Ուժերի ճգնաժա՞մ, թե՞ վերելք. ինչպես 40 տարեկանում սկսել նոր կյանք

April 15, 2017

40 -ը սովորաբար բարդ ու ճգնաժամային տարիք է համարվում: Թվում է՝ նշելով այդ տխուր տարեդարձը, երիտասարդ աղջկանից կամ տղայից վայրկենապես կվերածվեք կնոջ կամ տղամարդու, և առջևում միայն  ծերությունն է, հեռանկարների բացակայությունը և  վերահաս թոշակը:Մի քանի դար առաջ այս տարիքն իսկապես շատ մեծ էին համարում: Բավական է հիշել 16-ամյա Պուշկինի գրառումներից մեկը. «30 տարեկան մի ծերունի մտավ սենյակ» (որն, ի դեպ, եղել է պատմաբան Նիկոլայ Կարամզինը):
Բայց այսօր ո՞վ իրենց 50-ամյակը տոնող  Բրեդ Փիթին և Ջոննի Դեպին ծերունի կանվանի, իսկ 41 ամյա Անջելինա Ջոլիին՝ պառավ: Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է ճշգրտումներ  արել  տարիքային դասակարգման մեջ: Այսօր 18-44 տարեկանները երիտասարդ են համարվում, իսկ միջին տարիքը 45-59-նն է: Սա նշանակում է, որ 40-ը նոր կյանք սկսելու, հավակնոտ ծրագրեր իրականացնելու, աշխատանքը և կյանքի ստանդարտ սխեմաները փոխելու հրաշալի տարիք է, միայն ցանկություն է պետք:

ԶԳԱՑԵ՛Ք ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Նրանք, ում 40-նն արդեն լրացել է, մի քանի առավելություններ ունեն: Կրթված են, ունեն մասնագիտություն,  երբեմն մի քանիսը, բավականին փորձ ու շատ կապեր: Նրանք գիտեն, թե ինչ են ուզում և պատկերացնում են, թե հաջողության հասնելու համար ինչ է հարկավոր: Նրանք չեն էլ ակնկալում, որ երկնքից կարող է մանանա թափվել, չնայած չեն էլ բացառում, հնարավոր է դա էլ լինի, չէ՞ որ կյանքում ամեն ինչ պատահում է:
Նրանք ունեն ժամանակի ընթացքում փորձված ընկերներ, հարազատ և սիրելի մարդիկ: Նրանց երեխաներն արդեն մեծացել են, սովորում են դպրոցում կամ ԲՈՒՀ-ում: Նրանց հետ շփումը  հրաշալի հնարավորություն է հասկանալու, թե ինչպես են ապրում երկու տարբեր սերունդներ, և այդտեղից եզրահանգումներ անել:  
Իհարկե, շատ բան կախված է նրանից, թե  ինչ պաշարով ու տրամադրվածությամբ է մարդը գնում ընդառաջ այդ ամենին: Պատահում է նաև, որ մարդը տասնյակ տարիներ գրասենյակում օգնական կամ մենեջեր է աշխատել:  

ՀԻՇԵ՛Ք, ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ՝ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ


40 տարեկանի հետ կապված ամենատարածված թեզը հետևյալն է. «Չափազանց ուշ է՝ որևէ բան փոխելու համար, աշխատանքի չեն ընդունի, անձնական կյանքում ոչինչ չի ստացվի, նոր տեխնոլոգիաներից գլուխ չեմ հանի, կոլեկտիվի հետ չեմ մերվի»: Բայց այդպե՞ս է արդյոք իրականում:

Վերլուծելով ավելի քան 25 հազար մարդու գործունեությունը, ես բացահայտեցի,  որ հազվադեպ է մարդը  հաջողությունների հասել մինչև  40 տարեկանը: Հաջողության հասած մարդիկ  հաճախ 50-ին մոտ են:


Նապոլեոն Հիլ, ամերիկացի գրող



ԱՅՍ ԲԱՌԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԻՆԱԿՆԵՐ


Հենց 40 տարեկանում է  ամերիկացի Հենրի Ֆորդը  հիմնադրել  հայտնի Ford Motor ընկերությունը, որը մինչև հիմա հաջողությամբ գործում է: Իր հեղափոխական մեքենան նա  ստեղծել է 45 տարեկանում:
Ամերիկացի ինժեներ, ինտեգրալային սխեմայի  գյուտարարներից մեկը՝   Ռոբերտ Նոյսը ընկերոջ հետ 41 տարեկանում է  հիմնել   Intel ընկերությունը:
Հարլոնդ Դեյվիդ Սանդերսը, որը հայտնի էր որպես գնդապետ Սանդերս, համարվում էր անհաջողակ: Նրա բոլոր գործարքները  ձախողվում էին:   40 տարեկանում նա հորինեց տապակած հավի մսի  գաղտնի բաղադրատոմսը, որը նրան ու Kentucky Fried Chicken, հայտնի KFC ռեստորանների ցանցին մեծ հաջողություն բերեց:
Wal-Mart Stores հայտնի խանութների ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնն իր «կայսրության առաջին քարը» դրել է 44 տարեկանում: Երբ նա արդեն 67 տարեկան էր, Forbes ամսագիրը համարեց  նրան Ամերիկայի ամենահարուստ մարդը:
McDonald-ի հիմնադիր Ռեյ Կրոկը մինչև 52 տարեկանը թղթե բաժակներ է վաճառել, նա տառապել է  շաքարային դիաբետով և արտրիտով, բայց  իր հուշերում գրել էր. «Ես հավատում եմ ապագային»:
Դերասան Սեմյուել Լ. Ջեքսոնը հայտնի է դարձել 43 տարեկանում՝  «Արևադարձային տենդը» ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ նա, ի դեպ, գլխավոր դերում չէր:
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի  սուպերկրքոտ Սամանտայի դերակատար Քիմ Կեթրոլը 15 տարեկանից զբաղվել է դերասանի վարպետությամբ,  բայց ճանաչվել 41 տարեկանում:
«Լեոն» ֆիլմի ամենահմայիչ մարդասպան Ժան Ռենոն հայտնի դարձավ 46 տարեկանում, երբ Լյուկ Բեսոնը նրան առաջարկեց ֆիլմի գլխավոր դերը:
Բրազիլացի գրող, «Ալքիմիկոսի» հեղինակ Պաուլո Կոելոն  հայտնի դարձավ 40 տարեկանում, երբ նրա գրքերը սկսեցին արտադրել միլիոնավոր տպաքանակով:
Ջուլիա Չայլդի գրած առաջին խոհանոցային գիրքը հայտնի դարձավ, երբ հեղինակն արդեն 50 տարեկան էր, դրանից հետո Ջուլիան դարձավ շեֆ խոհարար:
Քրիստիան Դիորը երկար տարիներ է աշխատել՝ հաջողության հասնելու համար: Իր սեփական նորաձևության տունը նա բացել է 42 տարեկանում:
Ամերիկուհի Քերոլ Գարդները 52 տարեկանում բաժանվեց ամուսնուց և մնաց առանց ֆինանսական աջակցության: Նա հիմնեց  Zelda Wisdom շնորհավորական բացիկներ արտադրող ընկերությունը, որն այսօր 50 մլն դոլար է գանահատվում:
Ավստրիացի ձեռներեց Դիտրիխ Մատեշիցը Red Bull ընկերությունը հիմնել է 40 տարեկանում: Այժմ՝  30 տարի անց,  նրա կարողությունը 15 մլրդ դոլալ է գնահատվում:
Վերա Վոնգը մինչև 40 տարեկանը գեղասահորդ ու լրագրող էր, հետո որոշեց կտրուկ փոխել կյանքն ու դառնալ հայտնի մոդելավորող: Այսօր նա ֆեշն ինդուստրիայի հայտնի մոդելավորողներից է:
Ամերիկացի ակադեմիկոս, մաթեմատիկոս Ջեյսմ Հարրիս Սայմոնսը 44 տարեկանում, հեռանալով համալսարաններից, որտեղ դասավանդում էր, հիմնադրեց իր հայտնի՝ Renaissance Technologies Corporation ներդրումային ընկերությունը: Այն մինչև այսօր ամենահաջողված ֆոնդերից մեկն է համարվում:
Բոլոր այս մարդկանց միավորում են ոչ թե կուտակած միլիոններն, այլ սեփական ուժերի նկատմամբ հավատը, համառությունն ու հավակնոտությունը:

ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ ՆՈՐ ԿՅԱՆՔ


-Առաջին հերթին բացահայտեք ձեր ուժեղ և թույլ կողմերը, պարզեք, թե ի՞նչ կարող եք անել և ի՞նչ դեռ պետք է սովորեք: Ցանցերում այսօր բազմաթիվ վճարովի և անվճար գրքեր ու ուսումնական ձեռնարկներ կան, որոնք կօգնեն նոր ուղղություններ գտնել և  ինքնակատարելագործվել:
-Պարզեք,  թե իրականում ինչ եք ուզում: Մի՛ բացառեք տարբերակները, թույլ  տվեք ձեզ փորձել արգելված պտուղը: Նայեք վերևում բերված օրինակներին, եթե ցանկություն կա, ինչի ասես կարելի է հասնել: Թող Ձեր կյանքի կարգախոսը դառնա հետևյալ  արտահայտությունը. «Ես կարող եմ դա թույլ տալ ինձ»:
-Մի մտացեք, թե ի՞նչ կասեն ձեզ շրջապատողները, դա ձեր կյանքն է:
-Մոռացեք «վերջին հնարավորություն» արտահայտությունը:  Այն կարող է ձեզ մոտ ցանկություն առաջացնել ՝ արագ փոխելու ձեր կյանքը: 40-ը  հրաշալի տարիք է՝ ցանկացած սկզբի համար, լինի բիզնես թե յոգայի պարապմունք:
-Օգտագործեք  սեփական փորձը: Ամենայն հավանականությամբ դուք  արդեն օժտված եք   արժեքավոր հմտություններով՝ սովորել եք նախ  մտածել, ապա՝ գործել: