«Բարի լույս» ծրագրում Newmag-ը ներկայացրեց միանգամից 2 նոր գիրք (տեսանյութ)
07/17/2025
Newmag հրատարակչությունը ներկայացրեց համաշխարհային երկու բեսթսելլեր՝ Ֆրեդրիկ Բաքմանի «Բրիտ Մարին գալիս է քաղաք» և Քարեն Մակմանուսի հայտնի դետեկտիվ եռագրության վերջին, եզրափակիչ հատորը՝ «Մեզնից մեկը վերադարձել է»։
«Բրիտ Մարին գալիս է քաղաք» գրքի թարգմանիչ Աշխեն Բախչինյանի խոսքով՝ Բաքմանի հաջողության գրավականը մարդկային կյանքը ներկայացնելն է.
«Հատկապես հիմա, երբ հնի ու նորի սահմանագծին ենք, հին մարդու համար շատ դժվար է համակերպվել նորի հետ, իսկ նորի համար զարմանալի է, թե ինչպես էր այն ժամանակ, և «հին» մարդը պետք է փորձի նորովի ընկալել, յուրացնել կամ մերժել, ինչպես անում են նրա հերոսները՝ դժվարությամբ մերժելով, բայց ի վերջո գալիս են հաշտության»:
Ըստ Աշխեն Բախչինյանի, Բաքմանի գրքերում մեծերի ու փոքրերի, տարբեր ազգությունների, հարաբերություններն են, նրանք պետք է ավելի մոտենան, մերձենան ու հաշտվեն իրար հետ.
«Բաքմանը շվեդ է, ապրում է Շվեդիայում։ Զարգացած հասարակություններում աստիճանաբար մարդու միայնությունն ավելի ակնառու է դառնում, մարդիկ հեռանում են իրարից, որովհետև շփման կարիք չունեն, նոր տեխնոլոգիաների շնորհիվ ոչ մեկից այլևս կախում չունեն, ու շփումը պակասում է։ Բաքմանն այս գրքերով փորձում է մարդկանց ծանոթացնել ու մերձեցնել իրար հետ»։
«Բրիտ Մարին գալիս է քաղաք» գիրքը Newmag-ի և «Բուկինիստի» երրոդ համատեղ գիրքն է։ Վեպի գլխավոր գործընկեր, Բուկինիստ ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը կարծում է, որ Բաքմանի ստեղծագործությունները շատ մարդկային են, ջերմ.
«Հողագնդի վրա ապրող տարբեր ազգությունների ու ռասաների մարդկանց մեծամասնությունը դավանում է որոշակի արժեքների: Բաքմանի այս գիրքը հենց դրա մասին է, որ պետք է դավանել ճիշտ արժեքների։ Ես ամբողջովին արդարացնում եմ հերոսուհուն՝ Բրիտ Մարիին, նա 40 տարի հավատարմորեն ծառայել է ամուսնուն, «զոհել է» կյանքը, բայց արժանացել է ամուսնու դավաճանությանը, բայց հետո ինքն իրեն գտնում է նորովի»։
Համաշխարհային մյուս բեսթսելլերի՝ Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը վերադարձել է» եռագրության վերջին գրքի գլխավոր գործընկերը «Ոսկան Երևանցի» տպագրատուն-հրատարակչությունն է։
Գրքի խմբագիր Մարգարիտ Սարգսյանը, որը նաև մանկավարժ է, համարում է, որ գրքի և' հերոսներն են հետաքրքիր, և' թեման. դեռահասների հարաբերություններ, սպանություն ու դրա շուրջ ծավալվող գործողություններ.
«Թեման հետաքրքիր է, գրավիչ է, անընդհատ ուզում ես կարդալ, որ տեսնես՝ վերջում ինչ եղավ: Թվում է՝ հասար վերջին, ու պետք է ավարտվի, բայց նորից պատմությունը շարունակվում է»:
Նրա համոզմամբ, գիրքը գրված է թեթև լեզվով, ինչն ընթերցանությունը դարձնում է հետաքրքիր:
Թարգմանիչ Աստղիկ Աթաբեկյանի hամոզմամբ, գիրքը ստիպում է մտածել, թե որքանով է հասարակությունն ուշադիր իր շրջապատի դեռահասների նատմամբ, որքանով է նրանց լսում ու հասկանում.
«Գիրքը դեռահասների ու ծնողների համար է, բազմաշերտ է, համապատասխանում է դետեկտիվ ժանրի բոլոր կանոններին, բայց նաև մտածելու տեղիք է տալիս: Մի միտք կա չէ՞, որ բոլորս գալիս ենք մեր մանկությունից, բոլոր բարդույթները, խնդիրները»։
Ըստ Աստղիկ Աթաբեկյանի՝ շատ հանգիստ կարելի է հասկանալ պատանեկան մաքսիմալիզմը, և ընդունելու ամենահեշտ ճանապարհը, սեփական մանկությունը, պատանելությունը հիշելն է։ Գրքի ուղերձներից մեկն այն է, որ համացանցը, զրուցարանները՝ չաթերը, պետք է այնպես վերահսկել, որ լինի ի օգուտ երեխայի։
Ֆրեդրիկ Բաքման
6800 ֏
Նկարագրություն
Բրիտ-Մարին նյարդայնանում է խառնաշփոթից։ Եթե տեսնի՝ դանակ-պատառաքաղները խառնիխուռն լցված են դարակում, հաստատ սրտի կաթված կստանա, բայց չի դատապարտում մարդկանց անկիրթ, անփույթ կամ կասկածելի վարքը։ Նրա «օգնող» խորհուրդները մարդիկ ընկալում են որպես սուր քննադատություն, մինչդեռ չափից ավելի բծախնդիր այս կնոջ ներսում թաքնված է մեկ այլ Բրիտ-Մարի, որն ունի վառ երևակայություն, մեծ երազանքներ ու ջերմ սիրտ։ Ամուսնու հետ 40 տարի ապրելուց հետո Բրիտ-Մարին բացահայտում է նրա անհավատարմությունը, հավաքում է ճամպրուկներն ու նոր կյանք սկսում փոքրիկ քաղաքում։ Բորգում աշխատանքի է անցնում երիտասարդական կենտրոնում, որը փակվելու վտանգի տակ է։ Բրիտ-Մարին հայտնվում է քաղաքի տարօրինակ բնակիչների՝ անհավանական խառնամբոխի ներսում։ Նրան շրջապատում են կլասիկ հարբեցողներ, տոհմիկ անբաններ և ինքնուս խաբեբաներ։ Եվ ո՜վ զարմանք․ նա ստանձնում է անտաղանդ երեխաների ֆուտբոլային թիմը հաղթանակի տանելու բարդ գործը։
Ցավալի ու զվարճալի, քնքուշ ու ոգեշնչող վեպը համայնքային կապերի, մարդկային հարաբերությունների ուժի մասին է։ Եվ այս ամենը կատարվում է մի աշխարհում, որը հաճախ կարող է մենության դրդել անպատրաստ մարդուն։
Քարեն Մակմանուս
7800 ֏
Նկարագրություն
Երրորդ խաղը ճակատագրական է։ Սայմոնի մահից երկու տարի անց Բեյվյուի ընկերախումբը փորձում է հաղթահարել իրադարձությունների հետևանքները: Սկզբում նրանք ստիպված էին ապացուցել, որ մարդասպան չեն։ Հետո նոր սերունդը պայքարեց վրեժխնդիր եղող կրկնօրինակի դեմ ու հաղթեց։ Այժմ Բեյվյուի քառյակը վերադարձել է տուն՝ ամառային հանգստի համար։ Բայց Բեյվյուում կյանքը երբեք հանդարտ չի լինում։ «Նոր խաղի ժամանակն է, Բեյվյո՛ւ» գրությամբ գովազդային վահանակը սկզբում չար կատակ թվաց: Բայց թիմի անդամի անհետացումից հետո ակնհայտ էր, որ խաղն իրական է՝ առանց խաղավարի ու նույնիսկ կանոնների: Սարսափ խաղը կարող է մահով ավարտվել: Չէ՞ որ Սայմոնը ճիշտ էր. գաղտնիքները մի օր անպայման բացահայտվում են, Բեյվյուն էլ թաքցնելու շատ բան ունի։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)