«Դասական բուրժուաները». Երևանում ջազ նվագում էին միչև Երկրորդ համաշխարհայինը

November 18, 2014

Չանցավ 70 տարի, ու երևանյան առասպելներում գոյության իր իրավունքը հաստատեց նաև պատմությունը, թե ինչպես էր ստեղծվում ջազը Երևանում: 30-ականների Երևան, գավառական փոքրիկ քաղաքի ստվերից դեռ չձերբազատված, բայց հզոր և արևային մայրաքաղաքի հավակնություններ ունեցող Երևանը փորձում էր հետ չմնալ խորհրդային մեծ ընտանիքի խիզախ նորարարության շնչից: Հայուհիներ, որ իրենց արդուզարդի պարտադիր բաղադրիչ էին դարձնում Արևմուտքի նորաձևության համարձակ դետալները, լայնեզր գլխարկի ու լայնաշերտ փողկապի կուլտուրան յուրացնող տղամարդիկ և ֆոքստրոտի վարակիչ հնչյուններ: Հեղափոխական վայրիվերումներին հաջորդած թոհուբոհում ծնվում էր նոր մտածողություն ու նոր մշակույթ:

Եթե անդրադառնանք մայրաքաղաքի սրճարաններում ծնվող ջազային տրամադրություններին, ապա 1969-ին բացվեց առաջին ջազ ակումբը՝ «Սանասար-Բաղդասար» սրճարանում: Կար նաև «Արաքսը», որտեղ նույնպես եղանակ էին ստեղծում ջազի ֆանատները. սրանք մայրաքաղաքում միմիայն ջազային տիրույթներ էին համարվում: Ավելի ուշ այս շարքը համալրում են «Արմենիա» հյուրանոցի ջազ-բարը և վերջապես՝ Պոպլավոկը: Chico-ն, որ «Արմենիայի» ջազ-թիմի բենդ-լիդերն էր ու խմբի հոգին, այդ տարիները յուրօրինակ ջազային ակադեմիա է համարում:
- 1993թ. սեպտեմբերին իմ տղաների հետ մտա «Արմենիա» հյուրանոց, և դա մի զարմանալի բան էր, ոնց որ նոր ջազային ակադեմիա լիներ: Կյանքը մեզ ասաց՝ ահա ձեր ջազը, դե հիմա նվազեք: Ջազն էմոցիոնալ արվեստ է, կատարյալ նվիրում է պահանջում: Տղաներն անգամ բողոքում էին, թե ո՞նց կարելի է ամեն օր նվագել, ու մենք միասին անցանք այդ ճանապարհը՝ սիրողական ջազից մինչև պրոֆեսիոնալ ջազ: Այսինքն՝ կոփվեցինք, հղկվեցինք միայն պրոֆեսիոնալ աշխատանքի ընթացքում, երբ պահանջվում է, որ նվագես ամեն օր: Առաջին 4 տարին մենք նվազել ենք գրեթե ամեն երեկո՝ առանց հանգստյան օրերի: 6-7 օր շաբաթվա մեջ դու պետք է նվագես իմպրովիզներ ու մեծ ռեպերտուար: Փաստորեն 1993-98 թվականներին ջազի կրակը պահպանվեց «Արմենիայում», որտեղ մենք նվազեցինք մինչև 1999-ը:
Միջազգային ճանաչում
- 60-ականներին սկսվեց նոր դարաշրջան,-ասում է Չիկոն,-ստեղծվեց ջազ եռյակ. Լևոն Մալխասյան, Արթուր Աբրահամյան, Արմեն Թութունջյան: Իհարկե, դա Մալխասի եռյակն էր, նա էր գլխավոր մենակատարը: Բայց շատ մեծ էր կոնտրաբասիստ Արթուր Աբրահամյանի դերը երևանյան ջազային կյանքում:
Ալեքսանդր Զաքարյանի հայտնությունն իսկական սենսացիա էր. մեզանում ոչ ոք այդպես դեռ չէր նվազել սաքսոֆոն: Շուտով երևանյան ջազային առաջատարների շարքը համալրեց կատարողական ուժեղ տեխնիկա ունեցող դաշնակահար Արմեն Տեր-Թադևոսյանը:
70-ականներին վառվեց Տաթևիկ Հովհաննիսյանի աստղը, նրան էր բախտ վիճակված մեր ջազային վոկալին միջազգային ճանաչում պարգևել:
Իսկ 80-ականներից ասպարեզում հայտնվեցին նաև Դավիթ Ազարյանի ու Արտաշես Քարթալյանի եռյակները: Թե՛ Ազարյանը և թե՛ Քարթալյանը կատարողական տաղանդը զուգակցում էին նորարարական հրաշալի կոմպոզիցիաներով, թեև սկզբունքորեն տարբերվում էին իրենց դավանած ջազային ավանդույթներով: Դավիթի համար շատ ավելի հարազատ էր ամերիկյան ջազային մտածողությունը, Քարթալյանն առավելապես հակված էր հայկական ելևէջների վրա հենված կոմպոզիցիաներին:
Մալխասը և Երևանյան ջազ փառատոները
Եթե Լևոն Մալխասյանի ստեղծագործական կենսագրությանը հավելենք նաև ուսանողական տարիների փորձերը, ապա լիարժեքորեն կարող ենք ասել, կես դար կամ գուցե փոքր-ինչ ավելի կամ մի ամբողջ կյանք ջազում: Վիրտուոզ դաշնակահար ու փայլուն իմպրովիզատոր երաժիշտը վաղուց արդեն նույնացվում է ջազի ըմբոստ և ազատ ոգու հետ: 60-ականներից սկսած դժվար է հիշել որևէ ջազ-համերգ, որին մասնակցած չլիներ Մալխասը:

Բայց հզոր կատարողական արվեստից բացի Մալխասի անվան հետ են կապվում երևանյան միջազգային ջազ փառատոները, որոնք թեկուզ և կարճ ժամանակով, Երևանը վերածում էին իսկական ջազային մայրաքաղաքի: Դրանցից առաջինը՝ «Երևան-Ջազ 1998-ը», ջազում հնչեղ անունների ու անթերի կատարողական արվեստի իսկական հրավառություն էր: Նյու Օռլեան, Նյու Յորք, Մոսկվա և Երևան, սա փառատոնի աշխարհագրությունն է, իսկ անուններն ինքնին խոսուն են. Քլարենս Ջոնսոն 3-րդ, Թոփսի Չեփմեն, "New York Voices", Տաթևիկ Հովհաննիսյան, Արմեն Դոնելյան, Արմեն Թութունջյան, Դավիթ Ազարյան ու Արտաշես Քարթալյան, Սերգեյ Մանուկյան, Ալեքսանդր Զաքարյան: «Երևան-98-ի» պատվո կնքահայր կարելի է համարել Ջորջ Ավագյանին, որի թեթև ձեռքով իրենց աստղային կենսագրությունն են սկսել Մայլս Դեյվիսը, Քիթ Ջարեթը և ջազի այլ հսկաներ: Նրա ներկայությունն Ազգային օպերայի դահլիճում խանդավառ ոգևորությամբ ընդունեցին ջազի նվիրյալները:
«Երևան-Ջազ 2000-ն» անմոռանալի էջ է երևանյան փառատոների պատմության մեջ: Մալխասի ղեկավարած «Ջազ արթ» ընկերության հրավերով երևանյան փառատոնի հյուրն էր ջազի կենդանի լեգենդը՝ Չիք Կորեան: Ջազի այս գիգանտի ֆանատները խիստ շոշափելի իրողության էին վերածել «ասեղ գցելու տեղ չկա» արտահայտությունը: Սքանչելի համերգ՝ ամերիկացիների կատարմամբ, ինչից հետո՝ պատմական հայ-ամերիկյան «երաժշտական երկխոսություն» Պոպլավոկում մինչև լուսաբաց:
Chico & Friends
90-ականների սկիզբը նոր փուլ է նախանշում հայկական ջազում: Չիկոն իր շուրջն է հավաքում երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, որոնց համար սահմանված էր առաջկա տարիներին փայլել ջազարվեստի էլ ավելի բարձր ուղեծրում: Այսպես ծնվեց "Chico & Friends" խումբը, որն այս տարի նշում է իր 15-ամյակը: 93-ի դաժան, բայց ստեղծագործական ոգեշնչմամբ գերհագեցած ձմեռը Չիկոյի գնահատմամբ վճռորոշ շրջան էր:
- Սպայի տան հարևանությամբ մի ստորգետնյա ակումբ կար: Ես մի խումբ երիտասարդների հետ մտա այդ ակումբ, և սկսվեց մի բացառիկ համագործակցություն: Այդ մութ տարիները մեր ջազային համալսարաններն էին, բոլորս աշակերտներ էինք, միմյանցից սովորում էինք: Հետո սկսեցինք նվագել ժուռնալիստների տան «ընդհատակում»: 93-ին առաջին համերգը պետք է նվագեինք Ամերիկյան համալսարանում: Մտածում էինք՝ ինչպե՞ս ներկայանանք: Ասացի՝ իսկ գուցե "Chico & Frie՞nds": Հավանեցին:
Այս խմբում պրոֆեսիոնալ ու բարձրակարգ ջազ նվազելու իրենց իրավունքն են շատ արագ հաստատում դաշնակահարներ Վահագն Հայրապետյանը, Արթուր Սաթյանը, Կարեն Գասպարյանը, վիբրաֆոնահար Տիգրան Փեշտմաջյանը, կոնտրաբասիստ Սիմոն Դոլմազյանը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, կիթառահար Ալեքսանդր Մայիլյանը: Վահագնը և Տիգրանը տարբեր տարիներ եղել են "Chico & Friends՛՛-ի երաժշտական ղեկավարները:
Վահագն Հայրապետյանի ջազ եռյակ և «Կատուներ»
Վահագն Հայրապետյանն այն երաժիշտներից է, որին լավ ճանաչում են նաև Հայաստանի սահմաններից դուրս: Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՍՆ, Կանադա, երկրների ոչ լրիվ շարք, որտեղ ծափահարել են Վահագն Հայրապետյանի ջազ եռյակին՝ մեր հրաշալի կոնտրաբասիստ Նիկողայոս Վարդանյանին և թմբկահար Ալեքսանդր Աղամյանի հետ: Այս խումբն իր միջազգային ճանաչման դափնեպսակին հասավ 2000թ. Մոնրեալի ջազ փառատոնին: Ջազում նկատվող նոր միտումներն ու հեռանկարները մշտապես Վահագն Հայրապետյանի հետաքրքրության կիզակետում են: Վահագն Հայրապետյանն իր կոմպոզիտորական մտահղացումներն ու նախագծերն իրականացնում է արդեն «Կատուներ» խմբով:

Հայկական ջազի վերջին նվաճումները
Հայաստանը և հայերին արդեն ճանաչում են միջազգային ջազի աշխարհում: Անկախացումից հետո ընդլայնվեցին մեր ջազմենների միջազգային կապերը, մենք գնում ենք Արևմուտք ու նաև ընդունում ենք այնտեղի երաժիշտներին: Հայկական ազգանունները, որոնք հայտնվում են հեղինակավոր միջազգային փառատոների պաստառներին և արտասահմանում թողարկված խտասկավառակների կազմերին, մեզ հպարտություն են ներշնչում: Արևմուտքում ավելի ու ավելի հաճախ են հնչում հայկական նոր անուններ, դաշնակահարներ Կարեն Ասատրյան, Վարդան Հովսեփյան և թմբկահար Կարեն Քոչարյան: Բայց ամենամեծ պարգևը, որին երբևիցե արժանացել է մեր ջազը, մեզ բերեց Տիգրան Համասյանը, համոզված է Չիկոն:
- 19-ամյա գյումրեցին 2006 թվականին հաղթեց Թելոնիուս Մոնքի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում, որն ասպարեզում ամենահեղինակավորն է: Տիգրանը 2001-ից Հայաստանում չէ: Մինչև իր վաշինգտոնյան զրնգուն հաղթանակը, նա հաղթել էր եվրոպական բազմաթիվ փառատոներին ու մրցույթներին: Այսօր նա Եվրոպայում և Ամերիկայում ֆանտաստիկ ճանաչում ունի, Մոնթղո փառատոնի մշտական մասնակիցն է, նվազել է Չիք Կորեայի, Ջոշուա Ռեդմանի, Ջեֆ Բալրդի հետ: Նա արդեն ամենաբարձր նշաձողն է սահմանել, և մենք կարող ենք նրանով հպարտանալ: Տիգրանը մեր ջազի ծնունդն է և հայկական ջազի ապագան:

Հեղինակ՝ Նունե Ալեքսանյան
newmag #06