[ Արևելյան խոհանոց ] Պարսկական դանդաղ էքսպանսիայի գաղտնիքը

November 3, 2016

Եթե որոշեք մարդկության զարգացման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած քաղաքակրթությունների ցանկ կազմել, Պարսկաստանն առաջին հորիզոնականներում նշեք: Սա փաստ է. մենք մոռացել ենք, քանի որ վերջին դարերում Իրանում պետությունը համեմատաբար թույլ և աշխարհաքաղաքականությունից մեկուսացված է եղել: 1979-ի իսլամական հեղափոխությունը իրավիճակը կտրուկ փոխեց: Նույնիսկ կար մի շրջան` Սիրիական ճգնաժամից անմիջապես առաջ, երբ Իրանը հավակնում էր Մերձավորարևելյան զարգացումներում գլխավոր դերին:


***



Աշխարհագրական դիրքն Իրանի համար միշտ է վճռորոշ եղել: Երկիրը Միջին Արևելքում տարածքով ամենամեծն է, 17-րդը` աշխարհում: Մեծ քաղաքները լեռների կամ անապատների միջև են. սա հատուկ մտածված, հին պարսկական պաշտպանողական ռազմավարություն է, որն արդիական է նաև այսօր: Իրանական քաղաքները գրեթե անմատչելի էին հակառակորդի համար, բայց իրանցիների համար էլ բարդ էր նոր տարածքներ հասնելն ու գրավելը: Ազդեցության գոտիներն ավելացնելու ամենահարմար տարբերակը դեպի արևմուտք շարժվելն է: Ասվածը հիմնավորենք բացառման սկզբունքով:

Իրանական ազդեցությունը նկատելի է Աֆղանստանում, թեև այդ երկիրն ավելի լեռնային է, քան Իրանը, ու պակաս բերրի հող ունի: Հողի մասով գրեթե նույնը կարելի է ասել Կենտրոնական Ասիայի մասին: Կովկասը նույնպես, դարձյալ լեռնային ռելիեֆի պատճառով, պակաս արդյունավետ ուղղություն է: Իրանը տիրում է Պարսից ծոցի ջրերին, սակայն երբեք ուժեղ նավատորմ չի ունեցել: Հորմուզի նեղուցն այնքան նեղ է, որ սահմանափակում է ռազմանավերի անցուդարձը: Այս նեղուցը պարսիկներին դարեր շարունակ առավել արդյունավետ ծառայել է որպես տրանսպորտային երթուղի, քանի որ նավթը միայն վերջերս է կարևոր ռեսուրսի վերածվել:


Իրանական բարձրավանդակի տարածքի 2/3-ը զբաղեցնող երկրում ավելի քան երեք տասնյակ էթնիկ խմբեր են ապրում: Լեռներով տեղաշարժվելը դժվար էր, մարդիկ մեկուսանում էին, ու տարբեր մշակույթներ էին զարգանում: Այսօր Իրանի բնակչության 60 տոկոսը պարսիկ է: Պարսկերենը միակ պետական լեզուն է, բայց շրջանային մակարդակով ևս 7 լեզու է ճանաչվում: Երկրում խոսում են 12 այլ լեզուներով: Պարսկական միջուկը հստակ երևում է, բայց արաբները, քրդերը, ադրբեջանցիները, թուրքմեններն ու այլ խմբեր նույնպես բավական ազդեցիկ թվաքանակով են: Բնակչության 90 տոկոսը շիա մուսուլման է, բայց սունիական օջախներ էլ կան: Ու այս ամենը նշանակում է, որ մեկ պետության մեջ այսքան բազմազանությունը համակարգելու համար Իրանում կենտրոնական իշխանությունը պատմականորեն վերահսկելու և որոշումներ պարտադրելու ենթակառուցվածքներ ու լծակներ ունի:



Զագրոսի լեռներն Իրանը պաշտպանում են հնարավոր մրցակիցներից ու միաժամանակ շրջափակում երկիրը: Եթե Իրանը նախատեսի մտնել, ասնեք` Իրաք, երկու նախապայմաններից մեկի առջև պետք է դրական նշան լինի.
ա/ հարուստ տնտեսություն և ռազմական ներուժ,
բ/ Իրաքի թույլտվությունը: 
Օրինակ` 1980-88-ի արյունալի պատերազմում Իրաքը կարող էր կանխել Իրանի հաղթանակը` ունենալով Իրանի բնակչության միայն 1/4-ի չափ բնակչություն: Բայց ԱՄՆ-ն 2003-ին ներխուժեց Իրաք, և դրանից հետո Իրանը սկսեց շիայական ազդեցության գոտի կառուցել: Սիրիայի ալավիտ նախագահ Բաշար ալ Ասադը նրա դաշնակիցն է: Լիբանանում էլ Հզբոլլահի դոմիանանտ լինելը նշանակում է, որ Իրանը կարող է այդ գոտին ձգել մինչև Միջերկրական ծով: Սիրիական ճգնաժամը դանդաղեցրեց այդ ծրագիրը. սունի ծայրահեղական Իսլամական Պետությունը դեռ անլուծելի խոչընդոտ է: Սունի արաբական ուժերը նույնպես չէին կարող հանդուրժել Իրանի ծրագրերը Միջին Արևելքում:

Արաբական աշխարհում տիրող քաոսի ֆոնին Իրանի մրցակից Թուրքիան է զարգացնում կարողությունները` ունենալով գրեթե նույնքան բնակչություն, ռազմավարական ավելի կարևոր նշանակությամբ աշխարհագրական դիրք, առավել զարգացած տնտեսություն ու մարտունակ բանակ: Թուրքիան Միջին Արևելքում երկար ժամանակ դոմինանտ կլինի, Իրանն էլ դեռ պետք է բավարարվի ուժային այլընտրանքային կենտրոն լինելով:


Պատմությունը ցույց է տվել, որ այս տարածաշրջանից մեծ կայսրություններ են սկիզբ առել և դոմինանտ եղել Միջին Արևելքի մեծ մասում: Եվ այդ կայսրությունների սահմանները միշտ հետևողականորեն ընդլայնվել են: Պարսկական էքսպանսիայի առավելագույն սահմանը արևելքում հասել է մինչև Հինդուկուշ, հարավում` Կահիրե, արևմուտքում` մինչև Ստամբուլ: Միայն Աքեմենյան կայսրությունն է կարողացել ավելի հեռու գնալ` մինչև Սև ծովի ափամերձ շրջաններ (որովհետև Միջին Արևելքը պառակտված էր, ու դիմադրություն չի եղել. միակ դիմադրողը Հունաստանն էր, որը հետ մղեց պարսիկներին, թեև նրանք ավելի մեծ բանակ ունեին: Պարսկաստանն այլևս երբեք լրջորեն չանհանգստացրեց Եվրոպային):
Boundaries of Persian expansion
Բազմազան բնակչությամբ սեփական տարածքում Իրանի կենտրոնական իշխանության ազդեցությունը դրսևորվել է դիվանագիտորեն: Աշխարհագրորեն դժվարամատչելի տեղանքներում վերահսկողությունը պահպանելու համար պետք էր գործակցել տեղի ժողովուրդների հետ: Սրա հետևանքով միախառնվում էին մշակույթներն ու գաղափարները: Իսլամից առաջ Պարսկաստանում դոմինանտ դավանանքը զրադաշտականությունն էր, որի որոշ սկզբունքներ պահպանում են հուդայականությունն ու քրիստոնեությունը: Իսլամի ընդունումը ցույց տվեց, թե որքան արդյունավետ այն կարող է համատեղել տարբեր մշակույթներն ու հավատքները: Ոչինչ Իրանն այնպես չի միավորել, ինչպես իսլամը: Եվ ոչ մի արտաքին ուժ Իրանում այնպես չի տարածվել, ինչպես իսլամը: Այս կրոնն արաբական ծագում ունի, պարսկերենն էլ արաբատառ է. սա պարսկական մշակույթի վրա արաբական ազդեցության նշանն է: Բայց պարսիկները կարողացել են դարերի ընթացքում պահպանել իրենց լեզուն և այն կիրառելի դարձնել Կենտրոնական և Հարավային Ասիայում, այս կամ այն չափով ազդել ուրդու, հինդի, բենգալի լեզուների և օսմանյան թուրքերենի վրա: Պարսիկները, կրելով իսլամի ազդեցությունը, պահպանել են սեփական մշակույթի կարևոր տարրերը, և այսօր կրոնն Իրանի սոցիալական կյանքում ընդունվում է առանց որևէ հակասության: Պարսիկները շիա ուղղությանն անցել են 1501-ին և ժամանակակից մուսուլմանական աշխարհում համարվում են միակ շիա գերտերությունը:

***



Չորս քարտեզները ցույց են տալիս, որ Իրանն անհերքելիորեն ազդեցիկ ուժ է` հպարտ պատմությամբ, մշակույթով և քաղաքականությամբ, որում հստակ ընդգծված է սեփական ձեռագիրը: Այս երկիրը տարբեր ազգերի ձևավորման կենտրոն է, իր մշակույթը տարածել է Հյուսիսային Աֆրիկայից մինչև Կենտրոնական ու Հարավային Ասիա, Միջին Արևելք: Միաժամանակ, աշխարհագրական դիրքի ու ռելիեֆի պատճառով, Իրանի համար դժվար է  տարածաշրջանում ուժային կենտրոն լինել: ԻԻՀ-ն ավելիին  կարող է հավակնել միայն ու միայն որոշ գործոններ զարգացնելով, որի պոտենցիալն ունի, հեռանկարն էլ արդեն իսկ ուրվագծվում է: