Հայկական արտառոց գյուտերը

March 12, 2016

Կենցաղում մեկ դար օգտագործվող ըմպելու ձողիկը հեղինակին փրկեց սնանկացումից: Այժմ ձողիկն այնպիսին չէ, ինչպիսին ստեղծել էր գործարար Մերվին Սթոունը: Ավելի ֆունկցիոնալ է և նորաձև: Ձողիկի գյուտից տասնամյակներ անց մեկ այլ ամերիկացի գործարար ձողիկը դարձրեց ճկվող՝ ավելացնելով ծալքեր: Գաղափարը ծնվեց, երբ Ջոզեֆ Ֆրիդմանը նկատեց, թե ինչպես է զարմիկը փորձում պառկած դիրքով հյութ խմել ձողիկով: Գործարարն արտոնագրեց իր գյուտը և համալրեց միլիոնատերերի շարքը: «Պարզ» գյուտեր, որոնք հեղինակների համար դարձան առատության եղջյուր: Հարյուրամյակներ անց, երբ թվում է՝ ամեն ինչ կա, և անհնար է նոր բան մտածել, հայ գյուտարարները հեղինակում են գյուտեր և արտոնագրում երբևէ արտադրություն սկսելու կամ գոնե մի քիչ հարստանալու հույսով:

Ծալովի, միանգամյա օգտագործման մոխրաման


Ղևոնդ Թորգոմյան. 56 տարեկան
Մոխրամանը ստացվում է ստվարաթղթի մի քանի ծալքով, միանգամյա օգտագործման համար է: Թղթի այն հատվածը, որտեղ մարվում է ծխախոտը, պատված է ալյումինի փոշիով. հրակայուն է: էկո մոխրամանը վաճաքում չկա: Հեղինակը փնտրում է ներդնող՝ արտադրություն սկսելու համար:
«Սևանի ափին ծխում էի,մյուսների նման ծխախոտը հանգցրեցի ավազի մեջ ու մնացորդը այդտեղ էլ թողեցի: Ինձ մոտեցան և տուգանեցին 5000 դրամ:Մտածեցի՝ տպարան ունեմ, կարելի է միանգամյա մոխրաման պատրաստել:Այդպես էլ արեցի:Կարող եմ յուրաքանչյուրի հետ գրազ գալ՝ 1000 հատ ծխախոտ էլ հանգցնես, ոչինչ չի լինի: Սա բարձր տեխնոլոգիա է:Այն հարմար է օգտագործել ծովափին, բնության գրկում և հավաքույթների ժամանակ:Այս գաղափարին բարձր գնահատական է տվել նաև առողջապահության նախարարությունը:Աշխարհն այժմ հրաժարվում է ապակե մոխրամաններից. դրանք կարող են տարբեր հիվանդությունների փոխանցման միջոց դառնալ:Օրինակ՝ մոխրամանը լավ չլվանալու դեպքում հնարավոր է փոխանցել տուբերկուլ յոզ»:

Պարույր Ենոքյան. 80 տարեկան
Խռմփոցը կանխելու հարմարանքը շերտագլխարկի տեսքով իրար միակցվող կտորե ժապավենների կծիկ է: Մեկն իրար է կապում գլխի գագաթնային մասն ու կզակը: Դնչկալը չի թողնում, որ քնած մարդու բերանը բացվի: Կանխվում է խռմփոցը, աստիճանաբար կարգավորվում է շնչառությունը: Գաղափարի հեղինակը արտադրության համար փնտրում է հովանավորի:
«Մարդկության 15%-ը նորմալ չի քնում և խռռացնում է:Դա հիվանդություն է:Երբ մի սենյակում մեկը խռռացնում է,մյուսները չեն կարողանում քնել:Այս հարմարանքը պատրաստելու համար դերձակներ են պետք: Քնած մարդու բերանն ակամա բացվում է.այս գլխարկը կօգնի, որ մարդը կարողանա բերանը փակ վիճակում էլ ազատ շնչել:Քնած մարդը նաև կարող է աջ ու ձախ պտտվել, այն չի քրտնեցնում և քոր չի առաջացնում»:

Հայկ Ենոքյան. 39 տարեկան
Գյուտը պլաստիկ վիրաբուժության ոլորտում է: Քթի վիրահատությունից հետո տարիների ընթացքում բարդություններ են առաջանում: Քթի ծայրը հաճախ իջնում է, և երկրորդ վիրահատության անհրաժեշտություն է առաջանում: Գյուտի հեղինակը մտածել է եղանակ, որի միջոցով կանխվում է քթի իջեցումը: Դիմամկաններ է ներարկվում հատուկ նյութ, որը ժամանակավորապես անշարժացնում է մկանները: ժամանակի ընթացքում ձևավորվում է քթի վերջնական տեսքը, դիմամկաններն էլ վերականգնվում են:
«Այս թեման ամենաքննարկվողն է նաև արտասահմանյան ամսագրերում:Քթի ձևի փոփոխության պատճառներից մեկը դիմախաղի մկաններն են:Սա առաջին անգամ ես եմ նկարագրել և լուծում առաջարկել:Այն մկանները, որոնք պատասխանատու են մեր դեմքի տխուր կամ երջանիկ արտահայտության համար, քթի պլաստիկայում ուշադրության չեն արժանանում:Բայց դրանք մեծ ներգործություն են ունենում հետվիրահատական արդյունքի վրա:Մինչդեռ որոշ վիրաբույժներ քիթը դիտարկում են որպես ոսկրից և աճառից կազմված անշարժ օրգան»:

 

Լևոն Համբարձումյան. 69 տարեկան
Դնովի նստոցը շրջանաձև հարթակ է, որը պտտվում է և ճկվում: Այն տեղադրվում է կահույքին կամ աթոռին: Նստակյաց կենցաղ ունեցող մարդկանց ողնաշարի պրոֆիլակտիկայի համար է: Նստոցի ներսում հատիկավորված բնական հանքային տարր է՝ ցեոլիթ, որը այն պահպանում է չոր վիճակում` անկախ մթնոլորտում խոնավության աստիճանից: Օգնում է ռադիկուլիտի նման հիվանդությունների բուժմանը: Ցեոլիթի հատիկները նաև մերսում են: Այս նստոցը ողնաշարի համար բուժիչ ձիագնացության ազդեցությունն է թողնում:
«Խորհուրդ է տրվում հատկապես երկար ժամանակ նույն դիրքով նստող աշխատողներին՝ ծրագրավորողներին, հաշվապահներին:Մարդը նստած վիճակում կարողանում է պտտվել և ճոճվել:Այդ շարժումները թույլ են տալիս զարգացնել ողնաշարի հոդերը,մեջքի մկանները, մկանները մարզվում են:Պրոֆիլակտիկ ազդեցություն է ունենում ողնաշարային հիվանդությունների համար, կանոնավորում է ճնշումը:Փորձված է՝ ձևավորվում է երեխաների ճիշտ կեցվածք»:

Վահրամ Գաբզիմալյան. 79 տարեկան
Հաբերի տեսքով հականիկոտինային միջոցի հիմքում գետնախնձորի փոշին է: Գյուտի հեղինակը սննդարդյունաբերության տեխնիկայի և տեխնոլոգիայի ոլորտում 25 գյուտ է արել: Հեղինակել է նաև Խորհրդային միությունում հայտնի «Գամիբազին» ծամոնը, որը հականիկոտինային դեղամիջոց էր: Հայկական ծամոնի օգնությամբ հարյուրավոր մարդիկ հրաժարվել են ծխելու սովորությունից: Հեղինակի հականիկոտինային գյուտերից մեկն էլ գետնախնձորի փոշու հիմքով «Գաբզիմալինն» է, որի արտադրությունում օգտագործվում են միայն բնական նյութեր:
«Գետնախնձորի չորացած մասսան ստացվում է հատուկ եղանակով՝ սուբլիմացիայով, այսինքն՝ չորացվում է սառեցմամբ. պահպանվում են օգտակար նյութերը:Գետնախնձորը պարունակում է բազմաշաքար ինուլին, հարուստ է մարդու օրգանիզմին անհրաժեշտ նյութերով՝ ածխաջրեր, սպիտակուցներ, վիտամիններ, որոնք կարող են օգտագործվել սննդի արդյունաբերության մեջ:Չորացումից հետո մնացած փոշենման զանգվածից էլ ստեղծվում է հականիկոտինային միջոցը:Այն թքի հետ միանգամից տարրալուծվում է: 14 տարեկանից ծխել եմ, մի օր հիվանդացա ու որոշեցի՝ այլևս չեմ ծխելու:Որոշումս հիմնավորեցի երդումով:Միայն ծխելը թողնելուց հետո հասկացա՝ ինչ է նշանակում համեղ հաց ուտելը:Եվ որոշեցի օգնել նաև մյուս ծխողներին»: