Հայերի և թուրքերի մասին իրականությունը պատմող թուրք պատմաբանը. Թաներ Աքչամ

June 5, 2019

Թուրքիայի և հայերի միջև գիտական պատերազմների գեներալը: Հայոց ցեղասպանության Շեռլոք Հոլմսը: Թուրքիայի այլընտրանքային պատմության հիմնադիրը: Այն պատմաբանը, որը շեղվում է թուրքական պաշտոնական թեզերից և պատմում իրականությունը հայերի և թուրքերի մասին:




«Առանց ճշմարտության չի կարող լինել խաղաղություն և ես այստեղ եմ խոստանալու, որ չեմ դադարեցնելու պայքարը, քանի դեռ Թուրքիան չի ընդունել ճշմարտությունը», - ասում է Աքչամը:



Թաներ Աքչամը ծնվել է 1953-ին, Արդահանում: Թուրքիայում պերսոնա նոն գրատա է արդեն 4 տասնամյակ: Ամեն ինչ սկսվել է դեռ 1976-ին, երբ ձերբակալվեց քրդական շարժմանն աջակցող ուսանողական պարբերական ստեղծելու մեղադրանքով: Բանտարկվեց 10 տարով, բայց մեկ տարի անց փախավ բանտից, քաղաքական ապաստան ստացավ Գերմանիայում: Հիմա Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրող ամենահեղինակավոր պատմաբաններից է, տասը գրքի հեղինակ:


Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հերքումը նյարդերի պայքար է: Թուրքիան անթաքույց հուսով էր, որ 100 տարի անց հայերը կթուլացնեն թափը, ցեղասպանությունը կմղվի երկրորդ պլան: Հիմա այդ սպասելիքները տապալում է թուրք պատմաբանը, անձնական նախաձեռնությամբ և մանրակրկիտ հետևողականությամբ: Թաներ Աքչամն այն հետազոտողներից է, որոնք խնամքով աշխատում են արխիվներում: Փորձում է հասնել չտեսնված, չուսումնասիրված նյութերին: Փնտրում ու գտնում է ամենափոշոտ փաստաթղթերն ու դրվագները: Թուրք պատմաբանը Թուրքիայի հանցանքը փաստագրում է թուրքական ապացույցներով: Եվ այդպես  նաև «Սպանության հրամաններ. Թալեաթի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքում:



«Ներքին գործերի նախարարության արխիվում իրականում մեծ ծավալի տեղեկություն կա: Փաստաթղթեր, որոնք ոչ ոք չի ուսումնասիրել և որոնք սպասում են երիտասարդ հետազոտողներին».-ասում է Թաներ Աքչամը:





Կարդացեք նաև.





Այս պատմաբանի բանաձևը հստակ է՝ Թուրքիան պարտավոր է առերեսվել իրական պատմությանը: Առանց դրա խաղաղություն չի ունենա: Աքչամը հարվածում է թուրքիայի հիվանդագին վախերին: Հայերը դավաճանել են, հույներն արժանի էին, քրդերն իմպերիալիստների խաղն են խաղում: Աքչամն ասում է՝ այսպես շարունակելն է իսկական դավաճանությունը: Սա է մասնատում Թուրքիան և թուրքերին:



«էրդողանի գլխավոր սխալը հարևան հայերին և քրդերին, թուրք ինտելեկտուալներին թշնամի դիտարկելն է: Թուրքիայից հեռացել է ինտելեգենցիան և հայտնի չէ՝ երբ կվերադառնա», - ասում է Աքչամը:



Թուրք մտավորականը զգուշացնում է՝ կատարվածը հերքելու մոլուցքը վտանգավոր է, քանի որ դա նույն հանցանքը նորից գործելու ճանապարհն է.



«Հանցագործության ճանաչումն անհրաժեշտություն է: առանց այդ ճանաչման ապագա սերունդները ևս չեն կարող առաջ շարժվել»:



100 տարի առաջ սոցիալական արդարություն պահանջող հայերին օսմանյան կառավարությունը դիտարկեց որպես վտանգավոր տարր և գործեց դարի ոճիրը: Հիմա Թուրքիայում թուրք աշակերտներին դասագրքերով նորից սովորեցնում են, թե հայերը դավաճան են և վտանգավոր են: Աքչամը գրում է գրքեր, որոնք հակակշռելու են այս դասագրքերին, որոնք թշնամի են դարձնում իրեն, բայց որոնք, հուսով է, կհաշտեցնեն սերունդներին:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում