությանը զուգահեռ՝ պատմվում են  մեծ պոետի մտերիմների, այդ թվում՝ դուստրերի հուշերը, ընթերցվում են նրա մի քանի բանաստեղծությունների գերմաներեն թարգմանություններ, որոնք կատարել է գերմանացի դրամատուրգ Կոնրադ Կունը: ՙՀայերենը հոյակապ լեզու է՚- ասում է դրամատուրգը, ում անչափ սիրելի է Չարենցի խոսքը:
Հաղորդումների պատրաստման նպատակով Դանիելը հանդիպել է հայ անվանի կոմպոզիտորների, երաժշտագետների, արվեստաբանների, պատմաբանների հետ:
_ Շատ տպավորված եմ Դանիել Երաժիշտի հետ հանիպումից: Նա երաժշտության հիանալի մասնագետ է, նաև  անկոտրում ոգու, հումորի զգացման ու խորը մտքերի  տեր անձնավորություն՚:
Անձնականի մասին Դանիելը չի սիրում երկար խոսել: Միայն ասում է, որ երջանիկ է հայուհի կին ունենալու համար:
_Հայ կինը ոչ միայն գեղեցիկ է, խելացի, այլև յուրահատուկ փայլ և  հումորի զգացում ունի, հիանալի խոհարար է, հոգատար ու սիրառատ մայր՚:
Դանիելի ու Անահիտի ընտանիքում, անսահման սիրով ու ջերմությամբ շրջապատված, մեծանում է նրանց որդին՝ 6-ամյա Արթուրը, ով սահուն խոսում է գերմաներեն ու հայերեն:
_ Երբ Արթուրը մի քիչ էլ մեծանա, միասին պիտի շրջենք Հայաստանով՝ բացահայտելով Հայաստանի՝ ինձ դեռևս անհայտ հրաշալիքները՚:

Հեղինակ՝ Զարուհի Բաբաջանյան


Աղբյուրներ՝
http://www.dgfilm.net/
http://www.deutschlandfunk.de/auf-dem-weg-nach-cankiri-der-komponist-und-der-volkermord.media.ee29f77f7f62b0a7b2ece51f42367f8e.pdf
http://www.swr.de/-/id=15366716/property=download/nid=659934/oyfrzc/swr2-feature-am-sonntag-20150531.pdf