[Սեղանի հակառակ կողմում] Ջեկ Լոնդոն. Ոգելից արձակ

May 2, 2017

Նորից ուրբաթ է: Այն օրերից, երբ թվում է, թե մեկի փոխարեն մի քանի օր ես ապրել։ Երբ սեփական մարմինդ թվում է ծանր բեռ, որի տակ իրական էությունդ ճնշված է ու չի կարող ճեղքել այդ ծանր պատյանը։ Երբ բարի հետևում անցկացրած յուրաքանչյուր ժամ թվում է մի անվերջություն, յուրաքանչյուր պատվեր՝ անտանելի ծեծված ու անհետաքրքիր, իսկ օրը կարծես երբեք չի ավարտվելու։ Մյուս կողմից՝ երբ այն ավարտվի, ի՞նչ տեղի կունենա։ Կսկսես հուսահատ փնտրել մարդկանց, շփում, որպեսզի կիսվես ծանր օրով ու մոռանաս այն: Մինչդեռ իրականում այդ օրերին ավելի ապահով է մնալ միայնության մեջ, չփնտրել շրջապատ, քանի որ դա նույնպես լինելու է մեծ հիասթափություն։ Այդ օրերին պետք է պարզապես գնալ տուն, մնալ սեփական մտքերի հետ ու վերջապես հանգիստ մի բաժակ որևէ բան խմել՝ սպասելով նոր օրվան, որը կբերի թեթևություն, նորից գործելու ցանկություն։
Գուցե նման մի բան էր զգում Ջեկ Լոնդոնն ամեն անգամ, երբ իր ծանոթ բարմեններին խնդրում էր լիտրերով «Մարտինի» կոկտեյլ առաքել իր տուն։
Ի տարբերություն շատ հարբեցողների՝ Լոնդոնը միշտ քաջ գիտակցում էր, որ իր կյանքը, ստեղծագործությունն ու էությունը սերտորեն կապված են խմիչքի հետ։ «Ես հասել էի մի կետի, որտեղ իմ մարմինը երբեք ազատ չէր ալկոհոլից։ Ես ինքս ինձ թույլ չէի տալիս հեռու մնալ խմիչքից։ Չկար րոպե օրվա ընթացքում, երբ ես արթուն էի ու չէի ձգտում խմել»,- գրում էր նա։
Ջեկ Լոնդոնն իր հարբեցողությունն արդարացնելու բազում հիմնավորումներ ուներ։ Մինչև 21 տարեկանը նա չգիտեր` ով է իր կենսաբանական հայրը։ Իր ծննդյան պատմությունը նա պարզեց Բերքլիի համալսարանում (Կալիֆոռնիա) սովորելու տարիներին, երբ, ուսումնասիրելով հին թերթերը, իմացավ, որ իր մայրը հղիության ընթացքում փորձել է վերջ տալ իր կյանքին, քանի որ նրա ամուսինը հրաժարվել է ընդունել երեխայի հայրությունը։ Ինքնասպանության փորձն անհաջող է անցել: Ֆլորային շուտով կնության է առել հայրենական պատերազմի հաշմանդամ Ջոն Լոնդոնը՝ իր ազգանունը տալով ապօրինի երեխային, որը տարիներ անց այն դարձրեց հայտնի։
Ջեկը կախվածություն ուներ ու չէր թաքցնում դա այն պահից ի վեր, երբ առաջին անգամ ինքն իրեն հարցրեց. «Հնարավո՞ր է, որ ես անգիտակցաբար, տարիների փորձի բերմամբ ի վերջո դարձել եմ հարբեցող»։ Իսկ փորձը միակ բանն էր, որ նա ուներ նույնիսկ առավել, քան անհրաժեշտ է երիտասարդին։
Առաջին անգամ նա գինովցել էր 5 տարեկանում՝ դաշտում աշխատող խորթ հոր համար գարեջուր տանելիս։ Երկրորդ անգամ՝ իտալացիների խրախճանքին, երբ, վախենալով, թե մերժման դեպքում այդ սևաչյա բիրտ տղամարդիկ նրան կդաշունահարեն, առանց գիտակցելու կուլ էր տվել ինքն էլ չգիտեր, թե քանի բաժակ գինի, որը վառել էր նրա կոկորդն ու տապալել գետնին ։ Երրորդը՝ գուցե ոստրեների մաքսանենգության տարիներին։ Հետո արդեն դժվար էր հաշվել. ամեն անգամ նա ինքն իրեն խոստանում էր, որ այլևս երբեք չի մոտենա այդ «գարշելի փրփրաջրին», և ամեն անգամ նորից կանգնում էր ընտրության առջև։ Նրա ընկերները հիմնականում նավաստիներ էին, որոնք խմիչքի վրա ծախսում էին աշխատած յուրաքանչյուր սենթ։ Լոնդոնին նրանք հեշտությամբ ընդունում էին որպես ընկերոջ, քանի որ տղայի օրգանիզմն իր երիտասարդ տարիքի համեմատ անհավանական դիմացկուն էր ալկոհոլի հանդեպ։ Փորձառու նավաստիները երիտասարդ Լոնդոնին, որն այդ ժամանակ 14 տարեկան էր, մեծ քանակությամբ գարեջուր էին հյուրասիրում, պատմում էին իրենց ծովային արկածները, շփվում էին հավասարի պես։ Նա ավելի ուշ հասկացավ համատեղ գինարբուքների ոսկե կանոնը. երբ քեզ հյուրասիրում են, դու պետք է անպայման պատասխան հյուրասիրություն անես։
Միակ խնդիրն այն էր, որ Ջեկը շատ լավ էր գիտակցում վաստակած գումարի արժեքը և տառապում էր խմիչքի պես զզվելի մի բանի վրա փող ծախսելու անհրաժեշտության և ընկերությունը պահպանելու ցանկության հակասությունից։ Ի վերջո, Ջեկը խմում էր շրջապատում մնալու համար։
Տարիներ անց նա սկսեց ավելի քան պարզ գիտակցել իր վիճակի անելանելիությունը: Մի օր նրան հարցրին, թե պաշտպանո՞ւմ է սուֆրաժիստուհիների շարժումն ու կանանց ձայնի իրավունքը: Ջեկ Լոնդոնը, որն իր ամբողջ կյանքն ապրել էր հակաֆեմինիստական սկզբունքներով, առանց րոպե իսկ մտածելու, պատասխանեց՝ այո՛։ Այդ անսպասելի դիրքորոշումը նա բացատրում էր նրանով, որ կանայք, ձայնի իրավունք ստանալով, ամենայն հավանականությամբ կարգելեն խմիչքը, և սերունդները ստիպված չեն լինի հաղթահարել սրտխառնոցն ու վարժվել գարեջրի ու էժան գինու զզվելի համին։
Լոնդոնը տարբերակում էր երկու տեսակի հարբեցողների. առաջին տեսակը նրանք են, ովքեր այնքան հիմար են, որ հարբելիս կարող են միայն ճոճվել և խայտառակվել՝ թավալվելով ջրափոսերում։ Մյուս տեսակը շատ ավելի բարդ է, իմաստուն ու հասկանում է կյանքի վայրիվերումները։ Նույնիսկ ամենահարբած վիճակում սրանք չեն կորցնում իրենց դեմքը, դատապարտված են մշտապես խորհել գոյության և դրա իմաստի մասին: Նրանց ոգին անկաշկանդ է: Եվ միակ ազատությունը, որից նրանք զուրկ են, գոյության անտանելի ցավից ազատող մահվան օրն իմանալու իրավունքն է։

***


Մինչև գրականությանն անցնելը Լոնդոնն ունեցել է տարօրինակ զբաղմունքներ. տարիներ շարունակ եղել է թափառաշրջիկ: Նա թրև էր գալիս անծայրածիր երկրով մեկ հիմնականում մենակ, երբեմն՝ բախտակիցների հետ։ Կարճ ժամանակով նա միացել է հայտնի Քելիի բանակին. համազգային այս բողոքի երթը սկսվել էր 1890-ականների վերջին՝ նպատակ ունենալով իշխանություններին պարտադրել լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար։


Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ. Սեղանի հակառակ կողմում





17 տարեկանում, արդեն ունենալով կյանքի հարուստ փորձ, նա հերթական գինարբուքի ժամանակ փաբի տիրոջը պատմեց գրող դառնալու իր երազանքի մասին։ Բախտն այս անգամ նրան ժպտաց (դա շատ հազվադեպ էր պատահում Լոնդոնի կյանքում), և փաբի տերը նրան պարտքով տվեց համալսարանում սովորելու համար անհրաժեշտ փողը։ Երբ ի վերջո նա սկսեց գրել, հանդիպած նավաստիները, բարմենները և թափառաշրջիկները նրա համար դարձան գտնված գրական կերպարներ, ընթերցողի համար՝ հայտնի ու սիրելի հերոսներ։
21 տարեկանում նա ի վերջո փորձեց հանդիպել իրական հոր հետ, սակայն չարժանացավ ջերմ ընդունելության, որն ակնկալում էր։ Այս հիասթափությունից հետո Լոնդոնը թողեց իր ուսումն ու մեկնեց Քլոնդայք՝ բախտը փորձելու որպես ոսկեխույզ։ Ճակատագրի հեգնանքով հենց այստեղ նա գրեց իր առաջին հաջողված գործերը։ Երեք տարի անց՝ 1900-ին, նա կարողացավ իր ստեղծագործություններով վաստակել 2500 դոլար, որն այսօր համարժեք է մոտ 72000 դոլարի։

Գիտակը


Թանկ խմիչքներին նա ծանոթացավ շատ ավելի հասուն տարիքում. մինչև 21 տարեկանը Լոնդոնը հասցրել էր ձեռք բերել ամենագռեհիկ հարբեցողության փորձ, չնայած երբեք չէր սիրել գարեջրի համը։ Գրական առաջին հաջողություններից հետո միայն Լոնդոնի շրջապատում հայտնվեցին նոր պերսոնաժներ: Անապագա թափառաշրջիկ նավաստիներին փոխարինելու եկան մտավորականները, արվեստագետներն ու հարգարժան մարդիկ։ Այդ ժամանակ էր, որ նա բացահայտեց 5 սենթից թանկ խմիչքները։
Արդեն կայացած հեղինակ լինելով՝ Լոնդոնը տարին մեկ նավարկում էր Սան Ֆրանցիսկոյի ծովախորշով և իր ընկերներին հրավիրում էր միանալ իրեն։ Այդ ժամանակ արդեն գլուխ էր հանում խմիչքից և գիտեր, որ այն կարող էր և չունենալ գարշելի համ։ Իր զբոսանավում նա միշտ պահում էր լավագույն վիսկների մի քանի արկղ: Ընթրիքից առաջ կոկտեյլները նրան և իր հյուրերին մատուցում էր պրոֆեսիոնալ բարմենը։
Կյանքի առաջին 20 տարին ստիպված լինելով խմել էժան խմիչքներ, որոնք պարզապես եռացնում էին արյունն ու գցում էին բթացնող թմբիրի մեջ՝ Ջեկ Լոնդոնն իր հայտնիության տարիներին ինքն իրեն պարգևատրում էր նրբաճաշակ կոկտեյլների ախորժալուր համերով։ Նույն կերպ էլ ես ավարտում եմ այս օրը հախճապակե գավաթում սառույցի հետ խաղացող խմիչքով և կարծես թե պատրաստ եմ դիմավորել հաջորդ օրը։

Հեղինակ` Սոնա Գասպարյան