Ֆիննական արև. Արտասովոր ու տպավորիչ Հելսինկի

November 9, 2015

- Kitooos.
Սա այն բառն է, որ հաճախ կլսես ֆիններից. նրանք շնորհակալություն են հայտնում անգամ այն ժամանակ, երբ բարևում ես, ժպտում ես: Երբ ոտք դրեցի Հելսինկի, զարմացա. տաքսու վարորդները կանգնած էին անշարժ, չէին մոտենում ու մեքենա առաջարկում: Ավելի զարմացա, երբ նրանց մեքենաները տեսա: Վերջին դասի ամենաշքեղ արտադրության մոբիլները ծառայում են որպես տարրական փոխադրամիջոց: Ֆինները վարում են կիսաթանկ մեքենա` առանց ճոխ մակնիշների: Երթևեկությունը խաղաղ է, ազդանշան երբեք չես լսի, «Նիվա»-ներ չկան, ձայնարկիչի ձայնը կողքի մեքենան չի լսի: Կարգուկանոնով ու առանց արագություն գերազանցելու՝ քաղաքացիները աշխատանքի են գնում ու վերադառնում:

Ապշեցի, երբ վարորդն ինձ խնդրեց ամրագոտին ձգել, երբ ետևում էի նստած, հետո պատմեց, որ իրենց մոտ խիստ է. իրավապահները հետևում են:

Ավտոտեսուչները: Նրանք այդպես էլ չերևացին. չեն շրջում, խախտումները ֆիքսում են տեսախցիկները: Մեքենա վարում են քչերը, ընդ որում մեծ մասը կանայք են: Նախընտրելի փոխադրամիջոցը հեծանիվն է, մանավանդ ուսանողների համար: Պետք է նրանց կայանատեղին տեսնել: Ընդ որում մարդիկ գիտեն, որ մայթին քայլելիս պետք է ձախ կողմով անցնել, մի մասը հեծանիվի համար է:
Օուլուի փողոցները մաքուր են, բայց մաքրված չեն: Սկանդինավներում եղանակը խոնավ է, օդը` սառը, անտառները` խիտ ու անաղարտ: Ֆինն ընկերս անկեղծացավ. այստեղ մեքենան չեն լվանում, կարիք չկա: