Հայաստան-Իրան՝ առանց վիզայի. իռացիոնալ վախեր, ռացիոնալ վտանգներ ու իրական լուծումներ

June 2, 2016

Վախեր


N1. Շատ են: Անվիզա ժամանելու դեպքում իրանցիների հոսքը կլինի անկառավարելի:
N2. Հարուստ են: Կգան, տներ կառնեն, ժողովրդագրական պատկերը կփոխվի:
N3. Կրքոտ են: Սիրում են հայ կանանց, որոնց սիրում ենք նաև մենք: Սեռական հողի վրա լարվածությունն անխուսափելի է:
N4. Կասկածամիտ են: Խիստ կասկածում են, որ 1600 տարի առաջ տեղի է ունեցել մի ինչ-որ ճակատամարտ, որում իրենք բարոյապես պարտվել են:


Մովսեսի պատվիրաններից ԵԱՀԿ սկզբունքներ. Միջազգային քաոսի շրջապտույտը





Եթե ավելի լուրջ. ապա` նախ, վտանգներ


N1. Իրանի հյուսիսային նահանգների թրքախոս բնակչության շրջանում Բաքուն հետևողականորեն ներմուծում է Իրանից անջատվելու, Ադրբեջանին միանալու և հայերին ատելու գաղափարներ: Եթե Իրանի այս քաղաքացիները Հայաստան մուտք գործեն առանց վիզայի, ԱԱԾ-ը ստիպված կլինի ավելի ակտիվ աշխատել:
N2. Եթե քաղաքաբնակ հայաստանցիներն` իրենց ագրեսիվությամբ, ու գյուղաբնակ  հայաստանցիներն` իրենց ավանդապաշտությամբ, կոշտ արձագանքեն տարամշակույթ իրանցիների մեծաքանակ հոսքին, ոտիկանությունը ստիպված կլինի ավելի ակտիվ աշխատել:
N3. Շատ իրանցիներ իսկապես կարող են մտորել Հայաստան տեղափոխվելու, այստեղ սեփականություն ձեռք բերելու, Հայաստանում վաղուց հիմնավորված իրանական կապիտալն աշխատեցնելու, գործազրկության բարձր ցուցանիշով աշխատաշուկայում հայերի հետ լրջորեն մրցակցելու մասին: Սոցապ նախարարությունը ստիպված կլինի ավելի ակտիվ աշխատել:
N4. Հին շրջանի սիրահար հայերը` որպես անվիճելի ականատեսներ, կարող են իրենց պատմական էքսկուրսներով լցնել իրանցիների համբերության բաժակը` ամեն խաչմերուկում նրանց ներկայացնելով Ավարայրի ճակատամարտի բոլոր մանրամասները: Պատմության ինստիտուտը ստիպված կլինի ավելի ակտիվ աշխատել:


Հին աստվածներն ու ժամանակակից կառավարությունների ճգնաժամը





Հիմա տեսնենք հնարավոր լուծումները


N1. Վիզային ռեժիմի չեղարկումը չի նշանակում, որ երկիր մտնող օտարերկրացու մասին պետությունը տեղյակ չի լինում: Տվյալների վերլուծումն այսպես թե այնպես կատարվում է, ինչ պետք է՝ իմանում են նրանք, ովքեր պետք է իմանան`ինչ պարտավոր են:
N2. Վիզաների չեղարկումը նշանակում է, որ իրանցիները կկարողանան Հայաստանում առանց վիզայի լինել ոչ երկար ժամանակ. կես տարվա ընթացքում` առավելագույնը 3 ամիս, և վերջ:
N3. Իրանցիների մեծ հոսքը նախևառաջ օգտակար է զբոսաշրջության, տնտեսական ակտիվության համար: Այս տարվա փետրվարին Իրանի քաղաքացիների համար վիզաները վերացրել է Վրաստանը, դրանից երկու շաբաթ անց՝ ռեժիմը դյուրացրել է Ադրբեջանը:
N4. Հայերը կարող են ի պատասխան հոծ խմբերով այցելել Իրան, 90 օրով հաստատվել Տղմուտ գետի ձախակողմյան ափին և կրկին տոնել բարոյական հաղթանակ` այս անգամ` վիզային ռեժիմի դեմ: