ԱՄՆ-ը ուներ «Ծովային կատուներ», ԽՍՀՄ-ը` հոլուայականներ. ովքե՞ր էին ամենագաղտնի հատուկջոկատայինները

March 19, 2017

Հեռավոր Արևելքի այս կղզին ժամանակին համարվում էր ռուսական ծովային ուժերի «թաքստոցը»: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բոլորի աչքից հեռու, Պրիմորիեի երկրամասի կղզիներից մեկում տեղակայվեց Խաղաղօվկյանոսյան նավատորմը: Մինչև այսօր էլ այն համարվում է հատուկ նշանակության նավատորմի էլիտան:
Երկրորդ համաշխարհային պատերազմը Խորհրդային Միության համար հրաշալի դաս եղավ՝ թե ռազմական, թե քաղաքական առումով: Հաղթանակից հետո, ԽՍՀՄ Զինված ուժերը ձեռնամուխ եղան ձևավորել հատուկ նշանակության վաշտեր՝ 46 ստորաբաժանումներով, յուրաքանչյուրում՝ 120 մարդ: Դրանք ստեղծվեցին ի հակակշիռ ՆԱՏՕ-ի: Հատուկ նշանակության ստորաբաժանումների հիմնական խնդիրն էր կատարել դիվերսիոն և հետախուզական բնույթի գործողություններ: Ծառայության համար վերցնում էին միայն խելացի, առողջ, հմուտ ու բանիմաց երիտասարդների:  80-ականների տվյալով՝ հատուկ նշանակության ջոկատում ծառայողների ավելի քան 30 տոկոսն ուներ բարձրագույն կրթություն, մնացածը՝ միջին մասնագիտական: Հետախույզները պետք է կարողանային կրակել բոլոր տեսակի զենքերից, տիրապետեին հակաականազերծման հնարքների, լինեին ստորջրյա սուզորդներ, ցատկեին պաrաշյուտով, անհրաժեշտության դեպքում ցուցաբերեին բժշկական օգնություն, և ամենակարևորը՝ գրագետ ու անթերի կատարեին հետախուզական առաջադրանքները: Ահա թե ինչու այդ ստորաբաժանումներում պատահական մարդիկ չէին հայտնվում, նրանց ընտրում էին ծանր, դաժան փորձությունների ենթարկելուց հետո միայն:
Մեկ շաբաթյա քննությունների ընթացքում նրանց ծեծում էին, ստորացնում, սոված պահում, արգելում քնել: Ֆիզիկական ու հոգեբանական տանջանքներին դիմացողներն ընդգրկվումն էին նավատորմ: Եվ սա դեռ սկիզբն էր, նրանք ավելի դաժան փորձությունների էին ենթարկվում ծառայության ժամանակ:
Ասում են՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին ԽՍՀՄ-ը մի խումբ հետախույզների հատուկ առաջադրանքով ուղարկեց Ճապոնիա: Նրանք ընդամենը 6-7 հոգի էին, սակայն մի քանի ժամում կարողացան կապիտուլյացիայի ենթարկել  3.500 ճապոնացիների: Նրանց հաղթանակի գրավականն անկոտրուն ոգին էր: Հենց այս մարդիկ էլ դարձան Խաղաղօվկյանոսյան նավատորմի հատուկ ջոկատայինների ստորաբաժանման կորիզը:
1955 թվականին հաջողվեց հավաքագրել միայն 35 հետախույզների (3 սպա, 8 ավագ և 21 նավաստի): 1960-ականներին ստորաբաժանումն ուներ մոտ 150 հատուկ ջոկատային՝ ջրասույզ-հետախույզներ, զինվորական հետախույզներ և ռադիո-հետախույզներ: Մեր օրերում հետախուզական կետի կազմ-կառուցվածքը փոփոխության է ենթարկվել՝  ստեղծվել են տեխնիկական նոր ստորաբաժանումները, թարմացվել է նյութատեխնիկական բազան, ուժեղացվել են ռազմական տարրերը:
ԱՄՆ-ը «Ծովային կատուների» ստորաբաժանումը (SEAL) ստեղծելիս կրկնօրինակեց ԽՍՀՄ հատուկ ջոկատայինների ընտրության կարգը, որը թույլ է տալիս կարճ ժամկետում հասկանալ՝ կարո՞ղ է արդյոք այս կամ այն թեկնածուն ծառայել ծովային հատուկ նշանակության ստորաբաժանումում, չի՞ նահանջի ամենադժվար պահին,կհաջողի՞ կատարել ուսումնա-մարտական առաջադրանքը:
Ըստ վիճակագրության, ավելի քան 200 հոլուայականներ տարբեր ժամանակներում արժանացել են պետական տարբեր պարգևների: «Հոլուայի» գործունեությունը խիստ գաղտնի է պահվում, այն հրապարակվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ միայն «չոր ինֆորմացիայի» տեսքով:


  • 1982 թվականին հոլուայականները հատուկ առաջադրանք են կատարել հետախուզական նավով: Նրանց առջև դրվել էր այլ պետության տարածք ներթափանցելու խնդիր: Ինչ առաջադրանք են կատարել՝ կարելի է միայն ենթադրել:

  • 1989 թվականին 38 հոլուայականներ արժանացել են պետական պարգևի՝ հատուկ առաջադրանք կատարելու համար: Թե ինչ առաջադրանք է՝ անհայտ է:

  • 1995 թվականին հոլուայականները մասնակցել են Չեչնիայի պատերազմին: Հայտնի է, որ 5 հետախույզ զոհվել է, մեկը հետմահու արժանացել է «Ռուսաստանի հերոսի» կոչման:


Ասում են՝ երբևէ չի եղել, որ հոլուայականները գերի ընկնեն կամ բացահատվեն ժամապահի կողմից:  Վստահեցնում են, թե նրանք կարող են կատարել յուրաքանչյուր առաջադրանք՝ լինի դա ցամաքում, թե օվկիանոսի կենտրոնում: Պատմում են, որ նրանց կարելի է թողնել Սիբիրյան անծայրածիր ու անմարդաբնակ անտառներում՝ առանց հաց ու ջրի, տալով միայն մեկ դանակ ու նրանք ոչ միայն կգոյատևեն, այլ առանց բացահայտման կկատարեն ուսումնա-մարտական առաջադրանքն ու քողարկված կվերադառնան կղզի: Եվ սա լեգենդ չէ, այլ իրականություն:
Խոլուայ (խալուայ, խալուլայ) նշանակում է երկնագույն վայր, թեև չինարենի մասնագետներն այդքան էլ համամիտ չեն բառի այս թարգմանության հետ:  
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատ հոլուայականներ հեռացան ծառայությունից՝ փնտրելով ավելի հանգիստ ու անվտանգ կյանք, սակայն ստորաբաժանման հիմնական կորիզը մնաց: Նրանց շնորհիվ՝ նույն վայրում այսօր ծառայում են նոր հեռախույզներ՝ ժամանակակից տեխնիկայի ու ռազմական գործի պահանջներին համապատասխան: Հենց նրանք են, որ կենդանի են պահում Հեռավոր Արևելքի Հոլուայի լեգենդը: