[Ոսկե ծիրան-2017] 5 ֆիլմ, որ չպետք է բաց թողնել երևանյան կինոփառատոնի ընթացքում

June 23, 2017

Ակի Կաուրիսմյակի. «Հույսի այն կողմում»


(Արծաթե արջ, Լավագույն ռեժիսուրա, Բեռլինալե 2017)


http://www.youtube.com/watch?v=-I5Tnaf28kk
Ֆիննական կինեմատոգրաֆի կարևորագույն կինոգործչի նոր ֆիլմը ևս ունի հեղինակի ֆիրմային, յուրահատուկ և հմայիչ վինտաժային ոճը: Այս անգամ Կաուրիսմյակին անդրադարձել է իր սիրած թեմաներից երկուսին՝ փախստականներին և ճգնաժամին (ֆինանսական և հոգևոր), իրեն հատուկ տրագիկոմիկ ժանրում: Սիրիացի փախստական Խալեդը հայտնվում է Հելսինքիում, որտեղից կառավարությունն ու էմիգրանտական սոցկազմակերպություններն որոշում են նրան ետ ուղարկել Սիրիա՝ «...ձեր հայրենիքում այս պահին ոչ մի վտանգավոր բան չկա» ասելով: Սակայն Խալեդը չի պատրաստվում վերադառնալ. նա պետք է գտնի իր քրոջը, ում կորցրել է սահմանը հատելիս։ Այստեղ նա հանդիպում է արդեն ոչ երիտասարդ ֆինն Վիքստրոմին, որը փորձում է արմատապես փոխել իր կյանքը:


Իլդիկո Էնյեդի. «Մարմնի և հոգու մասին»


(Ոսկե արջ, Լավագույն ֆիլմ, Բեռլինալե 2017)


http://www.youtube.com/watch?v=7B4hCzq7H70
Հունգարացի Իլդիկո Էնյեդին ծանոթ չէ լայն լսարանին: Քսան տարի առաջ նա ստացավ Կաննում Լավագույն դեբյուտ մրցանակը («Իմ 20-րդ դարը» ֆիլմի համար), և դրանից հետո չէր նկարահանում գրեթե 20 տարի: «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը պոետիկ, հիվանդագին և, իր մեսիջի մեջ, կարծես, մի քիչ կիսատ պատմություն է: Տղամարդն ու կինն աշխատում են անասնաֆերմայում, որտեղ սառնասիրտ դաժանությամբ և ճշգրիտ կարգացուցակով սպանվում են կենդանիներ: Մի օր ֆերմայում հայտնվում է հոգեբան, որը բացահայտում է, որ կինն ու տղամարդը տեսնում են նույն երազները։
Սրամիտ և տարօրինակ, և միևնույն ժամանակ սուպերդանդաղ տեմպով շարժվող լիրիկական ֆիլմը խոսում է ժամանակակից կարևորագույն ֆոբիաներից և խնդիրներից մեկի՝ միայնության մասին:


Ֆրանսուա Օզոն. «Երկդիմի սիրեկանը»


 (Կաննի միջազգային կինոփառատոնի Ոսկե արմավենու հավակնորդ, 2017)


http://www.youtube.com/watch?v=21OJZbeo1rA
Միանգամից նշենք, որ «Երկդիմի սիրեկանը» հայտնի ռեժիսորի լավագույն ֆիլմերից չէ: Ինչպես և «Երիտասարդն ու չքնաղի» մեջ, այստեղ նույնպես գլխավոր հերոսուհին՝ Խլոյան, (ում կրկին մարմնավորում է Մարինա Վակտը) փորձում է հաղթահարել անձնական կոմպլեքսներն ու ընկճախտային սինդրոմները սեքսի միջոցով: Նա սկսում է հաճախել երիտասարդ և գրավիչ հոգեթերապևտի, ում հետ շուտով սկսում է սիրային հարաբերություններ: Մի քանի ամիս անց Խլոյան փողոցում տեսնում է իր բոյֆրենդի երկվորյակ եղբորը, որն, ինչպես պարզվում է, նույնպես հոգեթերապևտ է: Երիտասարդ կինը սկսում է մոլեգնորեն հետաքրքրվել տղամարդկանց անցյալով՝ չկասկածելով իսկության մասին:


Ռուբեն Էսթլունդ. «Քառակուսի»


(Կաննի Ոսկե արմավենի, 2017)


http://www.youtube.com/watch?v=nw3fHdL_D68
Քրիսթիանը ժամանակակից արվեստի թանգարանի համակարգող է: Հեղինակավոր աշխատանք, լավ բնակարան և թրենդային Tesla, թանկ կոստյումներ և ազատ ամուրի կյանք: Սակայն մի օր Քրիսթիանին խորամանկ կերպով խաբում են փողոցի մեջտեղում, ինչի հետևանքով նա զրկվում է դրամապանակից ու հեռախոսից։ Այստեղ և արտ-կուրատորը դուրս է գալիս ուտոպիստական «քառակուսուց» և բախվում է բազմաթիվ հասարակ, ավելի կենցաղային խնդիրների հետ, (քան նոր արտիստի էքսպոնատի փչացումը), որոնց մասին մինչև այդ չէր էլ մտածում։
Էսթլունդը ցինիկ սատիրիկ է և նոն-կոմպրոմիսային աբսուրդիստ, նրա բազմաշերտ ֆիլմերը դյուրամարս չեն, ոչ էլ նախատեսված բոլորի համար, բայց եթե ձեզ էլ է մտահոգում ժամանակակից աշխարհի ծուղակային ապագան, բուրժուական սոցիումի ձևական էթիկետն ու պարտադրված պոլիտկորեկտությունը, և դուք չեք վախենում հստակ հարցադրումներից՝ ուրեմն «Քառակուսին» Ձեզ համար է:


Ֆաթիհ Աքին. «Անէությունից»


(Կաննի միջազգային կինոփառատոն, Լավագույն կնոջ դերակատարում, 2017)


http://www.youtube.com/watch?v=HzMZT1FhtwY&feature=youtu.be
Համբուրդ, մեր օրեր: Գերմանուհի Կատյան (Դայան Կրյուգեր) ամուսնանում է Թուրքիայից գաղթած քուրդի հետ, որը բանտում է թմրանյութերի վաճառքի համար: Տարիներ է, ինչ ամուսինները վայելում են միջին խավի պարզ հաճույքները, ունեն  վեց տարեկան որդի և օրինական բիզնես: Մի օր, երբ Կատյան թողնում է որդուն ամուսնու մոտ՝ աշխատավայրում, տեղի է ունենում նացիստական ահաբեկչություն. կինը կորցնում է ընտանիքը։
Ֆաթիհ Աքինի նոր ֆիլմը, իհարկե, emotional porn է, իսկ Կրյուգերի դերասանական տպավորիչ խաղի հետ միասին ուղղակի ստիպում է հանդիսատեսին դիտորդի կարգավիճակից մաքսիմալ ճշգրիտ, էտապից էտապ տեսնել, թե ինչ է տեղի ունենում տերակտի ժամանակ զոհվածի ընտանիքում: Խնդիրը բավականին նուրբ է, իսկ ռեժիսորի՝ էքզիստենցիալ ողբերգությունից դուրս գալու լուծումը՝ ռադիկալ:
Ֆիլմը կարող է թողնել հակասական զգացողություններ և համարվել սպեկուլատիվ շահարկություն, սակայն նման ծանր պատմությունը դիտվում է մի շնչով, չի հոգնեցնում և ապրեցնում է մինչև վերջ: