Հենրիխ Մխիթարյան` առաջին գոլի էյֆորիայից հետո. սպասելիքներ ու վիճակագրություն

December 10, 2016

30 մետրից ավելի անհատական անցում ու բիլյարդային հարված. Հենրիխ Մխիթարյանը բացեց իր գոլերի թիվը Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական խաղերում: Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի` Զարյայի հետ խաղում անգլիական ակումբի հաղթանակը սկսեց հենց Մխիթարյանի գոլից (0-2):

Մանչեսթեր Յունայթեդի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նա առաջ է անցել դարպասապահ Սերխիո Ռոմերոյից եւ պաշտպան Էրիկ Բայիից: Մխիթարյանի երրորդ անգամ է ճանաչվում հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հենրիխ Մխիթարյան «Առաջին խաղակեսում մի փոքր բարդ էր մեզ համար, քանի որ  չէինք կարողանում գտնել վերջին փոխանցումը: Բայց երկրորդ խաղակեսում մենք ազատ տարածություններ ստեղծեցինք: Ռունին տարածություն բացելով օգնեց ինձ և ևս գոլի հեղինակ դարձա, հետո եղավ Իբրայի գոլը: Շատ էի սպասում իմ գոլին: Հաջորդը պետք է լինի «Օլդ Թրաֆորդում»` հարազատ երկրպագուների մոտ»:

Իսկ Օլդ Թրաֆորդում հաջորդ խաղը ավելի քան կարեւոր է: Մրցակիցը Լոնդոնի Տոտենհեմն է, որին Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հետապնդում է մրցաշարային աղյուսակում: Հիմա արդեն փորձագետներն ու երկրպագուները կասկած չունեն` Մխիթարյանն այդ խաղում եւս լինելու է մեկնարկային կազմում:
Պոլ Պոգբա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ «Օր օրի մենք համոզվում ենք, թե որքան լավ ֆուտբոլիստ է Մխիթարյանը: Այս երեկո Միկին հրաշալի խաղ ցուցադրեց»:
Զլատան Իբրահիմովիչ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ «Մխիթարյանի գոլն ապշեցուցիչ էր: Նա շատ է աշխատում, ու ապացուցում, թե որքան բարձրակարգ ֆուտբոլիստ է: Ես շատ ուրախ եմ նրա համար»:

Ժոզե Մոուրինյու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ «Մխիթարյանն ապացուցեց, որ լավ մտածելակերպով ֆուտբոլիստ է: Մեկնարկային կազմում տեղ ունենալու համար նա շատ աշխատեց ֆիզիկական եւ տակտիկական որակների վրա: Գիտենք, որ տաղանդավոր խաղացող է: Հիմա Մխիթարյանը լավ խաղ է ցուցադրում բոլոր մրցաշարերում»:
Մայքլ Օուեն Ֆուտբոլային փորձագետ «Մխիթարյանը պետք է միշտ խաղա, կարեւոր չէ, թե որ դիրքում: Գոլի դրվագում Ռունին հիանալի բացվեց ու ազատություն տվեց նրան, բայց այդ անցումն ու եզրափակիչ հարվածը հիանալի էր»:


ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ «ԶԱՐՅԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ



  • կատարել է 57 փոխանցում՝ 89.5 տոկոս ճշգրտությամբ

  • հաղթել է մեկ օդային մենապայքարում

  • 2 անգամ շրջանցել է մրցակցին

  • 3 անգամ խլել է գնդակը

  • թույլ է տվել մեկ խախտում

  • նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները չի խախտել