Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
03/12/2026
Հուզիչ, դրամատիկ և ցնցող դեբյուտային վեպ վայրի ու կրքոտ, կոպիտ ու խենթ զգացմունքների ու Հայաստան վերադարձի մասին։ Frankfurter Rundschau-ն կոչել է «սարսափելիորեն սառը և զայրալի գրականություն՝ գանգստա-ռեփի ձևաչափով»։
«Լուսինը մեր արևն է» գիրքը կարոտի, հանձնվելու և վերածնվելու դժվար փորձերի մասին է, որտեղ հերոսների հոգեբանական և սոցիալական դիմանկարներն ինքնակենսագրական են։ Քննադատները այն կոչում են սարսափելի սառը և կատաղի վեպ-գանգստա-ռեփ։
Հոր մահից հետո Ալենը թողնում է դպրոցը և դառնում ակումբի դռնապան։ Նա երազում է փողի, Սեն Տրոպեի խնջույքների և Ջենովայում սեփական բար ունենալու մասին։ Բայց երազներն ու իրականությունը բախվում են, երբ զարմիկն ընկնում է տհաճ պատմությունների մեջ ու գաղտնի գործարքներ կնքում նրա թիկունքում. եղբայրությունը վերածվում է անվստահության, դավաճանության ու բռնության։ Ալենի սիրելին՝ Ֆլոն, հեռանում է նրանից ու քաղաքից, և նա մնում է մենակ՝ ասես զոմբի, օրվա ու գիշերվա, անցյալի ու ներկայի արանքում մնացած ստվեր։
Մի՛ օր, սակայն, մորեղբայրը պատմում է ընտանեկան գաղտնիք՝ նախնիների հողում թաքցված գանձ, և Ալենն ուղի է բռնում դեպի այդ օտար հայրենիքը՝ Հայաստան։
Թուրքիայից ներգաղթած հայ-հրեական ընտանիքում ծնված Քալիսն անպաճույճ ու համարձակ լեզվով պատմում է բորբոքված կարոտի, հանձնվելու և վերածնվելու մասին՝ վարպետորեն գծելով կերպարների հոգեբանական ու սոցիալական դիմանկարները։
Վեպն ինքնակենսագրական ծալքեր ունի. Քալիսն ինքն էր, որ երիտասարդ տարիներին աշխատում էր որպես պահակ, հետո ուսանեց Մյունխենի Օտտո Ֆալկենբերգի դպրոցում, նկարահանեց հիփ-հոփ տեսահոլովակներ։ Հետագայում դարձավ թատրոնի ու կինոյի ճանաչված ռեժիսոր, 2006-ին արժանացավ Բավարիայի արվեստի մրցանակի։ Newmag-ի հետ զրույցում նա անկեղծացել է, թե որքան ուրախ է գրքի հրատարակության համար.
«Անչափ ուրախ եմ, որ իմ վեպը լույս է տեսնում Հայաստանում։ Չեմ կարող նկարագրել զգացմունքներս, քանի որ արմատներով Հայաստանից եմ։ Ուրախ եմ, որ իմ առաջին վեպը, որը պատմում է իմ երիտասարդության և պատանեկության տարիների մասին, գտնում է իր ուղին և իր ընթերցողին»։
«Լուսինը մեր արևն է» գրքի վերնագիրն ոգեշնչված է Յան Դիլեյի և Moonbootica-ի համանուն երգից ու ընդգծում է գրքի երաժշտական շերտը։
Թարգմանությունը գերմաներենից՝ Մարիամ Գուրզադյանի։ Գրքի գլխավոր գործընկեր՝ Սինեմա Սթար Արմենիա։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)