Քելվին Քուլիջ. Լրագրողների սիրելի նախագահը

November 3, 2016

ԱՄՆ 30-րդ նախագահ (1923-1929) Քելվին Քուլիջը եղել է ԱՄՆ միակ նախագահը, որը նախագահության ընթացքում 4 անգամ կրճատել է հարկերը: Նա սեփական ելույթների տեքստերը գրող վերջին նախագահն էր: Քուլիջը նախագահ դարձավ ծանր շրջանում, երբ նախորդ վարչակարգի կոռումպացվածությունն ու սկանդալների տարափը խաթարել էին վստահությունը Սպիտակ տան նկատմամբ: Սա նախագահին ստիպում էր հաճախ դիմել ժողովրդահաճո քայլերի ու այդ գործում ակտիվ օգտագործել մամուլը: 


Քուլիջը մամուլի հետ աշխատելու վարպետ էր: Նա խոսում էր կարճ, հստակ, փաստարկված և դրանով օգնում էր իր խոսքը հնարավորինս լայն տարածելու ու բոլորին հասկանալի դառնալու գործին: Նա ԱՄՆ առաջին նախագահն էր, որ շաբաթը երկու անգամ մամուլի ասուլիս էր հրավիրում: Նա նաև առաջին նախագահն էր, ում տարեկան ավանդական ելույթը Կոնգրեսում ուղիղ հեռարձակվել է ռադիոյով: Ռադիոյի մասին առաջին օրենքի նախաձեռնողը նույնպես Քելվին Քուլիջն էր:


1925 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկված որբ աղջիկները ի նշան երախտագիտության Քելվին Քուլիջին են նվիրել իրենց պատրաստած գորգը: Այն պահվել է Սպիտակ տանը և առաջին անգամ ցուցադրվել միայն 2014 թվականին: