Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)
07/19/2026
Newmag & Friends ծրագիրը ներկայացնում է 20-րդ դարի հայկական կերպարվեստի ամենաինքնատիպ արվեստագետներից մեկի մասին պատկերագիրքը՝ «Հարություն Կալենց․ Գույնի ձևը»։
«Հարություն Կալենց․ Գույնի ձևը» աշխատությունը լույս է տեսել աշխարհի հեղինակավոր արվեստագիտական հրատարակչություններից մեկում՝ ֆրանսիական «Սկիռա»-ում, որը շուրջ մեկ դար հրատարակում է համաշխարհային արվեստի մեծանուն վարպետներին նվիրված գրքեր։
Գրքի միջազգային ուղին սկսվել է Փարիզից։ Շնորհանդեսը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ «Սկիռա» հրատարակչության գրախանութում, որտեղ ներկայացվել է Հարություն Կալենցի ստեղծագործական ամբողջ ճանապարհը՝ լիբանանյան տարիներից մինչև խորհրդային շրջանի աշխատանքներն ու արվեստագիտական ժառանգությունը։
«Հարություն Կալենց․ Գույնի ձևը» գրքի հեղինակներն են արվեստաբաններ Վարդան Կարապետյանն ու Մարի Թոմբը։ Նրանք տարիների ուսումնասիրության արդյունքում համախմբել են մինչ այժմ չուսումնասիրված արխիվներ, անձնական նամակագրություն, ընտանեկան հուշեր, թանգարանային և մասնավոր հավաքածուների նյութեր՝ վերականգնելով ոչ միայն Կալենցի կենսագրությունը, այլև նրա ստեղծագործական և գաղափարական աշխարհի ամբողջական պատկերը։
Պատկերագիրքն ընդգրկում է ավելի քան 150 ստեղծագործություն, էսքիզ, բացառիկ փաստաթուղթ և լուսանկար։ Դրանք ընթերցողին հնարավորություն են տալիս նոր տեսանկյունից բացահայտելու Կալենցին, հասկանալու նրա դերը խորհրդային ոչ կոնֆորմիստական արվեստում և գնահատելու նրա ժառանգության համամարդկային նշանակությունը։
Գրքի հիմքում նաև բացառիկ հավաքածու է, որը ձևավորվել է Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ։ Խորհրդային Միության փլուզումից հետո Կալենցի ստեղծագործությունները ցրվել էին տարբեր երկրներում և մասնավոր հավաքածուներում։ Աշխարհով մեկ տարածված կարևոր կտավների մեծ մասը հաջողվել է նորից միավորել, իսկ այդ հավաքածուն համալրվել է Հայաստանի, Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի թանգարանների ու մասնավոր հավաքածուների գործերով։
Վարդան Կարապետյանի հետաքրքրությունը Հարություն Կալենցի նկատմամբ ծնվել է 1960-ականների ոչ կոնֆորմիստ արվեստագետների ստեղծագործություններն ուսումնասիրելիս, երբ տարբեր հավաքածուներում նա անընդհատ հանդիպել է Կալենցի աշխատանքներին։ Այդ բացահայտումը դարձել է երկարամյա հետազոտության սկիզբը, որի արդյունքն այսօր այս պատկերագիրքն է։
Մարի Թոմբն էլ Կալենցին բացահայտել է Լիբանանի 20-րդ դարի առաջին կեսի արվեստն ուսումնասիրելիս՝ նրան դիտարկելով նաև Մերձավոր Արևելքի մշակութային պատմության համատեքստում։
Հարություն Կալենցի կյանքը ողբերգական պատմություն է, որն իր արտացոլումն է գտել նրա արվեստում։ Իրական անունով Հարություն Հարմանդայան՝ նա մանկության տարիներին վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ Մայրը կարողացել է փրկել իր չորս որդիներին՝ հասցնելով նրանց Հալեպ, սակայն շուտով մահացել է՝ երեխաներին թողնելով ամերիկյան որբանոցում։
Այդ ծանր փորձությունն ու վաղաժամ կորուստները հետագայում վերածվել են ստեղծագործական ուժի՝ ձևավորելով արվեստագետի յուրահատուկ գունային աշխարհն ու մարդասիրական հայացքը։
Կալենցի ստեղծագործական ուղին ձգվում է Լիբանանից մինչև Հայաստան՝ ընդգրկելով Բեյրութի մշակութային կյանքը, խորհրդային արվեստի գաղափարական սահմանափակումներն ու միջազգային ճանաչումը։ Նրա կտավներում գույնն ու ձևը դառնում են ոչ միայն գեղարվեստական լեզու, այլև հիշողության, ազատության և մարդկային արժանապատվության արտահայտություն։
«Հարություն Կալենց․ Գույնի ձևը» միայն արվեստի ալբոմ չէ։ Այն միաժամանակ կենսագրություն, պատմական ուսումնասիրություն և մշակութային վավերագիր է, որը վերաիմաստավորում է մեծ նկարչի տեղը հայկական և համաշխարհային արվեստի պատմության մեջ։
Նյումեգ
14800 ֏
Նկարագրություն
Հարություն Կալենցը 20-րդ դարի հայկական կերպարվեստի ամենաինքնատիպ ու ամենաքիչ բացահայտված արվեստագետներից է։ Նրա ստեղծագործական ուղին ձգվում է Լիբանանից մինչև Հայաստան՝ անցնելով ցեղասպանությունից փրկված մանկության, Բեյրութի մշակութային կյանքի, խորհրդային արվեստի գաղափարական սահմանափակումների և միջազգային ճանաչման միջով։
Այս գիրքը պատմում է ոչ միայն մեծ նկարչի կյանքի ու արվեստի, այլև մի ամբողջ դարաշրջանի մասին։ Խմբագիրներ Վարդան Կարապետյանն ու Մարի Թոմբը, հենվելով մինչև այժմ չուսումնասիրված արխիվների, անձնական նամակագրության, ընտանիքի հուշերի, թանգարանային և մասնավոր հավաքածուների վրա, վերակազմում են Կալենցի կենսագրությունը՝ բացահայտելով նրա ստեղծագործական որոնումները, գաղափարական պայքարը, միջազգային կապերն ու մարդկային աշխարհը։
Գիրքը ներկայացնում է արվեստագետի ավելի քան 150 ստեղծագործություն, էսքիզներ, բացառիկ փաստաթղթեր և լուսանկարներ՝ ընթերցողին հնարավորություն տալով նորովի ճանաչել Կալենցի արվեստը, հասկանալ նրա դերը խորհրդային ոչ կոնֆորմիստական արվեստի պատմության մեջ և գնահատել նրա ժառանգության համամարդկային արժեքը։
Սա միայն մեծ արվեստագետի կենսագրությունը չէ, այլ նաև հիշողության, մշակութային ինքնության և արվեստի ազատության մասին պատմություն, որը վերաիմաստավորում է Հարություն Կալենցի տեղը հայկական և համաշխարհային արվեստի պատմության մեջ։
Կարդա նաև
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)