[Շարունակությունը գրքում] Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ. Մեծն Գեթսբի

April 16, 2017

 ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ


Պատանեկությանս տարիներին, երբ ես առավել խոցելի էի, հայրս ինձ մի խորհուրդ տվեց, որը մինչև հիմա էլ պահել եմ մտքումս։ «Եթե երբևէ ուզես որևէ մեկին դատապարտել, հիշի՛ր՝ այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները»։
Նա միայն այսքանն ասաց, բայց մենք միշտ անխոս հաղորդակցվում էինք,  և ես հասկացա, որ նա շատ ավելին է ուզում ասել։ Հետևաբար, դատողությունների մեջ զուսպ լինելը դարձել է ինձ համար սովորություն, որի շնորհիվ շատ տարօրինակ խառնվածքներ են բացահայտվել  իմ առաջ, բայց հաճախ էլ դրա պատճառով զոհ եմ դարձել անուղղելի կպչուն մարդկանց։ Անառողջ ուղեղը անմիջապես որսում է զուսպ լինելու այս հատկությունը և եթե դա նկատում է առողջ մարդու մոտ, կառչում է դրանից։ Եվ ահա  պատահեց այնպես, որ դեռևս քոլեջում ինձ հանիրավի մեղադրում էին դիվանագետ լինելու մեջ, որովհետև անհաղորդ և ինքնամփոփ մարդիկ ինձ մասնակից էին դարձնում իրենց թաքուն վշտերին։ Գաղտնիքներից շատերին տեղեկացել եմ ակամա։ Հաճախ ձևացրել եմ, թե քունս տանում է, զբաղված եմ կամ անբարյացակամ, կամ էլ փորձել եմ կատակի տալ, երբ բացահայտ զգացել եմ, որ հորիզոնում խոստովանություն է գծագրվում, քանզի երիտասարդների մտերմիկ խոստովանությունները կամ համենայն դեպս դրանց արտահայտման ձևերը սովորաբար բանագողության նման մի բան են, և որպես օրենք՝ ասելիքն էլ ասում են ոչ լրիվ։ Զուսպ դատողություններ անելը անհատնում հույսի գրավական է։ Ես մինչև հիմա էլ փոքր–ինչ վախենում եմ որևէ սխալ թույլ տալուց՝ մոռանալու դեպքում այն, ինչ ժամանակին ասում էր հայրս ցուցադրաբար, և նույն ցուցադրությամբ կրկնում եմ ես, որ մարդկանց ի ծնե անհավասար է բաշխված հիմնական բարոյական արժեքները զգալու կարողությունը։
Եվ ահա իմ համբերությամբ այս կերպ պարծենալուց հետո պետք է ընդունեմ, որ համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Մարդու վարքագիծը կարող է տարբեր հիմքեր ունենալ՝ և՛ կարծր ժայռ, և՛ լպրծուն ճահճուտ, բայց գալիս է մի պահ, երբ ինձ համար այլևս ոչ մի կարևորություն չունի, թե այն ինչի վրա է հիմնված։ Անցյալ աշնանը, երբ  Արևելքից տուն դարձա, աշխարհը համազգեստի ու բարոյական զգաստության մեջ տեսնելու ցանկություն ունեի։ Ես ամենևին չէի ուզում արտոնյալի պես շռնդալից մուտք գործել մարդկային սրտի խորքը։ Բացառությունը միայն Գեթսբին էր, որի անունով էլ կոչվում է այս գիրքը․ Գեթսբին, որ թվում է` իր մեջ էր ամփոփում այն ամենը, ինչ բացեիբաց արհամարհում եմ։ Եթե մարդու մասին դատելու լինենք ըստ այն բանի, թե նա ինչպես է իրեն դրսևորում, ապա այդ մարդը  հիրավի վեհաշուք մի բան ուներ, կյանքի բոլոր խոստումներն ընկալելու մի խորին գերզգայնություն, կարծես նա մասն էր այն բարդ սարքերից մեկի, որը տասը հազար մղոն հեռավորության վրա գրանցում է երկրաշարժերը։ Արագ արձագանքելու այս հատկությունը բնավ չպետք է նույնացնել տկար դյուրազգացության հետ, ինչը ճոռոմ կերպով անվանում են «ստեղծագործական խառնվածք». դա հազվագյուտ մի շնորհ էր հույսի, երազային խանդավառություն, որպիսին երբեք չեմ տեսել ուրիշ մեկի մեջ և հավանաբար երբեք էլ  չեմ տեսնի։ Սակայն Գեթսբին վերջում արդարացրեց իրեն․ ոչ թե նա ինքը, այլ այն, ինչ կախված էր նրա գլխին, այն չարագույժ փոշին, որ իջնում էր նրա արթմնի երազների վրա, ինձ ստիպեց առժամանակ իսպառ կորցնել հետաքրքրությունս մարդկանց վաղանցուկ տխրությունների և կարճատև ուրախությունների հանդեպ։

*  *  *


Իմ ընտանիքն արդեն երեք սերունդ է,  ինչ հայտնի է ու հարուստ Միջին Արևմուտքի այս քաղաքում։ Քարավեյները տոհմի պես մի բան էին, և ըստ ընտանեկան ավանդության` գիտեինք, որ սերել ենք Բաքլուի դքսերից, սակայն իմ ճյուղի իսկական հիմնադիրը պապիս եղբայրն է, որն այստեղ էր եկել 1851 թվականին` իր փոխարեն վարձկան զինվոր ուղարկելով  քաղաքացիական պատերազմ, իսկ ինքը մետաղյա իրերի մեծածախ առևտրի գործ էր սկսել, որը մինչև օրս էլ ղեկավարում է հայրս։
Ես երբեք չեմ տեսել իմ այդ նախնուն, բայց ինձ նմանեցնում են նրան՝ վկայակոչելով հորս գրասենյակում կախված բավականին թանձր գույներով դիմանկարը։ Ավարտել եմ Նյու Հեյվընի համալսարանը 1915 թվականին` հորիցս ուղիղ քառորդ դար հետո, իսկ քիչ անց մասնակցել եմ Առաջին աշխարհամարտին, մի անվանում, որ սովորաբար տալիս են տևտոնական ցեղերի ուշացած գաղթին։ Ես այնպիսի մեծ բավականություն ստացա հակահարձակումից, որ անգամ տուն դառնալուց հետո էլ հանգիստ չէի գտնում։ Միջին Արևմուտքը աշխարհի տաքուկ կենտրոնը լինելու փոխարեն այժմ թվում էր տիեզերքի մաշված քղանցքը, այնպես որ վճռեցի գնալ Արևելք՝ վարկային գործ սովորելու։ Իմ ճանաչած բոլոր մարդիկ այդ գործն էին անում, ուրեմն մի մարդ ևս կարող էր ապահովվել։ Մորաքույրերս ու հորեղբայրներս այդ հարցն այնպիսի լրջությամբ քննարկեցին, կարծես ինձ համար նախապատրաստական դպրոց էին ընտրում, և, վերջապես, անվճռական դեմքերով եզրակացրին. «Ինչու–ո՜ւ չէ»: Հայրս համաձայնեց ինձ նյութապես օգնել մեկ տարի, և ահա այդ երկար ու բարակ քաշքշուկներից հետո` 1922 թվականի գարնանը, եկա Արևելք՝ ընդմիշտ հաստատվելու, գոնե ինձ այդպես էր թվում այն ժամանակ։


Շարունակությունը՝ գրքում բաժնի մյուս ստեղծագործությունները կարդացեք այստեղ:





Առաջին գործս Նյու Յորքում բնակարան գտնելն էր։ Եղանակը տաք էր, ես էլ նոր էի լքել լայն, կանաչ սիզամարգերի ու քնքուշ, մատղաշ ծառերի երկիրը, և երբ գրասենյակում մի երիտասարդ առաջարկեց միասին տուն վարձել արվարձաններից մեկում, ուրախացա։ Նա ինքն էլ գտավ տունը՝ խավաքարտե հողմածեծ մի հյուղակ՝ ամսական ութսուն դոլարով, բայց վերջին պահին ընկերությունը նրան Վաշինգտոն ուղարկեց, և ես մենակ տեղավորվեցի։ Շուն էի պահում, ճիշտ է` մի քանի օրից փախավ, բայց հոգ չէ, հետո մի հին «դոջ» գնեցի և վարձեցի ֆինն սպասուհու, ով հավաքում էր անկողինս, նախաճաշ էր պատրաստում և էլեկտրական վառարանի մոտ քթի տակ ֆիննական խորիմաստություններ քրթմնջում։
Սկզբում մենակություն էի զգում, սակայն մի առավոտ ճանապարհին ինձ կանգնեցրեց ինչ–որ մարդ, որն ըստ երևույթին նոր էր ժամանել։
— Ինչպե՞ս կարելի է գնալ Վեսթ Էգգ,— շվարած հարցրեց նա։
Բացատրեցի։ Եվ երբ առաջ անցա, այլևս մենակություն չէի զգում։ Ես արդեն դարձել էի բնիկ, ուղեկցորդ, ճանապարհ ցույց տվող։ Այդ մարդն ակամա ազատագրեց ինձ եկվորի կաշկանդվածությունից։
Եվ այսպես` արևաշողի և աչքիդ առաջ փունջ–փունջ բացվող բողբոջների հետ մեկտեղ, ինչպես արագացված շարժանկարներում, ես կրկին եկա այն համոզման, որ ամռան հետ կյանքը վերսկսվում է։
Մի կողմից՝ այնքան շատ բան կար կարդալու, իսկ մյուս կողմից՝ այնքան շատ կենարար ուժ` թարմ, բուրումնավետ օդից ներծծելու: Ես տասնյակ հատորներ գնեցի դրամատան ապառիկ գործի, խոշոր ներդրումների ապահովագրության վերաբերյալ, և դրանք՝ շարված կարմիր ու ոսկեգույն կազմերով, ինչպես դրամահատարանից նոր դուրս եկած դրամներ, խոստանում էին պարզել այն շողշողուն գաղտնիքները, որ միայն Միդասը, Մորգանը և Մեկենասը գիտեին։ Բացի այդ, մտադրություն ունեի այլ գրքեր էլ կարդալու։ Քոլեջում զբաղվում էի գրականությամբ (մի տարի շարունակ «Յեյլ Նյուզ» թերթի համար լուրջ ու խորիմաստ առաջնորդողներ եմ գրել), հիմա էլ պատրաստվում էի նորից անցնել այդ գործին՝ վերստին դառնալով նեղ մասնագետ, այսպես ասած՝ լայն մտահորիզոնի տեր մարդ։ Սա սոսկ պարադոքս չէ․ ի վերջո, կյանքը շատ ավելի լավ ես դիտում, երբ նայում ես միակ պատուհանից։
Պատահականությանը հաճո էր, որ ես տուն վարձեի Հյուսիսային Ամերիկայի յուրօրինակ վայրերից մեկում։ Այն մի երկարավուն աղմկահույզ կղզում էր, որը ձգվում  էր Նյու Յորքից դեպի արևելք, և որտեղ բնության այլ քմահաճույքների կողքին երկու անսովոր հողակտորներ էին առանձնանում։ Քաղաքից քսան մղոն հեռու  հսկայական մեծության մի զույգ միանման հրվանդաններ՝ նեղլիկ ծովածոցով բաժանված, մխրճվում են Արևելյան կիսագնդի ջրատարածության ամենաբնակեցված մասը՝ Լոնգ Այլընդ Սաունդի մեծ, խոնավ ամբարը։ Նրանք ճիշտ ձվաձև չէին, այլ Կոլումբոսի ձվի նման` ծայրամասում քիչ տափակ, և նրանց արտաքին նմանությունը  շարունակ շփոթմունք է պատճառում գլխավերևում թռչող ճայերին։ Չնայած անթև արարածների համար շատ ավելի զարմանահրաշ պետք է լիներ նրանց ակնհայտ տարբերությունն ամեն ինչում, բացի ուրվագծից ու չափերից։
Ես ապրում էի Վեսթ Էգգում, դե, ինչպես ասեմ, երկու բնակավայրերից համեմատաբար ոչ այնքան հարմարավետում, թեև այդ ավելորդ բառային պիտակավորումը ամենևին չի արտահայտում այն արտառոց և փոքր–ինչ չարաբաստիկ հակասությունը, որի մասին ուզում եմ խոսել։ Իմ տունը հրվանդանի ծայրին էր՝ Սաունդից հիսուն յարդ հեռու` երկու ճոխ առանձնատների արանքում, առանձնատներ, որոնց վարձը տասներկու կամ տասնհինգ հազար է ամռանը։ Աջ կողմս մի անսովոր հիասքանչ շինություն էր, իսկ և իսկ նորմանդական Hôtel de Ville[1], որի անկյունային աշտարակը վեր էր խոյանում թարմ, ցանցառ բաղեղի միջից, իսկ մարմարյա լողավազանը  ավելի քան քառասուն ակր զբաղեցնող մարգ ու այգու մեջ։ Դա Գեթսբիի առանձնատունն էր, ավելի ճիշտ՝ պատկանում էր այդ անունով մի մարդու, որովհետև ես չէի ճանաչում պարոն Գեթսբիին։ Իմ տունը աչքի փուշ էր, բայց այնքան աննշան փուշ, որ ոչ ոք չէր նկատում, այնպես որ, ես ունեի ծովային տեսարան, հարևանիս այգու կեսը և միլիոնատիրոջ դրկիցը լինելու հաճելի գիտակցությունը` այդ բոլորի համար վճարելով ամսական ութսուն դոլար։
Նեղլիկ ծովածոցի մյուս կողմում շողշողում էին պերճաշուք Իսթ Էգգի ճերմակ պալատները։ Ըստ էության այս ամառվա պատմությունը սկսվեց այն երեկոյից, երբ ես մեքենայով գնացի այնտեղ` տեր և տիկին Բյուքենենների տուն՝ ճաշի։ Դեյզին իմ զարմուհին էր, Թոմին ծանոթ էի քոլեջից։ Իսկ պատերազմից անմիջապես հետո Չիկագոյում երկու օր անցկացրել էի նրանց տանը։
Դեյզիի ամուսինը, մարմնական բազմաթիվ առավելություններով օժտված լինելուց բացի, Նյու Հեյվընի ֆուտբոլի թիմի ամենահզոր եզրայիններից էր, ազգային դեմք էր, այսպես ասած` մեկն այն մարդկանցից, որոնք մինչև քսանմեկ տարեկանը որևէ ասպարեզում այնպես են առաջ գնում, որ հետագայում նրանց յուրաքանչյուր քայլը թվում է անկում։ Նրա ընտանիքն անսահման հարստության տեր էր, և քոլեջում արդեն Թոմի շռայլությունը խոսակցության նյութ էր դարձել։ Հիմա էլ, Չիկագոն թողած, նա Արևելք էր եկել այնպիսի մի շուքով, որից մարդու շունչը կտրվում էր։ Օրինակ` Լեյք Ֆորիսթից բերել էր պոլո խաղալու ձիուկներ։ Դժվար էր պատկերացնել, որ իմ սերնդի մարդը կարող էր այդքան հարուստ լինել։
Ինչո՞ւ էին նրանք եկել Արևելք, չգիտեմ։ Առանց որոշակի դրդապատճառի մի տարի ապրել էին Ֆրանսիայում, ապա թափառել տեղից տեղ, որտեղ հարուստները պոլո էին խաղում և միասին վայելում կյանքը։ Դեյզին հեռախոսով ինձ ասաց, որ սա իրենց վերջին հանգրվանն է, բայց ես չհավատացի․ Դեյզիի հոգու խորքը չէի տեսնում, իսկ Թոմը, զգում էի, որ թափառելու է ամբողջ կյանքում՝ կարոտագին որոնելով անդարձ կորած ֆուտբոլի խաղի դրամատիկ մոլեգնությունը։
Եվ ահա, մի քամոտ, տաք մի օր այցի գնացի Իսթ Էգգի իմ երկու հին ծանոթներին, որոնց ըստ էության կարգին չէի ճանաչում։ Նրանց տունը սպասածիցս շատ ավելի շքեղ էր՝ ուրախ, կարմրաճերմակ գաղութային Ջորջիա ոճի ծովահայաց մի ապարանք։ Մոտ քառասուն մղոն երկարության կանաչ սիզամարգը սկսվում էր հենց լողափից ու ձգվում մինչև նախադուռը՝ ցատկելով արևի ժամացույցների, աղյուսի կտորտանքներ շաղ տված ճեմուղիների ու բազմերանգ ծաղկաթմբերի վրայով և, ի վերջո միանալով տանը, մագլցում էր պատերն ի վեր՝ մատղաշ բաղեղների վերածված, ասես թափ առած լիներ։
Մեծ, մինչև գետին հասնող պատուհանների շարքը, որ հիմա ոսկե շողեր էր արտացոլում և լայն բացված էր երեկոյան տաք քամուն ընդառաջ, ձգվում էր շենքի ողջ առաջամասով, իսկ նախագավթում ոտքերն իրարից հեռու դրած կանգնած էր Թոմ Բյուքենենը՝ ձիավարի հագուստով։
Նա փոխվել էր Նյու Հեյվընի տարիներից ի վեր։ Այժմ ամրակազմ, հարդագույն մազերով երեսնամյա տղամարդ էր, խիստ ընդգծված բերանով և բավականին ամբարտավան շարժուձևով։ Մի զույգ փայլուն գոռոզ աչքեր իշխում էին նրա դեմքին և այնպիսի տպավորություն ստեղծում, կարծես նրանց տերը միշտ պատրաստ էր հարձակման։ Անգամ ձիավարի հագուստի նրբագեղությունը չէր թաքցնում նրա մարմնի անսահման ուժը․ թվում էր, թե քուղով մինչև վերջ ձգած պսպղուն երկարաճիտ կոշիկները նեղ էին  ոտքերին, իսկ վերնաշապկի բարակ կտորի տակից մկանների մի ամբողջ խուրձ էր տեղահան լինում` ուսի շարժմանը զուգընթաց։ Դա հսկայական ուժի տեր մի դաժան մարմին էր։
Թոմը կամակոր մարդու տպավորություն էր թողնում, ինչին նպաստում էր նրա կոպիտ, խռպոտ տենորը։ Նույնիսկ իր սիրած մարդկանց հետ խոսելիս նրա ձայնում ներողամիտ հայրական արհամարհանքի երանգ կար, որի պատճառով Նյու Հեյվընում շատերը տանել չէին կարող նրան։
«Ես, իհարկե, ձեզանից ավելի ուժեղ եմ և ավելի հզոր, սակայն իմ կարծիքը վերջնական մի' համարեք»,— կարծես ասում էր նրա հայացքը։ Վերջին տարում երկուսս էլ նույն ուսանողական ընկերության անդամ էինք, և չնայած երբեք մտերիմ չէինք եղել, բայց այն տպավորությունն եմ ունեցել, որ ես նրան դուր եմ եկել, և նա էլ իր հերթին իրեն հատուկ հանդուգն, մարտական մտախոհությամբ ցանկացել էր ինձ դուր գալ։
Մենք մի փոքր զրուցեցինք արևոտ գավթում։
— Լավ տուն ունեմ,— ասաց նա` աչքերն անհանգիստ պտտեցնելով չորսբոլորը։
Ապա թևիս թեթևակի հպվելով` շրջեց ինձ ու լայն, տափակ ձեռքով ցույց տվեց դիմացի տեսարանը՝ ներառնելով դարավանդներով իտալական պարտեզը, հարյուրավոր մետրերով ձգվող մուգ, բուրումնավետ վարդերը և ափի մակընթացությանը բախվող  կլոր առաջամասով զբոսանավը։
— Նավթատեր Դեմեյնից եմ գնել,— նա ինձ կրկին քաղաքավարի ու կտրուկ շրջեց դեպի դուռը։— Գնանք ներս։
Մենք անցանք ընդարձակ միջանցքով և մտանք պայծառ, վարդագույն մի տարածություն, որը հազիվ էր միացած տանը՝ մինչև գետին հասնող բարձր, երկկողմանի լուսամուտներով։ Լայն բացված պատուհանները ճերմակին էին տալիս դրսի թարմ խոտի վրա, որը, թվում էր, ներաճել է տան մեջ։ Սենյակում թափառող զեփյուռը  ծածանում էր խունացած դրոշներ հիշեցնող վարագույրները մերթ դեպի դուրս, մերթ ներս, մերթ թռցնում վեր` դեպի առաստաղը, որը թանձր շաքարահյութով ծածկված հարսանեկան կարկանդակ էր հիշեցնում և ապա վետվետուն ստվերով թավալվում էր գինեգույն գորգի վրա, ինչպես քամին՝ ծովի մակերևույթին։
Սենյակի միակ անշարժ առարկան հսկայական մեծության բազմոցն էր, որի վրա` ասես խարիսխ գցած օդապարիկի մեջ, թառել էին երկու երիտասարդ կին։ Նրանց սպիտակ զգեստները թրթռում էին ու ծփծփում, կարծես նրանց տերերը հենց նոր մի կարճ թռիչք գործած լինեին տան շուրջը։ Հավանաբար ես մի պահ մնացի կանգնած՝ ունկնդիր վարագույրների թափահարմանը և պատի նկարի շխկշխկոցին։ Ապա՝ չրը՛խկ, Թոմ Բյուքենենը փակեց առջևի պատուհանները, և թակարդն ընկած քամին հանդարտվեց սենյակում։ Վարագույները, գորգերն ու կանայք դանդաղ վայրէջք կատարեցին։
[1] Քաղաքապետարան (ֆրանս.):

Զանգակ հրատարակչություն