Ապագայի մարտաշուն. Ռազմադաշտի օգնական ռոբոտ-շունը

September 18, 2015

Չի հաչում և չի կծում. առաջին հայացքից անվնաս ռոբոտ-շունն անփոխարինելի օգնական է մարտական գործողություններում։ Spot անունով չորքոտանին կարող է տեղ հասցնել զինվորների համար նախատեսված ծանր բեռը՝ ճարպկորեն անցնելով վտանգավոր տարածքներով:
«Google»-ի և «Boston Dynamics»-ի ներկայացրած ռոբոտ-շունը քայլում է, վազում, ցատկոտում և բարձրանում տարբեր թեքություններով: Երբ մարդը ոտքով հարվածում է նրան, արագաշարժ շունը չի ընկնում. կատարում է բարդ և արագ շարժումներ՝ հավասարակշռությունը պահպանելու համար։
Spot-ի հնարավորությունները մեծ են. բարձրանում է աստիճաններով, արագ տեղաշարժվում ոչ հարթ ճանապարհներով։ «Google»-ն անցած տարի էր գնել Պենտագոնի ամենամեծ մատակարար կառույցը՝ «Boston Dynamics»-ը: Ընկերութունը զբաղվում է ռոբոտաշինական նախագծերով:
Ենթադրվում է, որ մետաղե հսկան կարող է որոշակի աշխատանքների համար օգտագործվել մարդու համար վտանգավոր վայրերում: Շան պտտվող սենսորային գլուխն օգնում է կողմնորոշվել տարածքում: Հեղինակները խոստովանում են՝ այն ամենաճարպիկն է իր բոլոր կրտսեր եղբայրներից: