Հուրի Գեբեշյան. «Հետևե՛ք երազանքներին»

December 18, 2017

Հիմնական գաղափարն ուղղված է ոգևորելու և ներշնչելու երիտասարդ աղջիկներին, որպեսզի վերջիններս հետևեն իրենց երազանքներին: Չէ՞ որ իրականում Barbie-ն պարզապես տիկնիկ չէ, նրա առաքելությունը աղջիկներին օգնելն ու քաջալերելն է, որպեսզի նրանք կարողանան բացահայտել իրենց անսահմանափակ հնարավորություններն ու սովորել, որ յուրաքանչյուր երազանք կարելի է իրականացնել, եթե իսկապես հավատում ես այդ երազանքի ուժին։
Նախագծի համար ընտրվել են իրենց մասնագիտություններում հաջողության հասած կանայք, որոնք իրենց փորձով օրինակ են ծառայում դեռահաս աղջիկների համար և ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ոք կարող է լինել այն, ինչ երազում է։
Հուրի Գեբեշյան: Աշխարհահռչակ հայ մարմնամարզուհի: Ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, սակայն սպորտի ամենակարևոր միջոցառմանը՝ օլիմպիական խաղերին, մասնակցել է Հայաստանի դրոշի ներքո և գրանցել մեծ հաջողություն: 2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերում Հուրի Գեբեշյանը կատարեց հնարք, որը մտավ մարմնամարզության պատմության մեջ: Իսկ հնարքը կոչվեց հայուհու ազգանունով՝ «Գեբեշյան»: Հուրի Գեբեշյանը Հայաստանի և ԱՄՆ կրկնակի քաղաքացի է:
- 5 տարեկանից Դուք սպորտում եք: Ի՞նչը կամ ո՞վ է ազդել Ձեր մասնագիտական կողմնորոշման վրա:
- Ես սկսեցի մարմնամարզությամբ զգաղվել 5 տարեկանից։ Կարծում եմ` յուրաքանչյուր մարմնամարզիկ մանուկ ժամանակ եղել է չափազանց ակտիվ։ Մայրիկս միշտ պատմում է, թե ես ինչպես էի պտտվելով փորձում դուրս պրծնել մեքենայի նստարանից։
Բարեբախտաբար, Մասաչուսեթսի մարմնամարզության կենտրոնը` իմ հարազատ մարզասրահը, շատ մոտ էր գտնվում մեր տանը, և մայրիկս ինձ ուղարկեց մարմնամարզության դասընթացների։ Իմ մարզիչներն ինձ առանձնացրեցին և կցեցին մրցող թիմին: Այդ ժամանակվանից սկսած՝ ես կապվեցի սպորտին։
- Ամեն աղջնակ միշտ ունենում է իր սիրելի խաղը, որը միշտ խաղում է: Դուք ի՞նչ խաղ էիք խաղում Ձեր Barbie տիկնիկի հետ:
- Քանի որ իմ Barbie-ն օլիմպիական մարմնամարզուհի էր, ես նրա հետ խաղալիս պատկերացնում էի, թե մենք մարմնամարզությամբ ենք զբաղվում օլիմպիական խաղերում։
-Դուք ունեք նաև բժշկի մասնագիտություն:
-Բժշկություն և մարմնամարզություն: Որտե՞ղ է թաքնված կապը:
Բժշկության մեջ իմ կարիերան նույնպես որոշակի չափով կապվում է մարմնամարզության հետ։ 20 տարի է՝ ես մասնակցում եմ տարատեսակ մրցումների և պետք է կարողանամ ինքնուրույն հասկանալ վնասվածքներից առաջացած խնդիրները և գտնել դրանց անհրաժեշտ լուծումները։ Արդյունքում ես նույնպես ուսումնասիրեցի և սովորեցի իմ մարմնի անատոմիան, և դա ինձ հետաքրքրեց։ Այնպես որ բժշկության մեջ իմ կարիերան շատ բնական ընտրություն էր։
 
-Սպորտսմենուհիներն արդյո՞ք ունենում են տիկնիկների և հրաշքների աշխարհ:
-Հստակ չեմ կարող ասել, թե այլ սպորտսմենուհիներ տիկնիկներ ունեն, թե ոչ, բայց ես այս պահին չեմ հավաքում կամ խաղում տիկնիկներով։ Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ շատ սպորտսմեններ ունեն իրենց կրկնօրինակ տիկնիկները, ինչպես, օրինակ՝ Գեբի Դուգլասը։
-Ո՞վ է Ձեզ նվիրել առաջին Barbie տիկնիկը: Կպատմե՞ք նրա հետ հանդիպելու Ձեր պատմությունը:
-Մայրիկս է նվիրել իմ առաջին Barbie տիկնիկը։ Բայց նրա հետ իմ հանդիպման պատմությունը չեմ հիշում. շատ փոքր էի։ Բայց հետաքրքիրն այն է, որ իմ տիկնիկը 1996 թվականի օլիմպիական մարմնամարզուհի Barbie-ն էր։ Կարծես թե մայրիկս նախազգացել էր իմ ապագան, երբ գնում էր այդ տիկնիկը։
-Իսկ ի՞նչ էր Ձեր Barbie տիկնիկի անունը:
-Կարծում եմ՝ նրա անունը հենց էր։
-Barbie տիկնիկները հաջողակ, գեղեցիկ և ժամանակակից աղջկա կերպարներ են մարմնավորում: Շատ աղջիկներ նույնիսկ փորձում են նմանվել այս տիկնիկներին: Երբ Դուք փոքր էիք, ունեի՞ք երազանքներ, որոնց ցանկացել եք հասնել:
-Ես հասել եմ իմ մանկության բոլոր նպատակներին և երազանքներին, սակայն դրանք հիմա արդեն փոխվել են։
-Ի՞նչ եք կարծում, Barbie տիկնիկները կարո՞ղ են ազդել երիտասարդ աղջիկների երազանքների վրա:
-Միանշանակ՝ այո՛: Աղջնակը կարող է օգտագործել իր երևակայությունը տիկնիկի հետ խաղի ընթացքում և բացահայտել իր երևակայական աշխարհը։ Անձամբ ես չեմ ազդվել իմ տիկնիկից, քանի որ մեծ հաշվով շատ ժամանակ չունեի նրա հետ խաղալու համար։ Ժամանակիս մեծ մասն անցկացնում էի մարզասրահում։ Օլիմպիական մարմնամարզուհի դառնալ երազելու փոխարեն ես մարզվում էի, որպեսզի դառնամ այն։
-Ե՞րբ հասկացաք, որ ցանկանում եք մասնակցել օլիմպիական խաղերին: Ինչպե՞ս կատարեցիք ընտրություն՝ օլիմպիական խաղերին մասնակցել Հայաստանի՞, թե՞ ԱՄՆ դրոշի ներքո:
-Ճիշտ հնարավորություններն ի հայտ եկան ճիշտ ժամանակին։ Երբ ես ավելի երիտասարդ էի, մայրս էր քաջալերում ինձ Հայաստանի համար մրցել, սակայն ես նրա խոսքերն այնքան էլ լուրջ չէի ընդունում միայն այն պատճառով, որ մտածում էի, թե բավականաչափ պատրաստ չեմ։ Ավելի հասուն տարիքում հասկացա, որ միգուցե և կարող եմ մրցել և պետք է փորձել։ Ընտանիքս մտերիմ է մի անձնավորության հետ, որը Հայկական օլիմպիական կոմիտեի անդամներից է։ Հայաստանի օլիմպիական կոմիտեն փնտրում էր կին մարմնամարզուհիների։ Այդպիսով, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային իմ հմտությունները ցուցադրելուց հետո ես հրավիրվեցի մասնակցելու օլիմպիադային Հայաստանի կողմից։
-Դուք հայ առաջին մարմնամարզուհին եք, որը մասնակցեց օլիմպիական խաղերին և հասավ որոշակի հաջողությունների: Դուք չէի՞ք վախենում ձախողումից: Ինչպե՞ս հաղթահարեցիք այն:
-Այո՛, ձախողվելու վախ կար: Առաջին անգամ որպես առաջին հայ մարմնամարզուհի հանդես եկա 2011 թվականին և վնասվածքի պատճառով ձախողվեցի։ Այդ ժամանակ վախը հաղթեց ինձ և խթան հանդիսացավ, որ Ռիոյի 2016 թ. օլիմպիական խաղերին ավելի լավ պատրաստվեմ հաջողության հասնելու համար։ Ես արդեն ճաշակել էի ձախողման համը, և այս անգամ թույլ չէի տա վախին ինձ հաղթել։ Ռիոյի 2016 թ. օլիմպիական խաղերի համար ես ինձ պատրաստել էի հոգեբանորեն, ֆիզիկապես։
-Շատերը Ձեր մասնակցությունը օլիմպիական խաղերին համարեցին պատմական: Դա ի՞նչ արժեք էր Ձեզ համար:
-Այն իսկապես պատմական էր։ Ոչ միայն այն պատճառով, որ ես օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող առաջին մարմնամարզուհին էի, այլ նաև ես հորինեցի և իրականացրեցի մարմնամարզության մի տարր, որը ստացավ իմ անունը՝ «Գեբեշյան»։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ էր: Օլիմպիական խաղերում մասնակցությունս ընդմիշտ կմնա իմ հիշողություններում։ Դա մարմնամարզության կարիերայիս գագաթնակետն էր, սպորտային կյանքիս ամենահիշարժան պահերից մեկը։
-Ո՞րն է ամենամեծ «դասը», որը Դուք երբևէ սովորել եք:
-Երբեք ուշ չէ իրականացնել երազանքը։ Ես վերջապես իրականացրեցի իմ օլիմպիական երազանքը բավական մեծ տարիքում և կյանքիս այնպիսի շրջանում, որ մարդիկ մտածում էին, որ շատ ուշ է։
-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ մարմնամարզուհիներին:
-Կասեմ նույնը. երբեք ուշ չէ երազանքին հասնելու համար։
Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ աղջիկներին:
Գնալ դեպի երազանքը։ Միշտ երազել։ Երբեք չգիտես, թե ուր կտանի երազանքդ, այնպես որ արժե հետապնդել դրանց։ Ինքնավստա՛հ եղեք։