Թուրքիայի ժխտումը քաղաքական հաշվարկ է. Թաներ Աքչամ

June 10, 2019

Ցեղասպանագիտական ամենահեղինակավոր միջազգային կենտրոններում  «Սպանության հրամաններ. Թալեաթի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը ներկայացնելով Աքչամը նախ ընդգծում է` թուրքական ժխտողականությունը սկսվել է Ցեղասպանության հետ միաժամանակ: Օսմանյան կայսրությունում ստեղծել են իրենց ճշմարտությունը` այլ ապացույցներով ու փաստաթղթերով՝ ոչնչացնելով իրականները:



«Հուսով եմ, որ այս գրքով ջախջախում եմ թուրքական կառավարության ժխտողական հիմնական փաստարկներից մեկը» - ասում է Աքչամը:



Թուրքիան հիմա պնդում է, թե հայերի ներկայացրած ապացույց-փաստաթղթերը կեղծ են` կենտրոնական իշխանությունից հայերին սպանելու հրաման չի եղել: Թուրք պատմաբանի բացահայտածը փրկված ապացույցներ են` սպանելու հրամաններ եղել են Թալեաթի հեռագրերում:



«Ներկայացնում և ապացուցում եմ` կարևորագույն փաստաթղթերը, որ Թուրքիան կեղծիք է հայտարարում, իրականում օրիգինալներ են: և դա անում եմ օգտագործելով գաղտնագրված նամակների կոդավորման հենց օսմանյան համակարգը» - ասում է Աքչամը:





Կարդացեք նաև.





Թալեթի հեռագրերը հասել են նրան, որովետև դրանք հարբեցող և խաղամոլ մի թուրք պաշտոնյայի՝ Նայիմ բեյին կաշառելով ձեռք է բերել ցեղաասպանությունից փրկված Արամ Անտոնյանը: Հեռագրերի մի մասն Անտոնյանն ինքն է հրապարակել: Բայց նրա գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո Թուրքիայում հասկացան, թե որքան վտանգավոր կարող են լինել այս հեռագրերը: Գործի դրեցին դիվանագիտական ու գիտական բոլոր լծակները՝ դրանց իսկությունը կասկածի տակ առնելու համար և հաջողության հասան: Թալեաթի հեռագրերը հայտնվեցին գիտական դեբատների լուսանցքում:



«Այս գրքի կարևոր է, որովհետև սա ուղերձ է ակադեմիական շրջանակներին: Թալեաթ փաշայի հեռագրերը պետք է վերադառնան օրակարգ, քանի որ այս գրքով ես ապացուցում եմ՝ դրանք իրական են» - ասում է Աքչամը:



Սա գիրք է, որը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նոր փուլ է բացում՝ տասնյակ թուրք դիվանագետների և գիտնականների կեղծածար ջանքերը հավասարեցնելով զրոյի: Բայց թուրքիայի ժխտումը քաղաքական հաշվարկ է, որի փոփոխության հեռանկար, Աքչամն ասում է, առայժմ չկա.



«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չի փոխվի` քաղաքական պատճառներից բացի Թուրքիային վախեցնում է նյութական փոխհատուցման հարցը` հատկապես ծավալը»-ասում է Թաներ Աքչամը:



Օսմանյան արխիվների հասանելի փաստաթղթերում, Գերգերյանի արխիվի հեռագրերում բազմաթիվ չգտնված ապացույցներ կան, որոնք պետք է փնտրել: Դրանք, Թաներ Աքչամի խոսքով, չափազանց կարևոր լծակ են Թուրքիայի դեմ, թեև ավելի արժեքավոր կլինեին միջազգային քաղաքական պատշաճ ճնշման դեպքում:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում