Յուվալ Նոյ Հարարի. Կյանքը համավարակի ժամանակ ու համավարակից հետո

October 6, 2021

Յուվալ Նոյ Հարարին, լինելով բազմաթիվ մրցանակների դափնեկիր, պարբերաբար խորհրդակցում է համաշխարհային առաջնորդների հետ: Նրա վերջին հարցազրույցը Covid-19-ի ճգնաժամի մասին է: Ըստ նրա, եթե մենք վստահենք գիտությանը՝ մի կողմ դնելով դավադրության տեսությունները, կհաղթահարենք ճգնաժամը և նույնիսկ շատ ավելի ուժեղ դուրս կգանք այս վիճակից:

Այն, ինչ ընտրում ենք հաջորդ մեկ-երկու ամսվա ընթացքում, կփոխի աշխարհը մեկընդմիշտ: Այս փիլիսոփայական մոտեցմամբ  Յուվալ Նոյ Հարարին ամփոփել է աշխարհի ապագան: Ըստ «Sapiens», «Homo Deus», «21-րդ դարի 21 դասերը» գրքերի հեղինակի, վերջին երկու տարում երկրները, բնակիչները  վերածվել են փորձարկման օբյեկտի: Ու ամենացավալին այն է, որ մեր կայացրած որոշումները ազդեցություն կունենան տարիներ և տասնամյակներ անց, ու դրանք կփոխեն մոլորակը: «Իմ մտահոգությունն այն է, որ կարճաժամկետ ընտրության շնորհիվ մարդիկ սխալ որոշումներ կկայացնեն: Սովորական ժամանակներում կառավարությունները համաձայն չէին լինի այս տեսակի փորձեր կատարել, բայց սրանք սովորական ժամանակներ չեն»:

Հիմա թելադրողը Քովիդն է: Եվ ուսուցիչների ու դասախոսների մասնագիտական գործունեությունը պետք է լինի ոչ միայն «ինչ»-ի կամ «ինչպես»-ի մանկավարժությունը, այլ նաև «ինչու» -ի և «ինչի համար»-ի: Հարարին նկատում է՝ աշխարհն այսօր կանգնած է  նոր կրթական ուղի հորինելու մարտահրավերի առջև. «Մենք կարիք չունենք ընդհատելու ակադեմիական կրթությունը, պարզապես պետք է նոր սերնդի մեջ զարգացնենք քննադատական միտքը, հաղորդակցությունը, գործակցությունը և ստեղծագործելու ունակությունը: Եվ դրա համար մեզ անհրաժեշտ է փիլիսոփայության օգնությունը»:

Մեծ տվյալների, արհեստական ինտելեկտի և ավտոմատացված ուսուցման շնորհիվ, պատմության մեջ առաջին անգամ հնարավոր է դառնում մարդուն ավելի լավ ճանաչել, քան ինքն իրեն կճանաչի:

Կրթության համար, համաշխարհային առողջապահական այս արտակարգ իրավիճակում, նոր հեռանկարներ են ի հայտ գալիս: Պրոֆեսորը համոզված է՝ այն, ինչ երեխաներն այսօր սովորում են, հավանաբար, անկարևոր կլինի 2050 թվականին: Նոր սերնդին հարկավոր է այնպիսի ուսուցում, որը  համահունչ է այն մեծ փոփոխություններին, որոնք սպասում են նրանց Covid-19 համաճարակից հետո. «Մեծ տվյալների, արհեստական ինտելեկտի և ավտոմատացված ուսուցման շնորհիվ, պատմության մեջ առաջին անգամ հնարավոր է դառնում մարդուն ավելի լավ ճանաչել, քան ինքն իրեն կճանաչի, հնարավոր է որոշում կայացնել նրանց համար»:

Բացի այդ, աշխարհը սկսում է ընկալել կենսաբանական գիտելիքները: Դրանք անհրաժեշտ են հասկանալ, թե ինչ է կատարվում մարդու ներսում, նրա ուղեղում: Հարարիի համոզմամբ, մենք ավելի ու ավելի ենք հասկանում կենսաբանությունը. «Խոսքը ոչ միայն համացանցին  տվյալների, ձեր ասածի կամ ուր գնալու մասին է, այլ այն տվյալների, որոնք պատմում են, թե ինչ է կատարվում ձեր մարմնի ներսում: Ինչպես այն մարդիկ, ովքեր օգտագործում են հավելվածներ, որոնք մշտական տեղեկատվություն են հավաքում արյան ճնշման և սրտի կծկումների մասին: Կառավարությունը կարող է հետևել այդ տվյալներին և, բավարար հաշվիչ հզորությամբ, կարող է հասնել մի կետի, որտեղ կարող է ինձ ավելի լավ հասկանալ, քան ես ինքս: Այդ տեղեկատվության շնորհիվ  կառավարությունը կարող է հեշտությամբ սկսել ինձ շահարկել և վերահսկել երբևէ ամենաարդյունավետ եղանակով»:

Հարարիի խորհուրդը՝ 21-րդ դարում պետք է գիտելիքի մեծ պաշար ունենալ կլիմայական փոփոխությունների, համաճարակի վերաբերյալ և լսել գիտության և կրթության փորձագետներին՝ նրանք մեզ ասում են, թե ինչ է կատարվում և ինչ պետք է անել: