Ամեն առավոտ աշխատանքի շտապողների և մինչև ուշ գիշեր աշխատավայրում մնացողների մասին

October 14, 2016

Եթե ամեն առավոտ շտապում ես գործի, որպեսզի ուշ երեկոյան աշխատավայրից առանձնապես չշտապես տուն, քանի որ հաջորդ առավոտյան կրկին կիսաքուն վեր ես թռչելու և ցատկելու ես ցուրտ մահճակալից` գործից ուշացածի սառը քրտինքը ճակատիդ, ուրեմն սիրում ես քո մասնագիտությունը, կամ սիրում ես այն կոլեկտիվը, որում տառապում ես, կամ քեզ այնտեղ վճարում են այնքան, որ իմաստ ունի հանուն դրա ապրել հենց այդպես, կամ կարծում ես, թե այդպես կհարստանաս մի օր, կամ վախենում ես կորցնել աշխատանքդ ու հաստատ գիտես, որ այլ տեղ գործ չեն առաջարկի քեզ, կամ տանը գործերդ լավ չեն, կամ զգուշանում ես ընտանիք կազմել, որովհետև ժամանակն անցել է աննկատ, կամ ադեկվատ ընկերներ չունես, կամ հարազատներդ կյանքդ կերել են, կամ ժամանակից շուտ ծերացել ես, կամ կորցրել ես մարմնական գրավչությունդ, կամ այն չես էլ ունեցել, կամ քեզ փրկելն այլևս իմաստ չունի, կամ այլ բանի համար արդեն պիտանի չես ու այլևս ոչինչ չես կարող անել այնպես, ինչպես ուսանող եղած ժամանակ, կամ անհասկանալի վարկ ես վերցրել, որը փակելու համար ստիպված ես ևս տասը տարի տանջվել նույն ռեժիմով, կամ ապրում ես բռնատիրական ռեժիմի պայմաններում, որն ի զորու չես փոխել, կամ դեռ չես սիրահարվել, կամ հուսահատվելու համար ոչ ուժ ունես, ոչ ժամանակ, ոչ նյարդեր, կամ ուղղակի քեզ այդպես դաստիարակել են` առանց որևէ հիմնավոր փաստարկ բերելու, կամ դա քո ճակատագիրն է, որը մոգական, սև թվանիշներով խորապես դաջված է գունատ ճակատիդ` վաղուց ծռմռված պետհամարանիշի պես` 07:59-23:59, կամ դու պարզապես այդ ժամից այն ժամը խորապես ատում ես քո աշխատանքը, քո մասնագիտությունը, քո կյանքի գործը, քո ընտրած ուղին, քո ստացած կրթությունը, քո գործընկերներին, քո ղեկավարներին, քո ենթականերին, քո մրցակիցներին, քո կուսակիցներին, քո համակիրներին և նույնիսկ քո ամեն օրվա երթուղայինի անմեղ վարորդին:
Հիշիր` տհաճ գործով զբաղվելը կյանքը կրճատում է օրը 8-ից 10 ժամ: Արեք միայն այն գործը, որը կարող եք անել շատ լավ: Եվ արեք միայն այն գործը, որը միայն դուք կարող եք անել: