[մոնոլոգ] Գեղամ Մանուկյան. Կեղծ առաջնորդների պակաս չի եղել և չի լինելու

May 29, 2017

իմ սեղանի գիրքը


Նման չեմ այն մարդկանց, որոնք մեկ առանձին գիրք են վերցնում ու դարձնում իրենց սեղանի գիրքը: Եթե առանձնացնեմ, Հովհաննես Շիրազի երկերի ժողովածուի 2-րդ հատորը՝ հեղինակի մակագրությամբ: Իրականում իմ սեղանի գիրքն իմ աշխատանքային օրագիրն է, որտեղ իմ ամենօրյա կյանքն է, անցյալն ու ապագայի ծրագրերը: Ընդհանրապես գրադարանն իմ անբաժան ուղեկիցն է եղել վաղ տարիքից: Առաջին գիրքը, որը ձեռք եմ բերել 1974 թ., «Սովետական հանրագիտարանի» 4-րդ հատորն էր: Իմ գրադարանն իրականում սեղանի գրքի ընդհանրացված բաժինն է՝ իմ կյանքի հետաքրքրություններով: Մի մասը դաշնակցական գրականություն է, որը մեր ազատագրական պայքարի պատմությունն ու գաղափարախոսությունն է, հերոսների կենսագրություններն են, որոնք հատ-հատ եմ ճարել: Առանձին մի բաժին է իմ մասնագիտական գրականությունը՝ Թուրքիայի պատմություն, ներթուրքական հարցեր, ցեղասպանություն: Երբ բանտում էի, ամեն անգամ ծնողներիս խնդրում էի գիրք բերել: Նամակի մեջ նկարագրում էի, ենթադրենք՝ 2-րդ դարակի ձախ կողմի աջ անկյունի կարմիր գիրքը, որովհետև շատ հաճախ նաև օտար լեզվով էր:

քաղաքացիական պարտք


Ձմեռը Երևանում վերջին տարիներին շատ խիստ է լինում: Դեկտեմբերի 31-ին իրար շնորհավորելուց հետո բոլորը հարձակվում են քաղաքապետարանի ու «Սանիտեկի» վրա: Բոլորը քննադատում ու դատապարտում են, որ ձյունը չեն մաքրում: Քչերն են մաքրում իրենց բակի ձյունը: Երևանում քիչ կտեսնես, որ մարդը մաքրում է իր տան դիմացը: Եթե աշխատավայր չէ, եթե շեֆը չի հանձնարարել մաքրել, երբեք չեն անի: Քաղաքացիական պարտքը ձմռանը Երևանում ձյուն մաքրելն է՝ ամեն մեկն իր տան դիմաց: Քաղաքացիական պարտքի բացակայության օրինակներից մեկն էլ այն է, որ եթե պաշտոնական ծառատունկ չկազմակերպվի, ոչ ոք մեր երկրում ծառ չի տնկի:

ժողովրդի անունից խոսողները


Կեղծ առաջնորդների պակաս չի եղել և չի լինելու: Նույնիսկ սեփական ընտանիքի քվեն չստացողը իրեն իրավունք է վերապահում խոսել ամբողջ հայ ժողովըրդի անունից: Երբեմն հասարակությունը կուրանում է, երբեմն խաբվում է, երբեմն թացն ու չորը չի տարբերում, այդ պատճառով շատ հաճախ կեղծ առաջնորդների հետևից է գնում, որոնց նաև առիթ է տալիս, որ մեծ-մեծ խոսեն ժողովրդի անունից: Ժամանակը դնում է ամեն ինչ իր տեղը:
այգի
Փոքր էինք, երբ հայրս ամառանոց ձեռք բերեց: Ծառի, բնության հետ մեր կապը սկսվել է այդ ժամանակից: Մեր առաջին տնկած ծառը ընկուզենի էր այգու ծայրամասում, տնկել ենք 1981-ին: Շատ բերքատու ընկուզենի է: Եղբայրս 25 տարի Արցախում է ապրում: Կամավոր գնաց, մնաց այնտեղ ու ամուսնացավ: Կինը քարինտակցի է: Քարինտակը հայտնի է իր ընկուզենիներով, եղբայրս հորիցս մեր այգու ընկեզենու ճյուղերից ուզեց: Ո՜վ կմտածեր, որ Երևանի ծայրամասում տնկած ընկուզենին տարիներ հետո կտնկվի ազատագրված Արցախի հերոսական Քարինտակ գյուղում: Որտեղ ազատ հող եմ տեսնում, ուզում եմ՝ այգի լինի:

խոհանոց


Մեր տանը երկու անկյուն կա, որ շատ եմ սիրում. մեկը՝ գրադարանը, մյուսը՝ խոհանոցը: Մեր տանը գիտեն՝ ես մտա խոհանոց՝ որևէ մեկն այլևս մուտք չունի: Իրականում խոհանոցում ամեն ինչից կտրվում ես, խոհանոցն իմ նյարդերը հանգստացնելու տեղն է: Բոլոր փորձարարությունները կարողանում ես խոհանոցում անել: Մի սովորություն ունեմ. ճաշերը պատրաստում եմ, բայց հյուրասիրելու ժամանակ չեմ ուտում: Ոչ թե վախենում եմ, որ համեղ չեն, այլ ամբողջ էներգիաս ծախսում եմ պատրաստելու վրա:
Ամեն ինչ էքսպերիմենտի վրա է. շատ եմ սիրում կանաչը աղցանների մեջ՝ տապակած: Մեր գյուղատընտեսության մեջ խիստ սահմանափակ է օգտագործվող կանաչեղենը, դրա համար սերմերի հսկայական հավաքածու ունեմ և մեր խոհանոցում կանաչի տեսակներ եմ աճեցնում: Մենք՝ հայերս, շատ ենք գլուխ գովում, թե աշխատասեր ենք: Թերևս, իրոք, մեր պապերը քարից հաց են քամել, բայց հիմա շատ ծուլություն կա: Խոհանոցը պատմություն է: Եվ հայկական խոհանոցի կառուցվածքի վրա կարելի է ենթադրել, թե ինչպիսի պատմություն ենք ունեցել:

newmag #77