Newmag-ը հրատարակել է Հարութ Կբեյանի «Լոտո» վեպը

February 28, 2020

Պսևդոքաղաքական անտիուտոպիա ժանրի այս վեպը հեղինակը  գրել է 10 տարում։

Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և  Նաիրյան երկրի նախագահը։ «Լոտո» վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական» լոտոյի տոմսակ է գնում։ Այս գիրքը Հարութ Կբեյանի առաջին վեպն է: Այն սկսել է գրել  2010 թվականից:

«Եկավ մի ժամանակ, երբ կիսատ թողեցի գիրքը: Մեր կյանքում ինչ-որ շրջափուլ չէր փակվել, և գրքի վերաբերյալ իմ գաղափարն ամբողջանալու կարիք ուներ: Տարիների ընթացքում կարողացա ավարտին հասցնել այն», – ասում է Հարութ Կբեյանը:

Հեղինակի խոսքով, այս պատմությունը զարգացել ու անընդհատ հղկվել, վերափոխվել է՝ անցնելով կյանքի շրջափուլերի միջով: Ստեղծագործելիս երբեմն թվացել է, թե գիրքը մոտ է ավարտին, սակայն հեղինակն ամբողջությամբ վերանայել է շարադրանքը: Հարութ Կբեյանի գնահատմամբ, վեպը մեր կյանքի փոփոխությունների ուղիղ անդրադարձն է:

«Պսևդոքաղաքական անտիուտպոիա է: Երբ կարդաք, առաջին հայացքից կթվա, թե քաղաքական է, իրադարձությունները Հայաստանում են տեղի ունենում, բայց իրականում այդպես չէ», – ասում է Հարութ Կբեյանը։

Գրքի խմբագիր Վահան Իշխանյանի խոսքով, գեղարվեստական ոճի ստեղծագործությունները խմբագրելիս կարևոր է հեղինակի և խմբագրի գործակցությունը։ Տեքստին խմբագրի միջամտությունը պետք է լինի այնքան, որ այն կատարյալ լինի և՛ խմբագրի, և՛ հեղինակի, և՛ ընթերցողի համար։

«Որքան անհրաժեշտ է, այնքան էլ կարելի է միջամտել։ Նախ՝ տեքստը կամ գիրքը ընթերցելուց հետո անհրաժեշտ է պատկերացնել, թե ինչպիսին այն կատարյալ կլիներ: Հետո խմբագրելիս  փոփոխություններն էլ, եթե անհրաժեշտ է, կարող են լինել», – ասում է Վահան Իշխանյանը։

«Լոտո» վեպի վերիֆիկանտը լրագրող Մանու Իրիցյանն է։ Նրա խոսքով, սա հումորով գրված հետաքրքիր գործ է։ Վեպը անսովոր կերպով ներկայացնում է սովորական մարդու կերպարը։  Ընթերցողները մի քանի հարցերի պատասխաններ են ստանում. ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ նվեր է անելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։

«Թվում է, թե տեսնելու ես կոնկրետ մարդկանց պատմություններ, դեպքեր, բայց սա ընդհանուր քաղաքական վիճակն է ցույց տալիս՝ նույն մարդիկ, նույն լոզունգներն ու նույն առաջարկները։ Գիրքը ցույց է տալիս, թե ժավել ծախողը որքան հեշտ է համաձայնում նախագահի առաջարկին և կարծում է, թե այդպես էլ պետք է լիներ», – ասում է Մանու Իրիցյանը։

«Լոտո» վեպը պատկերում է քաղաքական գործիչ դառնալու ճանապարհները, PR ընկերությունների աշխատանքը, ցույց է տալիս, թե ինչպես կարելի է առանց քաղաքական փորձի դառնալ քաղաքական գործիչ։

«Ամեն կերպարի մեջ տեսնում ես ծանոթ ինչ-որ մեկին: Հերոսների երկխոսությունները դիպուկ են», – ասում է Մանու Իրիցյանը։

Պսևդոքաղաքական անտիուտոպիային պետք էր համարժեք դիզայն և շապիկ։ Գրքի դիզայնի համար newmag-ի խմբագրակազմը բազմաթիվ տարբերակներ է փորձել ու վերջում կանգ է առել կախիչի ու փողկապի վրա։ Գրքի դիզայնի հեղինակը newmag-ի գլխավոր դիզայներ Էդիկ Պողոսյանն է։

«Ռետրոյի ու ժամանակակցի միաձուլումն է։ Պատմությունը պրոյեկտել ենք ու ստացել հրթիռով փողկապն ու կախիչը։ Գրքում էլ նման մի տեսարան կա», – ասում է Էդիկ Պողոսյանը։

Գլխավոր հերոսը նախագահի պալատում հայտնվելուց հետո բախվում է իշխանավորների կենսափիլիսոփայությանը.

«Բոլոր խոսակցությունները, թե կյանքը շախմատ է, չափազանցված են։ Իրականում կյանքն ավելի շատ նման է շաշկիի։ Բոլորը ձգտում են հասնել ինչ-որ բանի։ Ամենահեշտը ճանապարհին ինչ-որ մեկի կամ մի քանիսի վրայով անցնելն է։ Պետք է զգույշ լինես, որ հանկարծ քեզ ֆուկ չանեն։ Չես անցնում դու՝ անցնում են քո վրայով: Կամ հանում են խաղից….»

Ո՞վ է գրքի հեղինակը

Հարութ Կբեյանը Կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի ծառայության ղեկավարն է։ Մինչև այդ 3 տարի աշխատել է ՀՀ կառավարությունում: Եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման մեդիա պատասխանատուն։

Դոկումենտալ և խաղարկային ֆիլմերի, հեռուստասերիալների, հեռուստահաղորդումների սցենարիստ-հեղինակ է: Գրել է  «Մայրամուտի գերիները» գիրքը: Նրա «Զևսը» պատմվածքը հրապարակվել է համացանցում, մեծ աղմուկ է հանել ու շատ քննարկվել: