Ինչո՞ւ և ինչպե՞ս Ժան Պոլ Սարտրը հրաժարվեց Նոբելյան մրցանակից

November 3, 2014

Մեր դարում, երբ բոլորը պետք է մրցանակներ ունենան, երբ յուրաքանչյուր գրող գիտի մրցանակաբաշխությանը հաջորդող ֆոտոսեսիայի կարևորությունը, և երբ գրեթե յուրաքանչյուրն ունի ֆրանսիացիների ասած` couilles` համարձակություն, հանձնաժողովականներին թելադրել՝ իրեն պարգևատրելու ձևն ու տեղը, որքան հաճելի է հիշել 1964-ի հոկտեմբերի 22-ին պատահած դեպքը, երբ Ժան Պոլ Սարտրը հրաժարվեց գրականության իր Նոբելյան մրցանակից:
«Ես միշտ մերժել եմ պաշտոնական պարգևները»,- բացատրեց նա այն ժամանակ,- «գրողը չպետք է իրեն թույլ տա, որ իրեն ինստիտուտի վերածեն: Պահվածքս պայմանավորված է գրողի համարձակության մասին իմ համոզմուքներով: Գրողը, որը որդգերում է քաղաքական, սոցիալական կամ գրական որևէ կողմնորոշում, պետք է գործի իր այդ մտահորզիոնի շրջանակում, իր գրած բառի տարածքում»:
Իր ամոբղջ կյանքում Սարտրը տանջվել է՝ որոնելով գրականության նպատակը: 1947-ին գրած «Ի՞նչ է գրականությունը» էսսեյում հրաժարվում է գրականությունը որպես սուրբ հասկացություն ընդունել, որը եկել է փոխարինելու հնացած կրոնական պատկերացումները: Ըստ նրա՝ գրականությունն իրականացնում է ավելի շատ սոցիալական ֆունկցիա: Սակայն Նոբելյան մրցանակից հրաժարվելու տարում լույս տեսած «Խոսքերում» («Words») հուսահատություն է արտահայտում գրականության այդ գործառույթի վերաբերյալ:

Երկար ժամանակ նայում էի իմ գրչին` որպես թրի: Հիմա ես գիտեմ՝ որքան անզոր ենք մենք:

Պոեզիան, ինչպես Աուդենն է (անգլաամերիկացի պոետ) գրում, ոչնչի չի հանգեցնում: Քաղաքականությունից բխող գրականությունը, Սարտրն ասում է, ավելի լավը չէ: Մերժելով Նոբելյան պարգևը` Սարտրն անհանգստություն էր հայտնում, որ այդ մրցանակը ծառայում է «Արևմուտքի գրողներին կամ Արևելքի ընդդիմադիրներին»: Ասում էր՝ գուցե ընդուներ Նոբելյան մրցանակը, եթե այն իրեն շնորհվեր Ալժիրում` Ֆրանսիայի կայսերական պատերազմի տարիներին, որին ինքը կտրականապես դեմ էր: Այդ ժամանակ մրցանակը կօգներ պայքարին, ոչ թե «Սարտր» անունը կվերածեր բրենդի, ինտիտուտի, ապաքաղաքականացված ապրանքի: Իսկապես, դժվար է չընդունել նրա մտահոգությունները:
Բայց պատմությունն ավելի անսովոր է, քան նրա պահվածքը: Սարտրը Figaro Littéraire-ում կարդում է, որ մրցանակի հավակնորդների թվում է: Նամակ է գրում Շվեդական ակադեմիային: Տեղեկացնում է, թե չի ցանկանում մրցանակը: Չնայած դրան՝ նրան պարգևատրում են:
«Ինձ չէր հետաքրքրում փաստը, որ Նոբելյան կոմիտեն մրցանակը հանձնել է մեկին, որը նախապես հրաժարվել էր դրանից: Մտահոգիչ էր փաստը, որ, Շվեդական ակադեմիայի որոշումը անբեկանելի էր, հետագայում այն չէր կարող ուժը կորցնել»:

Այդպիսով Սարտրը դարձավ ավելի շատ ծիծաղելի, քան կարդացվող: Անդադար ներկայացվում էր որպես «դոդոշ փիլիսոփա»՝ տգեղ, ծայրահեղական, անըմբռնելի, Les Deux Magots-ում Սիմոնա դը Բովուարի ընկերակցությամբ սուրճի հերթական մեծ չափաբաժինը կլանող, ծխախոտի ծուխի պատի ետևում փիլիսոփայական ժարգոնով հայհոյող: Նա ավելիին էր արժանի, քան իր ժամանակները տվեցին նրան:
Եվ ինչպե՞ս պետք է ընկալենք Սարտրին 2014-ին: Նրա երկարատև ինտելեկտուալ պայքարն ու աշխատանքը դեռ ակտուալ են թվում: Երբ կարդում ենք «Վատ հավատում» Լինելու և Ոչնչի մասին, դժվար է չտպավորվել մատուցողի կերպարով, որը իր պահվածքով ու շարժուձևով ցանկանում է ամեն գնով դուր գալ, և որքա՜ն է այդ պատկերը արտացոլում մերօրյա ինքնաներկայացման մռայլ դրաման: Երբ նայում ենք նրա «Ելք չկա» («Huis Clos») թատերախաղը, մտածում ենք՝ որքա՜ն աղետալի են մեր հարաբերությունները այլ մարդկանց հետ, երբ պահանջում ենք նրանցից ավելին, քան կարող են տալ, միայն այն բանի համար, որ «փայլեցնենք» մեր ինքնադիմանկարը: Նրանք էլ մեզնից հիմնականում նույնն են ուզում՝ ինքնահաստատվել մեր հաշվին: Երբ կարդում ենք նրա պնդումը, թե մարդը կարող է պատկերացման ու գործողության միջոցով փոխել իր ճակատագիրը, զգում ենք ընտրության պատասխանատվության բեռը, որը մեզ բարոյական էակների է վերածում: