Համաշխարհային բեսթսելլերը վերջապես հայերեն. Newmag-ը ներկայացնում է Ֆրեդրիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» վեպը (թրեյլեր)
Newmag-ը հայերեն թարգմանել ու հրատարակել է շվեդ ժամանակակից գրող Ֆրեդրիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» գիրքը: Այն հրատարակվելուն պես բեսթսելլեր դարձավ Շվեդիայում, ապա՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Վեպը 42 շաբաթ չի իջել New York Times-ի բեսթսելլերների ցանկից։ Ա
«Ուվե անունով մարդը» գիրք է շվեդ մի թոշակառուի մասին, անունն էլ Ուվե: Կնոջ մահից հետո ապրում է միայնակ, իր տանը՝ գրեթե ամեն ինչից ու բոլորից դժգոհ։ Հարևանները նրան համարում են անտանելի ծերուկ, նա էլ իր շրջապատին՝ զազրելի ու ապիկար: Իր բարդ հոգեվիճակից ու անիրավ կյանքից ազատվելու համար մի օր Ուվեն որոշում է ինքնասպանություն գործել, սակայն ավանի նորաբնակ փախստական ընտանիքը փոխում է դժբախտ ու դժգոհ ծերուկի ծրագրերը։ BookBrowse.com-ը գրքի մասին գրել է կարճ ու դիպուկ՝ «Դառը և քաղցր, սև հումորով համեմված քնքուշ պատմություն, որը գրեթե բոլորին կստիպի արտասվել»։
Հումորային դրվագներով լի վեպի հեղինակը Ֆրեդրիկ Բաքմանն է, ում կենսագրությունում ևս իր հերոս Ուվեին հարազատ էպիզոդներ կարող եք ընթերցել: Օրինակ, շվեդ գրողը սովորել է աստվածաբանություն, սակայն մի օր որոշել է ուսումը կիսատ թողել և բեռնատար վարել։ Իսկ հետո սկսել է գիրք գրել ու հասնել մեծ հաջողության: Այդպես էլ եղել է։ Նրա գրքերը թարգմանվել են 30-ից ավելի լեզուներով, հրատարակվել ավելի քան 40 երկրներում։ «Ուվե անունով մարդը» Բաքմանի առաջին ու ամենահայտնի վեպն է, որը գրել է 2012-ին։
«Ուվեն Սաաբ ավտոմեքենա է վարում։ Եվ մարդկանց այն տեսակին է պատկանում, որ մատով ցույց կտա յուրաքանչյուրին, ում չի հավանում, ասես, նրանք թալանչի են, իսկ իր ցուցամատը՝ ոստիկանական լապտեր»,- հեղինակն իր Ուվեի մասին նկարագրությունը սկսում է այսպես ու հավելում՝ «Ուվեի հայացքը հեռու է հաշտության կնքման հեռանկարից»։ Փոփոխոթյունից խուսափող, նորարություններին չհաշտվող Ուվեն նույնիսկ իր հուղարկավորության սցենարն է կտակում. «Թաղումը ոչ մի պարագայում չվերածել «մեծ իրադարձության»։ Մարդ չկանչե՛լ։ Ոչ մի ավելորդություն»:
Ոչ միայն գիրք, «Ուվե անունով մարդը» վեպի հիման վրա 2015-ին բեմադրվել է ներկայացում և նկարահանվել գեղարվեստական ֆիլմ, որը նույն տարում ներկայացվել է Օսկարի։ Մինչդեռ մինչև հրատարակվելը, այս գիրքը մի քանի հրատարակիչ մերժել էր: Նյու Յորք Թայսմի հետ զրույցում հեղինակը պատմել է. «Մի հրատարակիչ ինձ ասաց, որ գիրքը լավն է, ես էլ գրական ձիրք ունեմ, սակայն սա հրատարակելը կոմերցիոն պոտենցիալ չունի»։
Գիրքը շվեդերենից հայերեն թարգմանվել ու հրատարակվել է Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի համաֆինանսավորմամբ։ Թարգմանիչն Աշխեն Բախչինյանն է, խմբագիրը՝ Աննա Բախշյանը: «Ուվե անունով մարդը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 13:00-ին, Ani Grand հյուրանոցում։ Հասցեն՝ Հանրապետության 65: Մուտքն ազատ է:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)