Բացառիկ հարցազրույց Գուզել Յախինայի հետ. ինչով կհետաքրքրի հայկական «Զուլեյխան» (տեսանյութ)

February 9, 2021

Այս շաբաթ Newmag-ը ներկայացրեց համաշխարհային բեսթսելլեր «Զուլեյխան բացում է աչքերը» վեպը: Հեղինակը Գուզել Յախինան է: Սա նրա առաջին վեպն է, որը գրել է 40 տարեկանում՝ 5 տարի առաջ։ Յախինան իր այդ երազանքն իրականացրեց, երբ մասնագիտություն փոխեց, մի կողմ դրեց PR-ն ու մարկետինգը, ընդունվեց Մոսկվայի կինոյի դպրոց, որտեղ էլ ստեղծվեց որպես ֆիլմի սցենար գրված Զուլեյխան։Մի քանի գրական մրցանակի արժանացած վեպը մերժում էր ստացել13 հրատարակչությունից։ Ո՞վ է Գուզել Յախինան, ի՞նչ դժվարություններ հաղթահարեց գեղարվեստական գործը գրելիս և ինչո՞ւ որոշեց անդրադառնալ հենց Ստալինյան կուլակաթափության տարիներին՝ մեր անդրադարձում:

«Երջանկության ու արդարության թռչյուն Սիմուրգ, որը դառնում է երամի թագուհի։ Անցնում են երկար ու դժվար ճանապարհով, սարեր-ձորերով, ու միայն 30 տոկուններն են կարողանում հաղթահարել վտանգները, հասնել Սիմուրգի պալատին, հետ նայել ու տեսնել՝ հեքիաթային թռչյուն սիմուրգը հենց իրենք ենք, բոլորը միասին։ Սիմուրգ հենց դա է նշանակում՝ երեսուն թռչուն»,- Գուզել Յախինան հատուկ ընթերցողի համար կարդում է իր առաջին ու աղմկահարույց վեպը, որի հերոսներից 30-նն են փրկվում 1930-ականների կուլակաթափության տարիներին։ Սոցիալական մսաղացով են անցել ու կտորտանքները  թռել են աջ ու ձախ։

Զուլեյխան դրվագ առ դրվագ վերընթերցելիս, հեղինակը նորից ու նորից տեղափոխվում է թաթարական ավան, որտեղ ապրել է իր տատը։ Նա Սիբիր էր քշվել 7 տարեկանում՝ 1930-ին։ Աքսորի մեջ է անցկացրել 16 տարի և ազատվել է 46 թվականին։ Հենց նրա պատմությունն է թաթարական արմատներով Գուզել Յախինային դրդել, որ վեպի լեզվով փորձի հասկանալ՝ ինչպես է կոփվել իր տատի խստաշունչ բնավորությունը՝ պատմում է գրողը. «Մեղքի զգացում ունեմ, որ չհասցրեցի տատիկիս ավելի շատ հարց ու փորձ անել կուլակաթափության, աքսորի մասին։ Գուցե ավելի համառ պետք է լինեի, ձայնագրիչը միացնեի ու սկսեի: Տատիս կորստի հետ գնացին նաև շատ հետաքրքիր մանրամասներ»։

Ես պատմում եմ ոչ թե թաթարուհու մասին, որն անցած դարի 30-ականներին աքսորվում է Սիբիր, այլ վերազգային մի կնոջ, որը պատրիարխալ միաջավայրի ճիրաններից դուրս է պրծնում և թիթեռնիկի պես բացում թևերը:

Հենց տատիկի տունն է Գուզել Յախինան նկարագրում վեպի սկզբում, նաև անցնում նրա աքսորի ճանապարհով՝ ճիշտ նույն դժոխային երթուղով՝ Կազան-Կրասնոյարսկ-Ենիսեյ-Անգարա՝ ներկայացնում է գրողը. «Ես պատմում եմ ոչ թե թաթարուհու մասին, որն անցած դարի 30-ականներին աքսորվում է Սիբիր, այլ վերազգային մի կնոջ, որը պատրիարխալ միաջավայրի ճիրաններից դուրս է պրծնում և թիթեռնիկի պես բացում թևերը»։

Ինչպես է Զուլեյխան բացում աչքերը, կերպարանափոխվում, առաջին կյանքից անցնում երկրորդին ու վերագտնում ինքն իրեն, ազատություն պարգևում իր համար թանկ մարդկանց։ Հեղինակը ձգտում է հենց այդ գիծը ցույց տալ՝ դա համեմելով պատմական փաստերով, ճնշումների ու հետապնդումների դարաշրջանի դեպքերով. «Ինձ համար կարևորը ոչ թե կուլակաթափությունն է, այլ կնոջ պատմությունը այդ պայմաններում։ Ես փորձել եմ ճշգրիտ նկարագրել փաստերը, թվերն ու դետալները լինեն դրամատուրգիայի նախշերով զարդարված»։

23-ից ավելի լեզուներով թարգմանված Զուլեյխան Newmag-ը  թարգմանեց ու հրատարակեց հայերեն։ Գուզել Յախինան հուսով է, որ հայկական Զուլեյխան ևս մի կաթիլով կավելացնի հետաքրքրությունը Թաթարստանի, իրենց մշակույթի հանդեպ:

Հեղինակը քննադատության երկու հզոր ալիքի միջով է անցել։ Մեկը՝ վեպից, մյուսը՝ ֆիլմից հետո։ Գուզելը դա անվանում է կոնտրաստային ցնցուղ՝ տաք ու սառը շիթերով՝ ներկայացնում է Յախինան. «Ասում են՝ ինչպես է համարձակվել թաթարուհուն ցույց տալ այդ կերպարով, ինձ ազգի դավաճան էլ են անվանել։ Եղան նաև պնդումներ, թե վեպը ազգային ինքնագիտակցության տակ դրված ռումբ է, կարծիքներ կան, որ արդարացնում եմ ռեպրեսիաները։ Ստալինյան ռեժիմի մասին հստակ ասել եմ իմ տեսակետը, շատ նրբանկատ ձևով եմ ներկայացնում ամեն ինչ, այնպես որ, իմ խիղճը հանգիստ է, չեմ ամաչում տեքստի համար։ Ես ուրախ եմ, որ բանավեճ կա, հետևաբար` հետաքրքրություն գրքի նկատմամբ։ Գիրքը շատ են առնում, շնորհակալ եմ քննադատներին»։

Զուլեյխայի պատմությունը, հեղինակի համոզմամբ, ակտուալ է բոլոր նրանց համար, որոնց երկիրը եղել է Խորհրդային։ 23-ից ավելի լեզուներով թարգմանված Զուլեյխան Newmag-ը  թարգմանեց ու հրատարակեց հայերեն։ Գուզել Յախինան հուսով է, որ հայկական Զուլեյխան ևս մի կաթիլով կավելացնի հետաքրքրությունը Թաթարստանի, իրենց մշակույթի հանդեպ. «Հուսով եմ, գլխավոր հերոսուհին հասկանալի, ընկալելի կլինի հայ  ընթերցողի համար։ Հայուհիներին կօգնի պատասխանել մի քանի հարցի՝ ինչ անել, երբ չի սիրում ամուսինը, մահանում է երեխան, սիրահարվում ես թշնամուն»:

Կարդացեք նաև

Գուզել Յախինայի հրաշալի ռուսերենը փոխանցվել է 16 տարի աքսորում անցկացրած տատից։ Սիբիրից վերադառնալուց հետո նա մոռացել էր թաթարերենը ու դարձել ռուսերենի ուսուցչուհի։ Աքսորի ճանապարհի ընկերները նրա համար դարձել էին անփոխարինելի, ավելի թանկ, քան ազգականները։ Կապը պահում էին ցմահ, պարբերաբար հանդիպելով Սիբիրում, որտեղ իրենց բանավանից մնացել է միայն գերեզմանոցը։