Մոդայիկ բառերի մասին գիշերային վեճի եզրահանգում կամ ի՞նչ պատահեց, երբ Գնելն արթնացավ

June 17, 2017

Մանու Իրիցյանի ամառային նորաձևության մասին հոդվածը անսպասելի կրքոտ քննարկման առարկա դարձավ համացանցում, երբ օգտատերերից մեկը բողոքեց, որ տեքստում շատ են օտար բառերը, որոնք հնարավոր է թարգմանել: Հայերենի մասին վեճերն, իհարկե, համացանցում անդադար են: Այդ առումով, ֆեյսբուքյան քննարկումը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը: Ուղղակի այն վերաբերում էր նորաձևությանը, որտեղ իսկապես շատ են օտար, հիմնականում անգլերեն բառերը:
Ֆեյսբուքյան քննարկումը առիթ տվեց, որ ընթերցողների համար newmag-ը ներկայացնի նորաձևության եզրութաբանական բառարան: Գիշերային բանավեճը այսօր միացավ նաև newmag-ի խմբագիրը, որի գրառման հետ համաձայնեցին բոլորը: Ահա այդ պատճառով, այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
Պարոնայք, ես արթնացել եմ: Բայց չեմ պատրաստվում բորբոքել գիշերային կրքերը: Ժամանցային կայքում հրապարակված ու ամառային նորաձևությանը վերաբերող տեքստում գործածված ոչ հայերեն բառերի մասին: Աստծունը` Աստծուն, կայսրինը` կայսրին: Ֆեյշն ինքնին նշանակում է պճնանք, սեթևեթանք, օտարատենչություն, նմանակում, կապկում, թիթիզացում, քմահաճ ու պրովոկատիվ պահվածք, ժեստ, զգեստավորում, խոսք, թրենդային ֆրազիոլոգիզմ: Չմոռանանք ձևի ու բովանդակության համապատասխանության անհրաժեշտության մասին: Պատմվածքի, կինոյի, ռեպորտաժի, մահախոսականի լեզուն մի բան է, բլոգի, սոցցանցի, սերիալի, միտինգի, անեկդոտի լեզուն` մեկ այլ:
Մեր թշնամին օտար բառերը չեն, այլ անգրագետ սերնդին բնորոշ օտար լեզվամտածողությունը: Օտար բառերը վտանգավոր չեն մեր և որևէ լեզվի համար: Մերօրյա ռուսերենի բառապաշարի զգալի մասը օտար ծագում ունի, բայց ռուսերենի հմայքը դրանից չի տուժում: Անգլերենի բառաֆոնդի 60 տոկոսը ֆրանսերենից է, անգլերենը միայն շահել է դրանից: Հայոց լեզվի համար իրականում վտանգավոր են հայերենին խորթ լեզվական կառուցները, հայերեն բառերը սխալ իմաստով գործածելը, բառերի նշանակությունը խեղելն ու խեղաթյուրելը, հայերեն բառերի կարևորագույն տառերը կուլ տալը, իրար հետ իմաստային որևէ կապ չունեցող բառերով նախադասություն կազմելը և այդպես իրար հետ շփվելը, հայոց լեզվի շարադասության հերն անիծելը, հայերեն բառերը սխալ շեշտով արտասանելը, խոսելիս տրամաբանական շեշտը սխալ բառի վրա դնելը, մեր բառակազմության ավանդույթներն անտեսելը, բառերի համար անհեթեթ իմաստ մոգոնելը, չիմացած բառը սխալ ձևով սխալ տեղում շրխկացնելն ու անպատիժ մնալը, լեզվական կոպիտ սխալների մասին պատկերացում անգամ չունենալը:



newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի բոլոր հոդվածները





Արևմտահայ դասականներն իրենց նամակներում և որոշ հրապարակումներում նույնպես գործածում էին ֆրանսերեն բառեր, տերմիններ, ֆրազներ, բայց դա անելիս նրանք թեքում էին տառատեսակը` կարծես հասկացնելով, որ միտումնավոր պահպանում են օտարագրությունը` դրանց հատուկենտ կիրառումն ընդգծելու համար: Գուցե մենք էլ կայքերում թեքենք օտար բառերը կամ տերմինները: Գուցե: Ես կողմ կլինեմ այդպիսի օտարագրությանը: Եվ գուցե դա անենք այնքան դար, մինչև այսօրվա օտարաբանություններն էլ սերունդների համար դառնան միանգամայն հայերեն բառեր` օվկիանոս, դելֆին, կաթողիկոս, լաբիրինթոս ու տասնակ հազարավոր այլ բառերի պես: Սա իմ կարծիքն է: Ներեցեք որ` մի քիչ ուշ, մի քիչ երկար ու մի քիչ էլ օտարաբառ: