Հատուկ ուղերձ ազգին. ի՞նչն այնպես չէ Ղազախստանի Սահմանադրության բարեփոխումներում

January 30, 2017

Ղազախստանի նախագահի այժմյան որևէ զինակից դժվար թե հանդուրժի, որ մեկ ուրիշը դառնա երկրորդ ազգային առաջնորդը: Ուստի Նազարբաևից հետո Ղազախստանում անխուսափելիորեն կմտնի կոլեկտիվ ղեկավարման մոդելը: Բայց նրա հատուկ ուղերձում առայժմ չի նշմարվում իշխանությունը փոխանցելու որևէ մեխանիզմ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 25-ին հանդես եկավ «հատուկ ուղերձով», որում պատրաստակամություն հայտնեց իշխանությունը կիսել խորհրդարանի ու կառավարության հետ: Դա անակնկալ չէր. նախագահն անցած մարտին էր ժողովրդին  խոստացել, բայց միաժամանակ նշել, որ ամեն ինչ կախված կլինի տնտեսության վիճակից:
Տարօրինակը, սակայն, դա չէ: Նախ` Նազարբաևի ասածից ակնհայտ է դառնում, որ վերաբաշխելու արդյունքում իրական իշխանությունն է՛լ ավելի կկենտրոնանա նախագահի ձեռքին: Բացի այդ, նա ոչ մի անգամ չակնարկեց հանրաքվեի մասին, որի միջոցով պետք է կատարվեն սահմանադրության փոփոխությունները: Դրա փոխարեն Նազարբաևը, խորհրդային ավանդույթների համաձայն, հայտարարեց սահմանադրության բարեփոխումների նախագծի` «համաժողովրդական քննարկման» մասին: Դա սկսվեց նրա ելույթի հենց հաջորդ օրը և կտևի ուղիղ մեկ ամիս` մինչև փետրվարի 26-ը:
Նախագահի հրամանգրով դեկտեմբերին ստեղծված աշխատանքային խումբ` «լրացումների և առաջարկներ հիման վրա», նախագծում կներառի լրացումները և հաստատման կներկայացնի Նազարբաևին:  Այսինքն սահմանադրության քննարկում նախատեսված էլ չէ: Նուրսուլթան Աբիշևիչը, կարծես, չի շտապում:

ԿՌԻՎ ՍԱՆՐԻ ՀԱՄԱՐ


Նախագահի հատուկ ուղերձը տարօրինակ էր: Որպես կանոն, կարևոր բոլոր հայտարարությունները նա անում է կամ ուղերձի միջոցով, կամ կառավարության ընդլայնված նիստում, կամ ամենամյա ուղերձում (անցած տարի Նազարբաևն, ի դեպ, այդպիսի ուղերձով, չգիտես ինչու, հանդես չեկավ): Եվ այդ ուղերձների ժամանակ նախագահը պետական ատրիբուտների ֆոնին է տեղավորվում. ընդգծվում է, որ նա այդ պահին Ղազախստանում է:
Հունվարի 25-ի երեկոյան ամեն ինչ այլ էր: Նազարբաևը դատարկ սեղանի մոտ էր նստել, եթե չհաշվենք հենց նրա դիմաց դրված տարօրինակ ժամացույցը: Հետևում էլ Ղազախստանի դրոշն էր: Նախագահը հոգնած տեսք ուներ: Նա ակնհայտորեն ոչ իր նստավայրի տնական միջավայրում էր, ոչ էլ մայրաքաղաքում:
Նախագահի սպասվող ելույթի մասին տեղեկությունն էլ հաղորդվեց տարօրինակ ձևով, ավելին` հրատապ: Այդ մասին միայն առավոտյան հայտնի դարձավ` պետական հեռուսատաալիքում Նազարբաևի հայտնվելուց մի քանի ժամ առաջ: Խոսքը ձայնագրված էր, նույնիսկ անորակ մոնտաժն էր նկատելի: Ղազախստանում աշխատող միջազգային լրատվամիջոցները նախագահի ելույթի մասին տեղեկացել էին թվիթներով:
Նազարբաևի առաջարկների իմաստը նախագահական լիազորությունների մի մասը խորհրդարանին և կառավարությանը «կամովին» հանձնելն էր: Բանավեճի մեջ չմտնենք` Ղազախստանի նախագահի ու սահմանադրական իրավունքի գիտակ իրավաբաններրի հետ, որոնք  նրան հանդիմանում են անիրավաչափ ձևակերպումների համար: Նրանք պնդում են, որ խորհրդարանն ունի միայն այն լիազորությունները, որոնք ընտրողներն են տվել պատգամավորներին:  Նրանք էլ իրենց հերթին լիարզորություններ են տալիս գործադիր իշխանությանը` կառավարությանն ու նախագահին:
Սուպերնախագահական համակարգով Ղազախստանում, սակայն, իրականությունը սա է. ամեն ինչ պտտվում է երկրի ղեկավարի շուրջ:
Եվ ահա, նախագահը հայտնում է, որ հասունացել է պահը, և պետք է իր լիազորությունների մի մասը փոխանցի նրանց, որոնց գործն է սոցիալ-տնտեսական գործընթացների կարգավորումը` կառավարությանը, նախարարություններին, ՏԻՄ-երին: Իրեն է թողնում արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունն ու պաշտպանությունը, «ռազմավարական ֆունկցիաները, իշխանության ճյուղերի միջև գերագույն արբիտրի դերը»:
Նազարբաևը ժողովրդին հայտնեց, որ կառավարության ու խորհրդարանի դերն «էապես կուժեղանա»:
Հայտնի ղազախ քաղաքագետ Դոսիմ Սատպաևը խայթոցով նկատեց, որ «լիազորությունների վերաբաշխումը հիշեցնում է երկու ճաղատների կռիվ` սանրի համար: Ընդ որում, երկու ճաղատները խորհրադարունն ու կառավարությունն են, որոնք իրենց ցածր արդյունավետությունը ցույց տվեցին և՛ ճգնաժամային իրավիճակներում, և՛ օրենսդիր աշխատանքում»: «Դատելով այդ ամենից` նախագահը հոգնել է անընդհատ ծածկել նրանց բացթողումներն ու սխալները, որոնք անցած տարի ռեկորդային էին: Եվ սահմանվում է սկզբունքը` թագավորը լա՛վն է, բոյարնե՛րն են վատը»:
Այստեղից եզրահանգում. եթե Նազարբաևն իրեն ազատում է սոցիալ-տնտեսական վիճակի պատասխանատվությունից, և դա դնում է կառավարության վրա` իրեն թողնելով միայն գերագույն արբիտրի գործառույթը, դրանով միայն իր սուպերիշխանությունն է ուժեղացնում:
Այս իրավիճակում դժվար է բացատրել` ինչպես է դա կապվում դեպի «ժողովրդավարական զարգացում» շարժվելու հետ, ինչի մասին հատուկ ուղերձում էր խոսվում: Նազարբաևը բառ անգամ չասաց ընտրական համակարգը բարեփոխելու, ոչ միայն կուսակցական սկզբունքով, այլ նաև մեծամասնական համակարգով խորհրդարան ձևավորելու մասին: Նախագահը լռեց նաև ընդդիմադիրների ազատ գործունեության, ընտրություններին մասնակցելու սահմանափակումները հանելու մասին: Միայն հիշատակեց «Սահմանադրական խորհրդի, դատական ու դատախազական համակարգի գործունեությունը կատարելագործելու մասին»: Այս դեպքում դժվար է հուսալ, որ կլինի գործադիրից անկախ դատական համակարգ:
Ակնհայտ է, որ Ղազախստանի այժմյան խորհրդարանը, որտեղ բացարձակ մեծամասնություն են կազմում նախագահական`«Նուր Օտան» կուսակցության պատգամավորները, նոտարական գրասենյակի դեր է խաղում. ձևակերպում է նախագահի նախաձեռնությունները:

ՆՊԱՏԱԿ` ԱՌԱՆՑ ՄԵԽԱՆԻԶՄԻ


Ուրեմն, ո՞րն է Նազարբաևի` անսպասելի նախաձեռնած վերաբաշխողական բարեփոխումների նպատակը: Գուցե վերջնակետի՞ն է հասնում ղազախստանյան «Հետնորդ» օպերացիան: Քանի տարի է` հենց դրա մասին են անվերջ խոսում և՛ Ղազախստանում, և՛ դրանից դուրս:
Նուրսուլթան Նազարբաևը (թող Ալլահը նրան առողջություն տա) այս հուլիսին 77 տարեկան կդառնա: Եվ օրակարգի գլխավոր հարց է դառնում` ո՞վ կփոխարինի նրան: Հարցը սրվեց հատկապես Նազարբաևի գործընկերոջ`Ուզբեկստանի նախագահ Քարիմովի մահից հետո, որի հետ դեռ Քաղբյուրոյում էր աշխատել:
Նրանք ընկերներ-հակառակորդներ էին, նրանց պայքարը Կենտրոնական Ասիայում ամենահեղինակավոր առաջնորդի կոչման համար էր: Քարիմովի հեռանալը, ինչպես նրա մահից հետո Ուզբեկստանում իշխանության`առանց լուրջ ցնցումների, հաջող տրանզիտը, չէր կարող չազդել Նազարբաևի ծրագրերի վրա: Հնարավոր է` նաև ինքնազգացողության:
Ղազախստանում, ի տարբերություն Ուզբեկստանի, գահի համար պայքարն ավելի կոշտ ու բաց է, նախագահի շուրջ անհամեմատ շատ են հարուստ ու ազդեցիկ հավակնորդները: Նազարբաևը վերջին տարիներին, հատկապես 2014-ից հետո, կադրային քաղաքականությունն այնպես էր կառուցում, որ իր մի նվիրյալի ամբիցիաները հանգչեն` իրենց տեղը զիջելով մյուս հավակնորդի նկրտումներին:
Ուզբեկստանի սգո արարողություններից օրեր անց Նազարբաևը լրջագույն վերադասավորումներ սկսեց: Վարչապետ Քարիմ Մասիմովին նա նստեցրեց Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի աթոռին` նրան օժտելով  արտակարգ լիազորություններով և հանձնելով կոռուպցիայի դեմ անխնա պայքարը: Դրա արդյունքը դարձավ բարձրաստիճան անձանց, նախկին ու գործող պաշտոնյաների, անվտանգության համակարգի ղեկավարի, էկոնոմիկայի նախարարի, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի ձերբակալությունների աննախադեպ ալիքը:
Նախագահը տարվա վերջում հանդես եկավ զգացմունքային հայտարարույթւոններով: Նա ընդունեց, որ ծանր ժամանակներ են, ճգնաժամ է, բայց վստահեցրեց, որ ամեն ինչ կկարգավորվի 2020-ից: Երկրում խոսեցին պետական նոր ծրագրի մասին` «Ողջ մնալ մինչև 2020-ը»:
«Տնտեսության մեջ էքստրաօրդինար քայլերի կարիք կլինի, բայց ես եմ պատասխան տալիս ամեն ինչի համար», սա էր ազգային լիդերի ուղերձների էությունը:
Նազարբաևի ավագ դուստրը` Դարիգան, հանվեց փոխվարչապետի պաշտոնից, որտեղ սոցիալական հարցերով պատասխանատուն էր, և նշանակվեց սենատի միջազգային, պաշտպանության ու անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ: Դարիգան պնդում է, որ նախագահ դառնալու հավակնություն չունի: Ի դեպ, նրա` գործադիրից սենատ գնալը հենց այդպես էլ գնահատվեց. նա ազատվեց մի պաշտոնից, որը պոտենցիալ գնդակահարությունների ցուցակում է, եթե հետո գան վատ ժամանակները:
Մյուս կողմից` այդ օրերին Նազարբաևը շտապեց հանգստացնել հասարակությանը ու հայտնեց, որ Ղազախստանում ժառանգաբար փոխանցվող իշխանություն չի լինի:
Վերջին ամիսների իրադարձությունները ենթադրել են տալիս, որ Նազարբաևը մաքրում է դաշտը` «Հետնորդ» օպերացիան իրագործելու համար: Դա նրան թույլ կտա առաջիկա տարիներին ապահովել բարձրագույն դեմիուրգի ստատուսը, վերահսկել իրավիճակը և այն տանել ցանկալի ուղղությամբ: Պատահական չէ ուղերձում նրա արտաբերած արտահայտությունը. «քաղաքական համակարգի կայունության երկար տարիների պաշար ստեղծել»:
Այդ նպատակն է հետապնդում սահմանադրության լրացումների վերջին առաջարկը, որը նախագահը չհիշատակեց իր խոսքում, բայց որը նրա համար ակնհայտ կարևոր է: Առաջարկվում է Մայր օրենքի 91-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել այս թեզով. «Երկրի` Սահմանադրությամբ սահմանված անկախությունը… չի կարող փոխվել»:
Ինչո՞ւ է պետք քառորդ դար անց սահմանադրորեն պաշտպանել արդեն գոյություն ունեցող անկախությունը: Պետք է ենթադրել, որ դա արվում է Ղազախստանի ինքնիշխանությունը ոտնահարելու բոլոր փորձերը չեզոքացնելու համար: Ասենք` ԵԱՏՄ վերազգային մարմնի կատարելագործման ընթացքում: Հատկապես որ այդ կարգի փորձեր արդեն եղել են մի քանի տարի առաջ:
Վերադառնալով «Հենտնորդ» օպերացիային, կարելի է վստահորեն պնդել, որ նախագահի այսօրվա որևէ զինակից չի հանդուրժի, որ իր կողքինը դառնա երկրորդ լիիրավ ազգային լիդերը: Կանեն ամեն ինչ, որ դա տեղի չունենա: Այդ պարագայում էլ Նազարբաևից հետո Ղազախստանում անխուսափելիորեն կձևավորվի կոլեկտիվ ղեկավարման պես մի բան: Իսկ իր «ընտանիքի» շահերը հուսալի պաշտպանելու համար Նազարբաևն այդ մոդելը պետք է ստեղծի իր կենդանության օրոք:
Նրա հատուկ ուղերձից տպավորություն էր ստեղծվում, որ Նազարբաևը պատրաստվում էր  հայրենակիցներին կարևոր ինչ-որ բան ասել իր մասին, բայց վերջին պահին չհամարձակվեց` իր ժողովրդին նորից թողնելով անորոշության մեջ: