Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ Գեորգի Գոսպոդինովի «Տրտմության ֆիզիկան» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

August 31, 2022

2000 թվականին լույս տեսավ բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի 1-ին արձակ ստեղծագործությունը։ Սա խորհրդային միության փլուզումից հետո բուլղարական առաջին վեպն էր, որ թարգմանվեց 22 լեզվով։ Գոսպոդինովը բուլղարական գրականությունը դուրս բերեց արևմտյան երկրների շուկա։ Հիմա նրա վեպերը մասնակցում են եվրոպական ամենահեղինակավոր գրական մրցանակաբաշխություններին: «Տրտմության ֆիզիկան» գիրքն առաջին անգամ ներկայացվեց Newmag Summer Fest-ին:

Գեորգի Գոսպոդինովը գրող է, բանաստեղծ, գրականագետ և գրաքննադատ։ Նա ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը։ 1993 թվականից գրական խմբագիր է Լիտերատուրեն վեստնիկ թերթում։ Օքսֆորդի «Օրիենտ էքսպրես» գրական ամսագրի բուլղարական բաժնի խմբագիրն է։ Բուլղարիայի ԳԱ դոկտորանտ է։ Գրական ասպարեզում հայտնի է դարձել 1992-ին, երբ լույս է տեսել նրա բանաստեղծությունների 1-ին ժողովածուն:

 

«Տրտմության ֆիզիկան» վեպը լույս է տեսել 2011-ին: Այն բուլղարիայում կայծակնային արագությամբ դարձավ բեսթսելլեր։ Գոսպոդինովն արդեն լրատվամիջոցների ամենապահանջված ու ցանկալի հյուրն էր։ Նա այնքան ճանաչված դարձավ, որ իր ընթերցողների ու լրագրողների հետապնդումներից խուսափելու համար սկսեց ճամփորդել՝ Բեռլին, Նյու Յորք, Սոֆիա։ 

 

Նա անդրադարձավ տրտմության թեմային, որովհետև համարում էր, որ այն առանձնահատուկ երևույթ է՝ հատուկ միայն բուլղարացիներին:

Գրաքննադատները նրան համեմատել են Քամյուի հետ։ Բորխեսին նույնպես նման է, բայց նրա գործերում գույներն ավելի խիտ են։ Newmag-ը գիրքը թարգմանել ու հրատարակել է Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի հրատարակչական նախագծով, որը տասը տարվա պատմություն ունի: Newmag-ը առաջին հայկական գրահրատարակչությունն է, որը մասնակցել է դրան ու շահել է դրամաշնորհը:

Կարդացեք նաև